ԱԽԱԼՔԱԼԱՔ, «Ա-ինֆօ».- «Զօրի Զօրեան» երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ, Ապրիլի 23ին Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակի յաւերժացման եւ ոգեկոչման պահանջատիրական Ջահերթեր կազմակերպուեցին Ախալցխայում, Ախալքալաքում եւ Նինոծմինդայում:
Ախալցխայում երթն սկիզբ առաւ Ախալցխայի Գր. Լուսաւորիչ եկեղեցու բակից եւ հասաւ քաղաքի Մարդա թաղամասում տեղադրուած Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակը յաւերժացնող խաչքարի մօտ: Երթին մասնակցում էին Ախալցխայի հայկական եկեղեցիների հոգեւոր հովիւները, Ախալցխայի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի մանկավարժներն ու սաները, ՀՕՄուհինը եւ բազմաթիւ այլ ախալցխացիներ:
Նինոծմինդայում Ջահերով երթն սկսուեց Սուրբ Սարգիս եկեղեցուց եւ հասաւ քաղաքի Երիտասարդական պալատի մօտ կանգնեցուած Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի յուշակոթող:
Ախալքալաքում կազմակերպուած Ջահերով երթն սկսուեց Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնից՝ կենտրոնի մանկավարժների, սաների եւ ծնողների, Պատանեկան միութեան անդամների, ՀՕՄուհիների մասնակցութեամբ եւ հասաւ Ախալքալաքի բերդեր: Երթի ընթացքում նրանք կանգ առան Ախալքալաքի քաղաքապետարանի, յետոյ նաեւ Շրջանային ժողովի շէնքերի մօտ ու Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի (ԵԿի) Պատանեկան միութեան անդամները Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման կոչ-պահանջ հնչեցրին:
Երթի մասնակիցներին Ախալքալաքի բերդերի տարածքում միացան գիւղերից ժամանած բազմաթիւ երիտասարդներ եւ ախալքալաքցիներ: Այստեղ Պատանեկան միութեան անդամները, ԵԿի սաները հանդէս եկան ճանաչողական ու պահանջատիրական կոչերով ու հայրենասիրական երգերի կատարումներով: Վառուեցին Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակը վառ պահող ջահերը եւ երթը շարժուեց դէպի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակ: Երթին մասնակցում էին նաեւ Ախալքալաքի Շրջանային ժողովի անդամները: Երթն առաջնորդողների շարքում էր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հովիւ Եղիշէ Ա. քհնյ. Պետրոսեանը:
«Զօրի Զօրեան» Երիտասարդական միութեան անունից, նախքան Ջահերթերը, Ցեղասպանութեան ճանաչման յորդորով դիմում-նամակներ յանձնուեցին երեք շրջանների Տեղական ինքնակառավարման մարմիններին:
Բոլոր տեղերում երթերի մասնակիցները տանում էին հայկական ու վրացական դրօշներ. «Ճանաչում, դատապարտում, հատուցում», «Ժխտելը Ցեղասպանութեան շարունակութիւնն է», «Չենք մոռանում, յիշում ենք ու պահանջում» եւ նպանատիպ բովանդակութեամբ ցուցապաստառներ: Նրանք վանկարկում էին ճանաչման, դատապարտման, հատուցման կոչեր: Երթերն աւարտուեցին պահանջատիրական կոչ-ելոյթներով, որոնցում մասնաւորապէս կարեւորւում էր Վրաստանի իշխանութիւններին ուղղուած Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման եւ հայ երիտասարդին՝ Հայ Դատի արդար լուծման պայքարին միանալու կոչերը:
Ախալցխայի, Ախալքալաքի ու Նինոծմինդայի եկեղեցիներում Ջահերթերի մասնակիցները ներկայ եղան 1915թ. անմեղ զոհերի հոգիների հանգստութեան համար կատարուող ժամերգութիւններին: