«Ամէն Ինչ Անելու Ենք Մարդկանց Յոյսերն Արդարացնելու Համար»
Վարեց՝ ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Ինչպէս յայտնի է, Յունիսի 1ին կառավարութիւնը ութ նոր մարզպետ նշանակեց:
Նրանցից մէկը Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելեանն է, ով փոխարինեց Կարէն Բոթոյեանին:
Նորանշանակ մարզպետը պատմական գիտութիւնների թեկնածու է, 1999 թուականից՝ ՀՅԴ անդամ: Սաղաթելեանը 2016թ. Դեկտեմբերից բնապահպանութեան նախարարի խորհրդականն էր:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելեանի հետ իր անձի շուրջ շրջանառուող տեղեկութիւնների եւ աշխատանքային հարցերի շուրջ:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Պարոն Սաղաթելեան, դուք բանակում չէք ծառայել: Ի՞նչն է եղել պատճառը:
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ.- Ժամանակին, երբ ես սովորում էի, գոյութիւն ունէր օրէնք, ըստ որի՝ ասպիրանտուրայում սովորող ուսանողները բանակ չէին զօրակոչւում: Ես բուհն աւարտելուց յետոյ Գիտութիւնների ազգային ակադեմիայում ընդունուել եմ ասպիրանտուրա, պաշտպանել եմ գիտական ատենախօսութիւն, ստացել եմ գիտութիւնների թեկնածուի աստիճան: Եւ օրէնքով սահմանուած կարգով չեմ ծառայել: Գործող օրէնքների շրջանակում պաշտպանել եմ ատենախօսութիւնը, դա է պատճառը:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Իսկ անօրինական կերպով ձուկ որսացողների դէմ ինչպէ՞ս էք պայքարելու:
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ.- Դրա հետ կապուած վաղուանից սկսուելու են խորհրդակցութիւններ: Պայմանաւորուածութիւն է եղել, որպէսզի բնապահպանութեան նախարարութիւնում սկսուեն քննարկումներ: Փորձելու ենք այնպիսի լուծում գտնել, որ ե՛ւ ձկնորսութեամբ զբաղուողները, որոնք հացի խնդիր են լուծում, իրենց համար ինչ-որ լուծում գտնուի, ե՛ւ լճին, պետութեանը վնաս չպատճառուի: Քննարկումների նախաձեռնողը բնապահպանութեան նախարարութիւնն է:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Մարզպետարանի բիւջէն արդեօք բաւականացնելո՞ւ է խնդիրների լուծման համար:
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ.- Մարզպետարանի բիւջէն մարզի բոլոր խնդիրները լուծելու համար, բնականաբար, բաւարար չի: Բայց մենք պէտք է հասկանանք, որ խնդիրների մեծ մասը բիւջէի հարց չի. ճիշդ գործողութիւնների, ճիշդ մենեջմենթի (տեսչութեան-Խմբ.) խնդիր է: Ամէն դէպքում, ամէն ինչ անելու ենք մարդկանց յոյսերն արդարացնելու համար: