«Կայ Թուրքիան Եւ Թուրք Ժողովուրդը, Որի Հետ Պէտք Է Յարաբերուել»
«ՖԱԿՏՈՐ».- Պարոն Եղիազարեան, բովանդակային առումով մենք որերո՞րդ հանրապետութիւնում ենք:
ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Այդ բաժանումը շատ պայմանական է, օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) չէ: Այսօր շատ պետական գերատեսչութիւններ Հայաստանում նշում են իրենց 100ամեակը: Սա նշանակում է, որ նրանց շարունակականութիւնը պայմանաւորուած է խորհրդայինով եւ դրանից առաջ էլ Առաջին Հանրապետութեամբ: Պայմանական կարող ենք շրջաններ ասել՝ 18-20 թուականը մի շրջան, խորհրդայինը՝ մի շրջան, 91ը՝ մի շրջան: Բայց իրենց բնոյթով դրանք տարբեր հանրապետութիւններ չեն, մէկ հանրապետութիւն է, որը ծնունդ է առել 18 թուականին: 20 թուին իշխանափոխութեան արդիւնքում եւ սոցիալական իր տեսակի փոփոխութեան արդիւնքում նա վերածուեց խորհրդայինի, որն էլ հանրաքուէով 91ին կրկին անկախացաւ:
«ՖԱԿՏՈՐ».- Առաջին Հանրապետութեան կործանման մէջ Թուրքիա՞ն աւելի մեծ դեր ունէր, թէ Ռուսաստանը:
ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Ժամանակակիցներն ասում էին, որ այդ ժամանակ Հայաստանը յայտնուեց թուրքական եւ ռուսական սալի արանքում: Բոլշեւիկեան իշխանութիւնը այդ ժամանակ իմպերիալիզմի (կայսերապաշտութեան-Խմբ.) դէմ պայքարում աջակցում էր քեմալական Թուրքիային, որը դեռ շարժում էր եւ պետութեան վերածուեց 1923 թուին ոսկով եւ զէնքով զինուելով: Բոլշեւիկների նպատակն այլ էր, նախկին կայսրութեան տարածքում վերականգնել կայսրութիւնը: Թուրքերի եւ ռուսական կողմի շահերի համընկնումը ճակատագրական եղաւ Հայաստանի այդ ժամանակուայ փոքրիկ պետութեան համար:
«ՖԱԿՏՈՐ».- Մենք 1918թ.ից ի վեր ի՞նչ խնդիրներ ենք ունեցել թուրքերի հետ:
ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Խորհրդային շրջանում որպէս պետութիւն չէինք կարող խնդիրներ ունենալ, մենք անկախ պետութիւն չէինք: Զրկուած էինք ռազմական ինքնուրոյն քաղաքականութիւնից եւ արտաքին քաղաքականութիւնից: Հէնց հիմա արցախեան խնդրի շուրջ թուրքական կողմի դիրքորոշմանը նայէք: Նրանք մեզ հետ յարաբերութիւններն այսօր պայմանաւորում են Ադրբեջանի հետ մեր յարաբերութիւններով:
«ՖԱԿՏՈՐ».- Չէ՞ք կարծում, որ հարկ եղած դէպքում Թուրքիան կարող է մի կողմ դնել Արցախի հարցը եւ գնալ Հայաստան-Թուրքիա ուղղակի յարաբերութիւնների:
ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Պէտք է ընդունենք՝ Թուրքիան մեր հարեւան երկիրն է, անկախ տարածքային, ազգային այլ պահանջներից, կայ այդ երկիրը եւ ժողովուրդը, որի հետ պէտք է յարաբերուել: Հայաստանն իր ամենակարեւոր զիջումն արել է՝ նախապայման չի դնում Ցեղասպանութեան խնդիրը, ասում է՝ եկէք խօսենք, այդ խնդիրներին կ՛անդրադառնանք երկխօսութեան ժամանակ:
«ՖԱԿՏՈՐ».- Մենք կարո՞ղ ենք վստահ լինել մեր անկախութեան կենսունակութեան մէջ, քանի դեռ մենք չենք կարգաւորել Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները:
ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Այո: Որովհետեւ անկախութիւնը պայմանաւորուած է տարբեր այլ գործօններով: Հայաստանն այսօր պետութիւն է իր Զինուած ուժերով, իր կարողութիւններով: Նոյն Թուրքիան, որ շատ անյաջողութիւններ էր կրում Սիրիայում քրդական խմբաւորումների դէմ մարտերի ժամանակ: Այսինքն՝ քրդերը պետութիւն չէին կառոյցներով: Հայաստանն ունի հզօր պաշտպանութիւն: Գուցէ ռազմական առումով նկրտումներ չունենք, բայց դա չի նշանակում, որ մենք մեր անկախութիւնը չենք կարող պահել: