Ամերիկեան պարբերականը պատմել է Թուրքիայի միակ հայկական գիւղի մասին, որը, ամենայն հաւանականութեամբ, շուտով կը վերանայ:
Թուրքիայի միակ հայկական գիւղը՝ Վագըֆլըն, հետաքրքրել է «The Daily Beast» ամերիկեան լրատուական եւ վերլուծական կայքին:
Պարբերականի թղթակից Քրիսթեն Մակտիգը, որին յաջողուել է լինել այնտեղ, իր պատմութիւնը սկսում է 1915թ. Հայոց Ցեղասպանութեան ժամանակ Մուսա լերան հերոսական պաշտպանութիւնից:
«Վեց գիւղերի բնակիչների յաջող դիմադրութիւնից աւելի քան 100 տարի անց Վագըֆլըն Թուրքիայում պահպանուած վերջին հայկական գիւղն է: Գիւղը, որի բնակչութիւնը կրճատւում է, զբօսաշրջիկներին գրաւում է շրջակայ լեռների եւ Միջերկրական ծովի վրայ բացուող հիանալի տեսարաններով, բարդ պատմութեամբ եւ անհետացումից առաջ իր մշակոյթին հաղորդակցուելու հնարաւորութեամբ», գրում է նա:
Գեղատեսիլ գիւղը Մուսա լերան լանջին է՝ Թուրքիայի Հաթայ հարաւային նահանգում, Սիրիայի սահմանից ոչ հեռու: Հեղինակը նկարագրում է վառ վարդագոյն եւ ալ վարդերը, որոնք զարդարում են հին քարէ տների այգիները:
«Եթէ նայէք արեւմուտք, ապա կը տեսնէք, թէ ինչպէս են փարթամ կանաչ բլուրները ձգւում դէպի ծով», նկատում է նա:
Այս գիւղում առաւելապէս միջին եւ աւագ տարիքի 135 բնակիչ կայ: 1915թ. օսմանեան բանակին դիմադրութիւն ցոյց տուած հայերի յետնորդներն են: 1915թ. 53 օր շարունակ հերոսաբար պաշտպանուել են, մինչեւ հասել են ֆրանսիական նաւերը:
«Այդ փոքրիկ եւ խաղաղ գիւղի իւրաքանչիւր անկիւնը լի է անցեալով», նշում է նա:
Առաջին համաշխարհային պատերազմից յետոյ Հաթայը վեց հայկական գիւղերի հետ միասին դուրս է եկել ֆրանսիական Սիրիայի կազմից: Այդ ժամանակ հայերը վերադարձել են այն գիւղեր, որտեղ ապրել են: Բայց 1939թ. հանրաքուէի արդիւնքում Հաթայը յանձնուել է Թուրքիային, որի պատճառով Հաթայի հինգ հազար բնակիչները լքել են իրենց հայրենի հողերը եւ տեղափոխուել Լիբանան՝ այնտեղ հիմնելով Այնճար քաղաքը:
Հեղինակը յիշեցնում է, որ հայերի սխրանքին է նուիրուած աւստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսայ Լերան 40 Օրը» վէպը:
«Այդ գիրքը Հոլոքոսթի ժամանակ ոգեշնչման աղբիւր է դարձել եւրոպացի հրեաների համար», նշում է նա:
Վագըֆլը կատարած ուղեւորութեան ժամանակ Քրիսթեն Մակտիգը զրուցել է նաեւ տեղի բնակիչների հետ, որոնք պատմել են իրենց ընտանիքների փրկութեան պատմութիւնը: Յօդուածագիրը նշում է, որ այստեղ չեն սիրում խօսել կոտորածի մասին. չափազանց ցաւոտ են յիշողութիւնները:
Հեղինակի խօսքով՝ հրապարակից ոչ հեռու գտնւում է 1910թ. եկեղեցին, որը վերականգնուել է եւ օծուել 1997թ.:
«Այստեղ մշտական վանահայր չկայ: Իւրաքանչիւր երկու շաբաթը մէկ հայր Աւետիսը գալիս է այստեղ Իսքենդերունից (Ալեքսանդրեթ)՝ մեծ քաղաք Հաթայի նահանգում: Իսկ վանքի յետեւում գերեզմանատունն է, տապանաքարերի վրայ գրուած են վերջին երկու հարիւրամեակներին գիւղում ապրած մարդկանց անունները, որոնք գիւղի բուռն պատմութեան ականատեսներն են եղել», գրում է Մակտիգը:
Նրա խօսքով՝ պատմաբանները վաղուց են եկել այն կարծիքին, որ զանգուածային արտաքսումն ու հայերի կոտորածը 20րդ դարի առաջին ցեղասպանութիւնն է, սակայն Թուրքիան մինչ օրս հերքում է այդ փաստը:
«Երկրում, որտեղ 1915թ. դէպքերի նկարագրութեան համար «ցեղասպանութիւն» բառն օգտագործելը հետապնդումների է յանգեցնում, աւանդոյթների պահպանութիւնը միշտ չէ, որ հեշտ է տրուել Թուրքիայում բնակուող հայ փոքրամասնութիւններին», նշում է ամերիկացի լրագրողը:
Մակտիգը նաեւ աւելացնում է, որ 1939 թ. բնակիչներին ստիպել են փոխել իրենց հայկական ազգանունները: Բացի այդ, փակուել է միակ հայկական դպրոցը, եւ նրանք ստիպուած են եղել իրենց երեխաներին սովորելու ուղարկել Ստամբուլ: Նրա խօսքով՝ Վագըֆլըի համար ամենամեծ վտանգը միգրացիան է (գաղթը-Խմբ.): Սոցիալ-տնտեսական ծանր դրութիւնը ստիպում է բնակիչներին մեծ քաղաքներ տեղափոխուել: Իսկ տղամարդկանց թիւը զգալիօրէն գերազանցում է կանանց թիւը, քանի որ վերջիններս յաճախ ամուսնանում են ուրիշ գիւղերի երիտասարդների հետ:
«Զբօսաշրջիկների մեծ մասին գրաւում են փառատօները, որոնք անցկացւում են գարնանն ու ամրանը, այդ թւում՝ Օգոստոսին՝ խաղողօրհնէքի տօնը», գրում է յօդուածի հեղինակը:
Նա մէջբերում է ստամբուլցի զբօսաշրջիկ ինժեներ Թայֆուն Թուրքմէնի խօսքերը, որը նստած է Վագըֆլըի կենտրոնում գտնուող սրճարանում մօր եւ քրոջ հետ. «Այստեղ շատ տարբեր համեր եւ հարուստ մշակոյթ կայ: Կը ցանկանայինք ծանօթանալ նաեւ քրդերի մշակոյթին, բայց շատ տեղերում անվտանգ չէ: Իսկ այստեղ մենք անվտանգութեան մէջ ենք»: Նա արդէն երկրորդ տարին է այցելում այստեղ:
Քրիսթեն Մակտիգը նշում է, որ Վագըֆլըի բնակիչները պայքարում են իրենց գիւղը, մշակոյթն ու աւանդոյթները պահպանելու համար: Շուտով նախատեսւում է այստեղ թանգարան բացել:
Վերջում յօդուածի հեղինակը մէջբերում է գիւղի բնակիչներից մէկի՝ Սեմ Կապարի խօսքերը. «Շատ եմ տխրում, երբ մտածում եմ, որ մեր գիւղը կը վերանայ, բայց մենք լաւատես ենք: Մենք գիտենք անցեալը, յիշում ենք այն, բայց ապրում ենք այս օրով եւ պաշտպանում մեր ապագան»: