ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Մանուէլ Գրիգորեան
Ֆիզիկական օրէնքները չէզոք են բոլոր տեսակի բարոյական, քաղաքական, «տղայական» եւ կենցաղային գնահատականների հանդէպ: Ձգողականութեան ուժը նոյն ձեւով գործում է Երեւանում եւ Գլենդելում, ազդում է լաւ եւ վատ մարդկանց, հարուստների եւ աղքատների, չարագործների եւ բարեգործների վրայ: Մօտաւորապէս նոյն ձեւով ես պատկերացնում եմ պետութեան օրէնքները: Եթէ, օրինակ, ապօրինի զէնք պահելը դատապարտելի է գեներալ Մանուէլի դէպքում, ապա դա նոյնքան դատապարտելի է ՊՊԾ գնդի վրայ յարձակուողների, ինչպէս նաեւ Դօն Պիպոյի, Ծառուկեանի, Ալեքսանեանի, Ռուբէն Հայրապետեանի թիկնապահների ու ցանկացած այլ քաղաքացու պարագայում: Լաւ մարդ-վատ մարդ, ազգի նուիրեալ-ազգի տականք, մարդակեր-մարդասէր, ապստամբ-ոչ ապստամբ, «ինչ անըմ ենք, ազգի հմար ենք անըմ» տիպի արտայայտութիւններն ու դատողութիւնները թէեւ կարող են հետաքրքրական թուալ, բայց չեն կարող ազդել օրէնքի կիրառման վրայ: Եթէ լինի այդ գիտակցութիւնը, ապա մենք իսկապէս կ՛ապրենք «նոր Հայաստանում»: Եթէ լինեն ինչ-ինչ պատճառներով պայմանաւորուած «բացառութիւններ», ապա մենք կը շարունակենք ապրել «հին Հայաստանում», որտեղ կը լինի անպատժելիների «կաստա», որի ամենավառ ներկայացուցիչն է Մանուէլ Գրիգորեանը: Կադրերը եւ տեղեկութիւնները, որոնք տարածել է ԱԱԾն, շոկային են, բայց մի կողմ դնելով արդարացի ցասումը՝ պէտք է հասկանալ, թէ ինչպէս է այդ անձը հասել նման պաթոլոգիկ վիճակի, որովհետեւ այդ տեսակի ագահութիւնը, սրբութիւններ ու բարոյական արգելքներ չունենալը չի կարող լինել «ի ծնէ», դա տասնամեակների ընթացքում «ազգի հմար» ինչ-որ բաներ անողների համար «բացառութիւններ» անելու հետեւանք է: Ինչպէ՞ս եղաւ, որ դեռեւս պատերազմի ժամանակ ՀՀՇն յայտարարեց, որ ունի ռազմականացուած թեւ, կարո՞ղ է արդեօք կուսակցութիւնը ռազմականացուած թեւ ունենալ: Ինչպէ՞ս եղաւ, որ 1994 թուականից սկսած երկրապահներին թոյլատրուեց ամէն ինչ, այդ թւում՝ մարդկանց ծեծել ու ստորացնել, տրուեցին «բիզնեսներ», որոնք նրանք վարում էին ամենեւին ոչ բիզնես-օրէնքներով: Ինչպէ՞ս եղաւ, որ երկրապահները ակտիւ մասնակցութիւն ունեցան 1996 թուականի ընտրութիւնների ընթացքում եւ դրանից յետոյ տեղի ունեցած բռնութիւններին: Ինչպէ՞ս եղաւ, որ Հոկտեմբերի 27ից յետոյ բոլորը սպասում էին ընդդէմ Քոչարեանի երկրապահների յայտարարութեանը, իսկ այնուհետեւ Մանուէլ Գրիգորեանը դարձաւ պաշտպանութեան փոխնախարար: Ինչպէ՞ս պատահեց, որ 2008 թուականին ընդդիմադիր զանգուածը «Ման-վել, Ման-վել» էր վանկարկում՝ յոյս ունենալով, որ ամենազօր գեներալը կ՛անցնի ընդդիմութեան կողմը: Վերջապէս, ինչպէ՞ս պատահեց, որ Էջմիածնում համընդհանուր ատելութեան արժանացած մարդը դարձել է Ազգային ժողովի պատգամաւոր: Այդ աստիճանի անպատժելի կրիմինալը հէնց այնպէս չի ծնւում: