«Հայաստանի Նոր Վարչապետի… Յայտարարութիւններն Արդիական Են Դարձնում Եռակողմ Բանակցային Ձեւաչափի Վերականգնման Անհրաժեշտութիւնը»
Ստորեւ կը ներկայացնենք «Նիուզ»ի հարցազրոյցը Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի հետ.
«ՆԻՈՒԶ».- Պաշտօնական Երեւանը յայտարարում է բանակցային սեղանին Արցախի վերադարձի անհրաժեշտութեան մասին: Որքանո՞վ է դա հնարաւոր: Ներկայացրէք, խնդրեմ, այս հարցի շուրջ Արցախի դիրքորոշումը:
ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆ.- Բանակցային գործընթացին Արցախի՝ որպէս լիիրաւ կողմ վերադարձի անհրաժեշտութեան մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի դիրքորոշումը լիովին համընկնում է Արցախի իշխանութիւնների մօտեցումների հետ: Բանակցային լիարժէք եռակողմ ձեւաչափի վերականգնման անհրաժեշտութեան մասին բազմիցս նշուել է Արցախի նախագահ Բակոյ Սահակեանի եւ այլ պաշտօնատար անձանց կողմից՝ ինչպէս հրապարակային յայտարարութիւններում, այնպէս էլ վերջին երկու տասնամեակների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցութիւնների ժամանակ: Հայաստանի նախկին իշխանութիւնները նոյնպէս բարձրացրել է այս հարցը: Եռակողմ ձեւաչափով բանակցութիւնների վերականգնման հնարաւորութեան մասին խօսել են նաեւ միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Մի քանի տարի առաջ որպէս անկախ փորձագէտ՝ մամուլին տրուած հարցազրոյցում իմ կողմից ՀՀ եւ Արցախի իշխանութիւններին առաջարկ էր արուել յստակ կերպով բաշխել երկու հայկական պետութիւնների դերերն ու պարտականութիւններն Ադրբեջանի հետ հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացում: Արդիւնքում, Հայաստանի Հանրապետութիւնը կարող էր հրաժարուել Ադրբեջանի եւ միջնորդների հետ քննարկել կարգաւորման այն առանցքային հարցերը, որոնք, ըստ պայմանաւորուածութեան, կը վերապահուէին Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների բացառիկ իրաւասութեանը: Այդ պարագայում միջնորդներին եւ երրորդ կողմին այլ տարբերակ չէր մնայ, քան բանակցային սեղանի շուրջ հրաւիրել Արցախի պաշտօնական պատուիրակութեանը:
Հայաստանի նոր վարչապետի՝ Ադրբեջանի ղեկավարութեան հետ բացառապէս Հայաստանի Հանրապետութեան անունից բանակցելու պատրաստակամութեան մասին Ստեփանակերտում եւ Հայաստանի Ազգային ժողովում արուած յայտարարութիւներն արդիական են դարձնում լիարժէք եռակողմ բանակցային ձեւաչափի վերականգնման մեխանիզմ (մեքենակառոյց-Խմբ.) փնտռելու անհրաժեշտութիւնը:
«ՆԻՈՒԶ».- Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը հակադրւում լիարժէք բանակցային ձեւաչափի վերականգմանը, եւ ի՞նչ է տալու Արցախի մասնակցութիւնը բանակցութիւններին:
ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆ.- 1992թ. ամրանից Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (ԼՂՀ) խորհրդարանական պատուիրակութիւնը մասնակցել է ԵԱՀԽ Մինսկի Կոնֆերանսի (խորհուրդի-Խմբ.) նախագահութեան հովանու ներքոյ ընթացող բանակցութիւններին: 1993թ. Սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ղեկավարութիւնը ԵԱՀԽ ՄԽ երկրների կողմից ճանաչուել է որպէս հակամարտութեան հիմնական կողմերից մէկը: Յետագայում, ԵԱՀԽ-ԵԱՀԿ, ՄԱԿի եւ ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլէայի (ժողովի-Խմբ.) շրջանակներում ընդունուել են տարբեր փաստաթղթեր, որոնք վկայում են Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտութեան կողմ լինելու մասին: Մասնաւորապէս, 1995թ. Մարտին ԵԱՀԿ գործող նախագահն իր Պրահայի եզրակացութեան մէջ հաստատել է. «ԵԱՀԿ կողմից նախկինում ընդունուած որոշումները՝ կողմերի կարգավիճակի վերաբերեալ, այսինքն, ամբողջ բանակցային գործընթացում, ներառեալ՝ Մինսկի կոնֆերանսում, հակամարտութեան մէջ երկու ներգրաւուած մասնակից-պետութիւնների, ինչպէս նաեւ հակամարտութեան երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցութեան մասին»: Հարկ է նշել, որ մինչեւ 1994թ. Դեկտեմբերը Մինսկի գործընթացին զուգահեռ եռակողմ բանակցութիւններ են անցկացուել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան եւ պաշտպանութեան նախարարութեան միջնորդութեամբ: Եռակողմ բանակցութիւններից բացի 1993թ. տեղի է ունեցել Արցախի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ բանակցութիւնների մի ամբողջ շարք, ներառեալ՝ 1993թ. Սեպտեմբերին ամենաբարձր մակարդակով հանդիպումը Մոսկուայում: Որոշ բանակցութիւնների արդիւնքում Ստեփանակերտի եւ Բաքուի միջեւ ստորագրուել են փաստաթղթեր:
1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթից ու 1994թ. Մայիսի 12ի եռակողմ եւ անժամկէտ հրադադարի Համաձայնագրից բացի կարելի է բերել պաշտօնական Բաքուի եւ միջազգային հանրութեան կողմից ԼՂՀն որպէս հակամարտող կողմ ճանաչելու բազմաթիւ այլ օրինակներ: Ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակը լեգիտիմ (օրինական-Խմբ.) է եւ անվիճելի:
Մինչեւ 1997թ. Ապրիլ կայացած եռակողմ բանակցութիւնները դրսեւորուել են որպէս առաւել օպտիմալ ձեւաչափ՝ բանակցութիւններում կոնկրետ (յստակ-Խմբ.) արդիւնքների հասնելու համար: Կողմերից իւրաքանչիւրը բանակցել է իր իրաւասութեան տիրոյթում գտնուող հարցերի շուրջ եւ պատասխանատուութիւն ստանձնել դրանց իրագործման համար: Հէնց այդ ձեւաչափում են արձանագրուել առաւել շօշափելի արդիւնքներ՝ 1994թ. հրադադարի մասին Համաձայնագիրը, ինչպէս նաեւ 1995թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին պայմանաւորուածութիւնները:
Ստեղծուած իրավիճակից դուրս գալու եւ բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ ենք համարում վերադառնալ կարգաւորման եռակողմ ձեւաչափին, որն արդէն ապացուցել է իր արդիւնաւէտութիւնը: Այս մօտեցումը կարեւոր է նաեւ խաղաղութեան պայմանագրի իրականացման համար պատասխանատուութիւնը կիսելու տեսանկիւնից: Արցախի իշխանութիւնները պատրաստ են դէ իւրէ (իրաւապէս-Խմբ.) ստանձնել տարածաշրջանային կայունութեան պահպանման համար պատասխանատուութեան իրենց բաժինը:
Ադրբեջանի փաստացի հրաժարումը Արցախի պաշտօնական ներկայացուցիչների մասնակցութեամբ լիարժէք բանակցութիւններ անցկացնելուց նշանակում է, որ Ադրբեջանի իշխանութիւնները չունեն կամք՝ հակամարտութիւնը լուծել խաղաղ բանակցութիւնների միջոցով, եւ, որ այդ երկրին ձեռնտու է ստեղծուած ստատուս-քուոն (ներկայ իրավիճակը-Խմբ.), որը թոյլ է տալիս նրան ժամանակ շահել՝ ինքնիշխան Արցախի դէմ նոր ռազմական ագրեսիա (յարձակում-Խմբ.) պատրաստելու համար: Այդ մասին է վկայում նաեւ ադրբեջանական իշխանութիւնների դժկամութիւնը՝ գործնական քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի ընդլայնման եւ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննութեան մեխանիզմների ներդրման շուրջ Վիեննայում (Մայիսի 16, 2016թ.), Սանկտ-Պետերբուրգում (Յունիսի 20, 2016թ.), Ժնեւում (Հոկտեմբերի 16, 2017թ.) եւ Կրակովում (Յունուարի 18, 2018թ.) ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների իրականացման համար՝ ուղղուած կարգաւորման գործընթացում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը: Ադրբեջանի իշխանութիւնների նման վարքագիծն օրինաչափ հարց է առաջացնում պաշտօնական Բաքուի պայմանաւորուածութիւնները յարգելու ունակութեան վերաբերեալ:
Ադրբեջանի կողմից նախաձեռնուած 2016թ. ապրիլեան պատերազմի օրերին աշխարհի ուժային կենտրոնները, հեղինակաւոր միջազգային կառոյցների եւ առանձին պետութիւնների ղեկավարները կոչ են արել կողմերին պահպանել զսպուածութիւն եւ վերադառնալ հակամարտութեան կարգաւորման բացառապէս խաղաղ հունին: Ակնյայտ է, որ այդ կոչերը բաւարար չէին եւ բացայայտօրէն անտեսուեցին Բաքուի իշխանութիւնների կողմից:
Անհրաժեշտ են Ադրբեջանին զսպելու նոր միջազգային քաղաքական եւ դիւանագիտական միջոցներ, այդ թւում՝ Արցախի անկախութեան ճանաչմանն ուղղուած քայլեր, ինչը կ՛ապահովի խաղաղ գործընթացի անշրջելիութիւնը եւ տարածաշրջանային անվտանգութիւնը: