ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ
Թուրք պատմագիր Փեչեփ Իբրահիմ այսպէս է նկարագրում թրքական բանակի զինական յաջողութիւնները.
«961թ. (1533թ.) վերջապէս հասան Շորագեալ կոչուած մենզիլը եւ այնտեղ իջեւանեցին: Այս երկիրը շատ բարեշէն է եղել, ունեցել է մշակուած հողերով հարուստ բազմաթիւ գիւղեր: Երկիրը լեռնային է: Յաղթական բանակը քանդեց ու աւերեց այդ բարեշէն գիւղերը, շինութիւնները ոչնչացրեց եւ հողին հաւասարեցրեց: Նուիրական Շաաբան ամսի 17ին իջեւանեցին (Երեւանում): Շահի, նրա որդու եւ մի շարք անուանի խաների եւ սուլթանների հոյակապ ու գեղազարդ պալատները, պարտէզներն ու այգիները, մասնաւորապէս «Սուլթանական բաղ» անունով յայտնի դրախտանման այգին, բոլորը կրակ տուեցին, այրեցին ու հողին հաւասարեցրին. 23րդ օրն անցան յայտնի Արփաչա գետը, այդ շրջանում էլ ամէն ինչ կողոպտեցին ու աւերեցին:
…Յաղթական բանակի սարսափից քաղաքներն ու գիւղերը, տներն ու բնակավայրերը այն աստիճան ամայացել, աւերուել եւ բուերի ու ագռաւների բնակավայր էին դարձել, որ տեսնողներին սարսափ էին պատճառում»: (Տես՝ «Թուրքական Աղբիւրները Հայաստանի, Հայերի Եւ Անդրկովկասի Միւս Ժողովուրդների Մասին», կազմեց՝ Ա. Սաֆրաստեան, Երեւան):
Ուշադրութիւն պէտք է դարձնել թուրք պատմագրի գործածած «հոյակապ», «գեղազարդ», «դրախտանման» բառերին, որ շատ յստակ ցոյց է տալիս, որ այդ ամբողջ գեղեցկութիւնն ու աշխատանքը չի յուզում թուրքին. նա անտարբեր է այդ բոլորի հանդէպ եւ նրանց կործանումը հպարտութիւն եւ գոհունակութիւն է պատճառում նրան:
Առ այսօր, մենք բազմիցս ենք խօսել թուրքի կատարած հակամարդկային ու հակաքաղաքակրթական ներգործութեան մասին՝ այնտե՛ղ, ուր նա ոտք է դրել, բայց կարծում ենք, որ սրան առընթեր, համապատասխան ուշադրութիւն չենք դարձրել թուրք կոչուող ֆենոմենի երեւոյթին: Այն, յիրաւի, ֆենոմեն է՝ արտասովոր, անբացատրելի երեւոյթ:
Պատմութիւնից գիտենք, որ թուրք սելջուկները Հայկական բարձրաւանդակ թափանցեցին փոքրաթիւ բազմութեամբ եւ վրաններով, սակայն կարողացան կայսրութիւն հիմնել՝ անդարմանելի մի պատռուածք առաջացնելով աշխարհի քարտէզին վրայ:
Գիտենք նաեւ, որ, առհասարակ, նուաճողները աւելի բարձր մշակոյթի տէր ազգեր են լինում կամ առնուազն՝ ինչ որ բան տալիս են իրենց հպատակ երկրներին: Անմշակոյթ թուրք քոչուորները համեմատութեան եզրեր երբեւէ՛ չեն ունեցել ո՛չ հայ, ո՛չ հելլէն մշակոյթի հետ. ոչի՛նչ չեն տուել եւ ոչինչ էլ չեն իւրացրել, այլ, լաւագոյն դէպքում՝ գործածել են իրենց յափշտակածը, եթէ՝ չեն աւերել: Թուրք ժողովրդի հոգին չի սնուել իրեն հպատակ ժողովուրդների հոգեկան գանձարանից. միշտ հաւատարիմ իր արեան կանչին ու մութ բնազդներին՝ նա գործել եւ շարունակում է գործել միայն իրեն յատուկ ոճով:
Թուրք ցեղի ծնունդ խառնիճաղանջն այսօր բազմել է Փոքր Ասիայում. այս անգամ գրոհում է՝ խաղաղօրէն տեղափոխուելով Եւրոպա եւ ապրելով եւրոպական երկրներում. իր հոգում կրում է նրանց տիրելու եւ ոչնչացնելու թաքուն փափաքը: Թուրքիան իր հայեացքն ուղղում է մէ՛կ արեւելք, մէ՛կ արեւմուտք, եւ ատամ է կրճտացնում երկու կողմերում՝ տեսնելով, որ դեռ պատնէշի վրայ են իր երկու յաւերժական թշնամիները՝ Հայաստանն ու Յունաստանը:
Ուշադրութեան արժանի է, որ թուրքը ձուլում է, բայց չի ձուլւում, կրօնափոխ է անում, բայց ինքը հաւատափոխ չի լինում: Ուսումնասիրե՛նք թուրքի ոչ միայն թոյլ, այլեւ ուժեղ կողմերը, եւ գտնենք նրա ուժի աղբիւրը՝ լաւագոյնս նրան դիմակայելու համար. եւ եթէ կայ ուսանելի որեւէ բան, ապա վերցնենք եւ սերտենք այն: Շարունակե՛նք, սակայն, ուսումնասիրել եւ, ինչու ոչ՝ նաեւ թուրք ցեղի մասին աշխարհի ժողովուրդների կարծիքների ժողովածու կազմենք: Այն կ՛օգնի լուսարձակի տակ առնելու այս ժողովրդին եւ զգուշացնելու աշխարհին, թէ ի՛նչ է սպասում իւրաքանչիւրին, եթէ դժբախտութիւնն ունենան յայտնուելու նրանց տիրապետութեան տակ:
Աւելորդ չէ մէջբերել ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի «Ճանապարհորդութիւն Դէպի Էրզրում» ուղեգրութիւնից հետեւեալ հատուածը, ուր գրողը, զգուշացնելով, որ թուրքին երբե՛ք չի կարելի վստահել՝ գրում է. «Նրանք հազուադէպօրէն են յարձակւում կազակների հաւասար ուժերի, եւ երբե՛ք՝ հետեւակի վրայ, իսկ թնդանօթ տեսնելուց փախչում են: Փոխարէնը, առիթը երբեք բաց չեն թողնում յարձակուելու թոյլ ջոկատի կամ մի անպաշտպանի վրայ: Այս կողմերում շատ են խօսակցութիւնները նրանց չարագործութիւնների մասին: Գրեթէ անհնար է առանց զինաթափելու սանձահարել նրանց: Սպանութիւնը նրանց համար մարմնի մի պարզ գործողութիւն է: Գերիներին պահում են փրկագին ունենալու յոյսով, բայց վարւում են նրանց հետ սոսկալի անմարդկային ձեւով. ստիպում են ուժից վեր աշխատել, կերակրում են հում խմորով, ծեծում են երբ կամենան: Ի՞նչ անել այսպիսի ժողովրդի հետ»:
Շարունակելով՝ Ալ. Պուշկինը գրում է. «Թուրքերը կտրուած գլուխները ուղարկում են Կոնստանդնուպոլիս, իսկ արեան մէջ թաթախուած դաստակներով կնքում են իրենց դրօշները»:
Այս բոլոր դիտարկումները բանաստեղծն արել է առանց թուրքերի հետ եւ նրանց լծի ներքոյ ապրելու. նա պիտի ապշէր, եթէ ժամանակակիցը լինէր Հայոց Ցեղասպանութեան, եւ անյայտ է, թէ ի՛նչ գնահատական պիտի տար հայ ժողովրդին, որ առ այսօր կարող է օրօրուել սին յոյսերով եւ վստահել թուրքին: Հայ ժողովուրդը մէկանգամընդմիշտ պէտք է վանի՝ չգիտես թէ որտեղի՛ց լոյս ընկած՝ բարեփոխուած թուրքի գաղափարը եւ, որ աւելի տարօրինակ է, նրան փոխելու առաքելութեան ստանձնումը: Այն չափազա՛նց վտանգաւոր է եւ ոչ խելամիտ:
Ալեքսանդր Պուշկինի հարցումը՝ ի՞նչ անել այսպիսի ժողովրդի հետ, մնում է օդում կախուած, եւ մարդկութիւնը դառնօրէն կը զղջայ մի օր, եթէ անպատասխան թողնի այն:
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
ՀՅԴ «Ռոստոմ» Կոմիտէ
ՀԵԴ «Սարդարապատ» Ուխտ
ՀՅԴ «Սիմոն Վրացեան»
եւ «Արաբօ» Պատանեկան Միութիւններ
ՀՕՄի «Անահիտ» Մասնաճիւղ
ՀՄԸՄի «Մասիս» Մասնաճիւղ
Համազգայինի «Պարոյր Սեւակ» Մասնաճիւղ
Էնսինոյի Հայ Ամերիկեան Տարեցներու Միութիւն