ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հոլիվուդի Հայ Դատի յանձնախումբը՝ «Զարթօնք արուեստի միջոցով» խորագիրը կրող մշակութային ձեռնարկով նշեց Հայոց Ցեղասպանութեան 103րդ տարելիցը: Ապրիլի 13ի երեկոյեան Հոլիվուդի Հայ կենտրոնի դահլիճը լեցուն էր. Հոլիվուդի եւ յարակից քաղաքների հայ համայնքի ներկայացուցիչներ, Կալիֆորնիայի Խորհրդարանի Ծերակոյտի անդամ Էնթընի Փորթանթինօն, Ներկայացուցիչների տան անդամ Լորա ֆրիդմանը, Լոս Անջելեսի քաղխորհդի 13րդ ընտրաշրջանի անդամ Միթչ Օֆերելը, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի ներկայացուցիչ Մերի Յովակիմեանը, Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամ Դէյվիդ Ռիուի ներկայացուցիչ Միլեն Մինասեանսը, մշակութային, հասարակական գործիչներ առիթ ունեցան ծանօթանալու ամերիկահայ արուեստագէտների աշխատանքներին եւ ունկընդրելու հայ երգն ու պարը:
«Ապրիլի 24ին նուիրուած մեր յանձնախմբի ձեռնարկն աւանդական է դարձել: Նպատակն է՝ ցոյց տալ, որ Ցեղասպանութիւնից յետոյ հայ ազգը ոչ միայն յարատեւել է, նաեւ՝ ստեղծագործում է եւ աշխարհին ներկայանում իր տաղանդաւոր արուեստագէտներով: Այսօր, մենք ոչ միայն յիշում եւ յարգում ենք մեր զոհերին, նաեւ՝ տօնում ենք մեր վերապրելու կամքը, ցոյց ենք տալիս Թուրքիային, որ հային ոչնչացնելու նրա նպատակը ձախողուել է, եւ մեր նոր սերունդները, ովքեր ծնուել են հայրենիքից հեռու՝ արժանապատուօրէն են կրում իրենց ազգային ինքնութիւնը՝ հաւատարիմ մնալով մշակոյթին, պատմութեանը, լեզուին: Այս տարուայ ձեռնարկը բացառիկ է նրանով, որ ներկայացուած արուեստագէտների մեծամասնութիւնը պատանիներ ու երիտասարդներ են, որ իրենց ասմունքով, երգով ու պարով, նկարչութեամբ ներկայանում են հայեցի, վկայելով, որ նաեւ մտածում ու ստեղծագործում են հայեցի: Սա լաւագոյն ապացոյցն է առ այն, որ մեր մշակոյթն ապրում է այսօր մեր սերունդների հոգում, եւ շարունակուելու է յաւէրժ», նշեց Հայ Դատի Հոլիվուդի յանձնախմբի համանախագահ Լարա Երէցեանը:
«Զարթօնք արուեստի միջոցով» խորագրով ձեռնարկի յայտագիրը բազմազան էր՝ ամերիկահայ նկարիչների կտաւներն ու լուսանկարները զարդարում էին սրահը, միաժամանակ՝ երիտասարդ երաժիշտներ, ասմունքողներ իրենց կատարումներով հանդիսատեսին տեղափոխում էին հայրենի եզերքներ: «Հայկական Պարային ինստիտուտ»ի գեղարուեստական ղեկավար Լուիզա Խաչատրեանը միջոցառման մշակութային մասի բացումը կատարեց «Ուզունդարա»ի անզուգական կատարմամբ՝ եւս մէկ անգամ ընդգծելով հայկական պարի առանձնայատկութիւնն ու գեղեցկութիւնը: «Իգլ Ռոք Երաժշտական Ստուդիօ»ի ուսանող, դոկտոր Սիւզի Աբաջեանը ժողովրդական մի շարք երգեր կատարեց ուդով: «Երազ իմ հայրենի» երգով ծրագիրը շարունակեցին Ռոզ եւ Ալէք Փիլիպոս վարժարանի եւ ՀՕՄի շաբաթօրեայ դպրոցի սաները: Միացալ Նահանգներում ծնուած եւ մեծացած Վազգէն Բարսեղեանը, ով տիրապետում է մի քանի ժողգործիքների, նուագեց ուդ եւ սազ՝ միաժամանակ պատմելով իր պապերի մասին, եւ ներկայացնելով նուագարանների պատմութիւնը: 14ամեայ տաղանդաւոր երգիչ Գրիշա Ասատրեանն էլ ժողովրդական երգի կատարմամբ աշխուժացրեց հանդիսատեսին: «Կանք, պիտի լինենք եւ դեռ շատանանք», Սեւակի այս խօսքերը երիտասարդ Սօսի Ջուգարեանի ներկայացմամբ եւս մէկ անգամ հաստատեցին այն համոզմունքը, որ հայի ոգին անկոտրում է:
Միջոցառման ընթացքում ցուցադրուեց Աւօ Ջոն Գամբուրեանի «Գոյատեւման Արձագանքները» վաւերագրական շարժապատկերը, որտեղ ամերիկահայ երիտասարդ ռեժիսորը տարբեր արուեստագէտների հետ հարցազրոյցների միջոցով փորձում է հասկանալ, թէ ինչ է նշանակում լինել Ամերիկայում բնակուող հայ, ով է այսօրուայ հայը: Նա իր հերթին ներկայացրեց ֆիլմի հերոսներից՝ լուսանկարիչ Արա Օշականին, ում հետ միասին, եւս մէկ անգամ անդրադարձան հարցին:
Այցելուներն այնուհետեւ առիթ ունեցան ծանօթանալու նկարիչներ Ալեքսանդր Սադոյեանի, Արա Օշականի, Արշիլ Գորկու, Փաթիլ Մանուէլեանի, Ջուլի Աւետիսեանի, Լեսլի Դեւիսի, Էլենի, Լորի Քասաբեանի աշխատանքներին:
«Այսօր, արուեստի միջոցով, Հայոց Ցեղասպանութեան զոհ դարձած ձեր նախնիներն են խօսում ձեզ հետ: Ստեղծագործողները կրում են նրանց պատգամը: Եւ դուք հայերդ, ինչպէս նաեւ աշխարհում տարբեր անարդարութիւնների զոհ դարձածների ժառանգները, որոնց թւում եմ եւ ես. աւելի մեծ պատասխանատուութիւն ունենք՝ բարձրաձայնելու եւ աշխարհին տեղեկացնելու կատարուածի մասին, այն մասին, որ չենք մոռացել, եւ աւելին՝ վերականգնում ենք մեր պատմութիւնը, մեր մշակոյթը: Նման ձեռնարկներն այդ մասին են՝ վկայելու նաեւ, որ հասարակութիւնը չի թոյլ տայ մոռանալ, քանզի երբ կան Թուրքիայի նման կառավարութիւններ, որոնք մերժում են փաստերը, շատերը կարող են միանալ ուրացողներին՝ եթէ մենք մի պահ թուլանանք», դիմելով ներկաներին նշեց Միթչ Օֆարելը՝ հաւաստիացնելով, որ շարունակելու է համագործակցել իր ընտրաշրջանում գտնուող հայկական կազմակերպութիւնների հետ՝ նաեւ Հայոց Ցեղասպանութեան մասին իրազեկման ուղղութեամբ:
Ներկայացուցիչերի տան անդամ Լորա Ֆրիդմանն էլ պատմեց, որ իր ընտանիքն էլ բազմաթիւ զոհեր է ունեցել Հոլոքոստի ժամանակ, սակայն նրանց հոգիները որոշ չափով խաղաղուել են, քանզի հրեաների Ցեղասպանութիւնն ճանաչուել է ողջ աշխարհի կողմից, եւ մեղաւորներից շատերն էլ պատժուել են: «Նոյն արդարադատութիւնը չի իրականացուել հայ ժողովրդի նկատմամբ՝ Միացեալ Նահանգների նախագահը հրաժարւում է ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, որոշ երկրներ էլ քննարկում են պատմութիւնը: Ապրիլը ոչ միայն յիշատակի, նաեւ քաղաքական ակտիւութեան ամիս է, եւ ես, որպէս հայկական մեծ համայնքի ներկայացուցիչ Կալիֆորնիայի խորհդարանում, դա շատ լաւ եմ հասկանում, եւ մասնակցում եմ օրէնսդիր մարմնում հարցի ներկայացմանը: Շատ կարեւոր եմ համարում նաեւ այս ձեռնարկը՝ արուեստի միջոցով էլ ներկայացնելու հայոց պատմութեան էջերը, մշակոյթը», իր խօսքում նշեց Լորա Ֆրիդմանը՝ խորհրդարանի կողմից յատուկ վկայագիր յանձնելով Հայ Դատի Հոլիվուդի յանձնախմբին: «Ցանկանում եմ շնորհաւորել Հայոց Ցեղասպանութան 103րդ տարելիցի նուիրուած հիանալի ձեռնարկի առիթով, որ ներկայացնում է հայերի զարթօնքը», նշուած է գնահատագրում, միաժամանակ երախտագիտութիւն է յայտնւում կազմակերպութեանը՝ հայ մշակոյթն ու աւանդոյթները վառ պահելու համար:
«Զարթօնք արուեստի միջոցով» միջոցառման հիւրերը նոյնպէս կիսուեցին իրենց տպաւորութիւններով՝ շնորհակալութիւն յայտնելով Հոլիվուդի Հայ Դատի յանձնախմբին՝ նաեւ երիտասարդներին համախմբելու ու արուեստի տօն ստեղծելու համար: «Ուրախալի էր այսօր համոզուել, որ հայկական ոգին ու ջիղը նման հպարտութամբ ու սիրով կրում են նաեւ մեր պատանիներն ու երիտասարդները՝ արժանիօրէն ներկայացնելով իրենց նախնիների մշակոյթը, ոգին, որ թուրքը չկարողացաւ ոչնչացնել», նշեցին ներկաներից շատերը:
«Զարթօնք արուեստի միջոցով» ձեռնարկը նաեւ համախմբել էր Հոլիւուդում գործող հայկական կազմակերպութիւններին, վարժարաններին. կազմակերպչական աշխատանքներին մասնակցել էին Հայ Օգնութեան Միութեան «Մայր» մասնաճիւղը, Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Հոլիվուդի, ՀՄԸՄի Լոս Անջելեսի մասնաճիւղերը, Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանը, ՀՕՄի շաբաթօրեայ դպրոցը եւ «Ասպարէզ» օրաթերթը: