ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ
Խանգարե՞լ, ինչի՞ համար…
Գարուն էր: Չեկած ամառ՝
Փուլ եկաւ երկնակամար,
Ձիւն մաղեց մեր բաց գլխին,
Ձիւն մաղեց՝ կրակի՛ պէս…
– Գարուն այ, ձուն ա արել…
Գետերը մեր երերման
Հոսեցին՝ կրակի՛ պէս…
– Արունը ջուր ա դառել…
Ձորերը շիրիմ դարձան,
Վիհերը՝ գերեզմանոց.
– Ջուրը մեր տունն ա տարել…
Ամէն քար՝ լուռ մահարձան,
Ամէն տուն՝ վառման հնոց.
– Բնաւեր հաւք ենք դառել…
Ինչքան բառ՝ ողջը՜ մրմունջ,
Ինչքան երգ՝ ողջը լալով,
– Զուլում էր, զուլու՜մ լաօ՛…
Թրի դէմ, սրի, հրի՝
Լոկ մանգաղ, լոկ բահ ու մաճ.
– Տնաւե՜ր-բնաւե՜ր լաճ…
Մեր հողը, մեր հայրենին,
Մեր երկիրն ամայացաւ,
– Սեւ հագիր, սեւսիրտ մարէ…
Հինաւուրց տոհմիկ մի ազգ
Չմեռաւ՜, այլ մահացաւ.
– Գարուն ա, ձուն ա արել…
Գարուն էր: Ամառ եկաւ,
Ձագ հանեց ձորում կաքաւ,
Իսկ հայը զրկուեց ձագից,
Իր պոռթկուն թոնրի տաքից,
Իր մօրից, հօրից, եարից,
Իր բնից ու աշխարհից.
– Գարուն ա, ձուն ա արել…
… ա՜խ ինչպէ՞ս, ո՞նց մոռանալ
Արհաւիրքն այն օրերի.
– Աշխարքում ով մոռանայ՝
Ջուխտ աչքով թող քոռանայ…
Գառնարած-հովիւ-նախրորդ
Ետ չեկան սար-ձորերից…
Կէսօրին էլ ո՞վ երգեր.
– Սարերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում…
Հնձուորը արտում մորթուեց
Իր ձեռքի սուր մանգաղով…
Խեղճ հարսը էլ ո՞նց երգեր.
– Քաղուորին հաց եմ բերում,
Բերանը բաց եմ բերում,
Ձկնորսը Վանայ ծովում
Չփրկուեց ճարպիկ լողով…
Աղջիկը զու՜ր էր կանչում.
– Իմ ծամթել տամ լողուորչուն…
Երկրի մէջ մարդ չմնաց՝
Մարդ թաղեր մարդու նման…
Ա՜խ, մնար մէկը գոնէ
Ու կանչէր.
– Դլէ եամա՜ն…
Ա՜խ, ինչպէ՞ս, ո՞նց մոռանալ
Արհաւիրքն այն օրերի.
– Աշխարքում ով մոռանայ՝
Ջուխտ աչքով թող քոռանայ…
… ջահերը վառ մնացին
Ժամերգուող եկեղեցում,
Ժամհարին կախ տուեցին
Պարանից զանգակատան…
Ջաղացից աղուն բերող
Ալրոտուած խեղճ գիւղացուն
Իր սայլը դագաղ դարձաւ,
Ալիւրը՝ արնոտ պատան…
Մայրն ընկաւ՝ ծիծը թողած
Իր թմբլիկ մանկան բերնում.
Ծծի տեղ ցից խրելով՝
Խեղդեցին մինուճարին…
Տատն ընկաւ՝ ձեռքը մեկնած
Կչկչան հաւի թառին.
Իր հիւանդ թոռան համար
Խորոտիկ ճուտ էր բռնում…
Կալի մէջ պապիկն ընկաւ,
Իր ոսկէ թեղն էր էրնում,
Որպէսզի տուրքը թուրքին
Օր առաջ շուտ վճարի…
Ով ծաղիկ հաց էր թխում՝
Խորովուեց թոնրի ծխում…
Ով հասել ուխտատեղի,
Վառել էր մոմը դեղին,
Մոմի դէմ իջել էր ծունր
Ու հայցում էր Աստըծուն,
Որ բաշխի մի լաճ տղայ,-
Իր արեամբ մոմը մարեց՝
Չաւարտած «Տէ՜ր, քեզ մեղա՛յ»ն…
– Գարուն ա, ձուն ա արել…
…խոցեցին ու ջնջեցին,
Հատեցին հաստ ու բարակ,
Յօշեցին ու տանջեցին,
Փշրեցին, տուին կրակ.
Վաթեցին արիւն-արցունք,
Ներկեցին ձոր ու բարձունք,
Քանդեցին երկինք մի լուրթ,
Մորթեցին մի ժողովուրդ,
Հացառատ մի ողջ աշխարհ
Սարքեցին փշրանք-նշխար,
Սու՜րբ նշխար՝ շա՛ն բերանում,-
Ուզեցին մի հայ թողնել,
Եւ այն էլ… թանգարանում…
– Գարուն ա, ձուն ա արել…
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Տէր եւ Տիկ. Րաֆֆի Ճիկէրեաններ
Color Dots
St. Gregory Armenian Catholic Church
ARAX SARIAN
San Francisco
ՍԱՆ ԿԱՊՐԻԷԼ ՀՈՎԻՏ
ՀՅԴ «Դրօ» Կոմիտէ
Ս. Խաչ Մայր Տաճար
Հոգեւոր Տեսուչ,
Հոգեւոր Հովիւ եւ Հոգաբարձութիւն
«Մեսրոպեան»Ազգ. Վարժարան
Սան Կապրիէլ Հովիտի Հայ Դատի Յանձնախումբ
ՀՕՄի «Անի» եւ »«Նայիրի»
Մասնաճիւղեր
ՀՄԸՄի Մոնթեպելլոյի Մասնաճիւղ
ՀԵԴ «Վահան Գարտաշեան» Ուխտ
ՀՅԴ Պատանեկան Միութիւն