ՍԵՐՏԱՐ ՔՈՐՈՒՃՈՒ
Թարգմանեց՝ ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ
Հայոց Ցեղասպանութեան ժամանակ Աֆրինը կարեւոր դեր է ունեցել այն պատճառով, որ մօտ մէկ դար առաջ այդ շրջանում էին գտնւում Քաթմա ու Ռաժօ ճամբարները: Ռայմոնտ Գէորգեանի՝ թուրքերէն թարգմանուած ու «Իլեթիշիմ» հրատարակչութեան կողմից հրատարակուած «Հայոց Ցեղասպանութիւն» գրքի համաձայն, Ցեղասպանութեան ընթացքում Անատոլիայի (Արեւմտեան Հայաստանի-«Ակունք») չորս կողմերից հայերի կարաւաններն անցել են այդ ճամբարներով:
Քաթմանը գտնւում էր Անատոլիայի Կաթոլիկ հայ համայնքի տեղահանութեան ճանապարհին: Այդ կարաւանի հայերը թուրք ժանտարմերիայի ու ոստիկանների կողմից ձերբակալուել էին 1915թ. Օգոստոսի 27ին: Նրանց մէջ կային մէկ եպիսկոպոս ու 17 քահանայ, ինչպէս նաեւ՝ 1500 կաթոլիկ հայեր: Սակայն այս կարաւանը «բախտաւոր էր»: Հաւանաբար Թալէաթ փաշան Վատիկանի պատուիրակ Անճելօ Մարիա Տոլչին ու Աւստրօ-Հունգարիայի դեսպան Պալլավիճինիին գոհացնելու համար յանկարծակի որոշում է ներում շնորհել նրանց:
Քըրշեհիրի, Կեսարիոյ եւ Բիգայի վրայով Փոզանթը գնալուց յետոյ ողջ մնացածների վկայութիւնների համաձայն, նրանք հասել են Թարսուս, իսկ վերջում՝ Հալէպի մօտակայքում գտնուող Քաթմա գիւղ: Մօտ մէկ ամիս տեւած այդ ուղեւորութիւնից յետոյ կարաւանում գտնուողների մեծ մասը «դէպի Սիրիա աքսորի տեսուչ» Հաքքը պէյի կողմից Ռաս Ուլ Այն կամ Տէր Զօր են ուղարկւում, սակայն Հաքքը պէյի պաշտօնանկութիւնից յետոյ նրանց յաջողուել է Հալէպ հասնել:
Սակայն Քաթմայով անցնող ոչ բոլոր կարաւանների անդամներն էին ողջ մնալու: Քաթմանը գտնւում էր նաեւ Քարամանի հայերի ճանապարհին: Առաջին ձերբակալութիւններն սկսուել են Մայիսի 23ին, որից յետոյ, մինչեւ 1915թ. Օգոստոսի 11ի տեղահանութեան սկսուելու ժամանակ կարաւանը անցել է Էրեղլիով, Փոզանթըի տարածքով, Թարսուսով ու Օսմանիէով: Մինչեւ Հալէպ հասնելը՝ կանգառները եւս Քաթմայում են եղել: Սակայն այդ կարաւանը, Անգարայի կաթոլիկ հայերի նման, Հալէպում կանգ չի առնում, այլ՝ Սիրիայի Չոյլուում գտնուող Մեսքենէ է ուղարկւում:
Այդ ժամանակ շատ հայեր ապաստան էին գտել Աքշեհիրում: Այդտեղից Օգոստոսի 20ին սկսուած ու մինչեւ Հոկտեմբեր ամիս տեւած տեղահանութեան ընթացքում էլ աքսորականների ճանապարհը Քաթմայով էր անցնում:
Առաջին կարաւանի անդամները մինչեւ Էրեղլի մեկնում էին գնացքով, այդտեղ գաւառապետ Ֆայիք պէյը, ոստիկանութեան կոմիսար Իզզեթ պէյը, ժանտարմերիայի հրամանատար Միտհաթ պէյը եւ Մուսթաֆա էֆենտին նրանցից վերցնում էին թանկարժէք իրերը, որից յետոյ կարաւանը մինչեւ Օսմանիէ գնում էր ոտքով: Նախքան Հոկտեմբերի 23ը այդտեղ մնացած աքսորեալներին սիրիական անապատներ ուղարկելուց առաջ կանգառները Քաթմայում էին լինում:
Հալէպի կառավարիչ Պեքիր Սամին Հոկտեմբերի մէկին ներքին գործերի նախարարութեանը հաղորդում է, որ Քաթմա Գարըում Քիլիսից տեղահանուած հազարաւոր աքսորեալներ կային, իսկ ատանացի աքսորեալներն էլ Քաթմայով էին անցնում: Ճեմալ փաշայի «անձնական նախաձեռնութեամբ» այն հայերին, ովքեր չէին ուղարկուել Դամասկոսի շրջան եւ աւելի հարաւ, քշւում էին դէպի սիրիական անապատ:
Մինչեւ Օսմանիէ գնացած հայերը ուղարկւում էին Ինթիլլիում եւ Քաթմայում գտնուող համակենտրոնացման ճամբարներ, իսկ աւելի ուշ դէպի Հալէպի գնացքի կայարանի մօտ գտնուող տարանցիկ կենտրոն հանդիսացող Քարլըք գնում էին ոտքով. կարաւանին սպասում էր Ցեղասպանութեան երկրորդ փուլը…
Հալէպի ճանապարհին գտնուող Քաթմայի ու Ռաժոյի ճամբարները երկար ժամանակ բաց չէին մնում: Այնուամենայնիւ, բազմաթիւ մարդիկ այդտեղ զրկւում էին կեանքից: Հալէպի հիւպատոս ու կառավարիչ Հոֆմանը 1915թ. Հոկտեմբերի 18ին դեսպանութեանը ուղղուած հեռագրում տեղեկացնում է, որ ըստ Հալէպի վիլայեթի քաղաքական բաժնի պետի, Ռաժօ եւ Քաթմա ճամբարներում գտնուող աքսորեալների թիւը 40 հազարի է հասնում, եւ, ըստ նրա, «արեւմտեան, կենտրոնական ու հիւսիսային Անատոլիայից եկող մնացած կարաւաններն էլ են ճանապարհին, ըստ այդմ, մօտ 300,000 մարդու ստիպում են քայլել դէպի հարաւ»:
Գնացքի կայարանից մօտ մէկ կմ. հեռաւորութեան վրայ գտնուող Ռաժոյի ճամբարը վրաններով ծածկած մեծ ճահճուտ էր յիշեցնում: Ցեղասպանութեան ընթացքում այդտեղով անցնող պանտըրմացի (Պալըքեսիր-«Ակունք») մի աքսորեալ շրջանն այսպէս է բնութագրում. «Վրանները լիքն էին դիերով: Վրաններ չունեցող մարդիկ ցրտից մի փոքր պաշտպանուել կարողանալու համար երկաթուղու կամուրջի տակ էին տեղաւորել: Բաւականին ուժեղ անձրեւի պատճառով այդտեղ յանկարծակի ջուր լցուեց եւ քշեց մարդկանց, բոլորը խեղդուեցին: Ամէն կողմում դիեր կային: Քիչ մարդիկ կարողացան փրկուել»:
Նորից երկաթուղուն շատ մօտ հարեւան Քաթմայի ճամբարում էլ պատկերը նոյնն էր: Պրոֆեսոր Վերժինէ Սվազլեանի «Հայոց Ցեղասպանութիւն» գրքում, որը թուրքերէնով հրատարակել է «Պելկէ» հրատարակչութիւնը, Սարգիս Մակարովը տեղի ունեցածները այսպէս է ներկայացնում. «Նոյեմբերի 6ին հասանք Քաթմա: Հայերի վրանները շատ էին, բայց հիւանդ ու ծանր վիճակում գտնուողներն էլ շատ կային: Կարապետ Մերճիմէկեան եւ Թոքաթլեան վարդապետները հոգիներն աւանդեցին: Անձրեւը բոլորիս շարունակում էր թրջել: Ամէն կողմ տիրում էր թախիծը… Բազմաթիւ դիեր անձրեւի տակ անթաղ մնացին: Ես էլ մրսեցի, վախենալու աստիճան բարձր ջերմութիւն ունէի, անքուն էի: Ամէն գիշեր գողերը շրջում էին, թալանում էին, անհնազանդներին սպաննում էին»:
Սեպտեմբերի 6ին շրջան գնացած Վահրամ Տատեանը ականատես է դառնում, որ ճամբարից դէպի հարաւ՝ ճանապարհ ընկած ամէն 10 աքսորականի տեղում «հազար մարդ էր գալիս»: Այդ ճամբարը քաղաքում տիրող հացի ու մաքրութեան պակասը հիւանդութիւնների տարածման տեղիք էր տալիս եւ մեծ կորուստների պատճառ դառնում:
Տատեանը տեսնելով այդ ամէնը՝ հասկանում է, որ եթէ, ինչքան հնարաւոր է, շուտ չկարողանայ հեռանալ ճամբարից, ապա բոլորի նման՝ ինքն էլ նոյն ճակատագրին կ՛արժանանայ, այսինքն կա՛մ սովից կը մահանայ, կա՛մ համաճարակի զոհ կը դառնայ: Սեպտեմբերի 9ին կաթողիկոս Սահակ Խապայեանը Քաթմայի ճամբարն էր գնում, սակայն, ինչպէս ինքն էր խոստովանում, աքսորականների պայմանները բարելաւելու համար Հալէպի պաշտօնեաներին ուղղուած բոլոր դիմումներն ապարդիւն էին:
Պրոֆեսոր Սվազլեանին տեղի ունեցածները հաղորդած՝ 1903թ. Աֆիոն-Գարահիսարում ծնուած Արփինէ Փարթիկեանն էլ է համաճարակին ականատես լինում. «Քայլելով հասանք Քաթմա: Արդէն աշուն էր ու ցուրտ: Ժողովուրդն ուզում էր արագ տեղ հասնել, վրան կառուցել ու մտնել մէջը, քանի որ սկսուել էին նաեւ անձրեւները: Այնտեղ եղբօրս կանչեցի, նրան ասացի. «Ինձ մօտ արի՛»: Այդ եռուզեռի մէջ նրա՝ ինձ մօտենալը չնկատեցի: Դա վերջին անգամն էր, որ տեսայ եղբօրս: Կորա՞ւ, թէ փախցրին՝ չգիտեմ: Սոված էինք. ուտելու ոչինչ չկար: Խոտ կամ էլ ձիերի կեղտի մէջ եղած ցորենն էինք ուտում: Ի վերջոյ հիւանդացանք, ստամոքսներս ցաւում էին, փորլուծութիւն ունեցանք: Երեւի այդ հիւանդութիւնը տիֆ էր կամ դիզենտերիա: Արիւն ու մէզ էինք փսխում: Մեր ձեռքի տակ եղած դեղերը բաժանել էինք, այդ պատճառով մեզ մօտ դեղ չէր մնացել: Մեր շրջապատում բոլորը մահանում էին»:
Նոյեմբերի 8ին Հալէպում Գերմանիայի հիւպատոս Վոլթեր Ռէոսլերը Գերմանիայի վարչապետ Պեթման Հոլվեկին տեղեկացնում է. «Քաթմայի համակենտրոնացման ճամբարում աննկարագրելի վիճակ է տիրում»: Այն պատճառով, որ շրջանում գտնուող աքսորականների թիւը 200 հազարի էր հասնել, հայերը մի քանի օրուայ մէջ մէկ ժամ հեռաւորութեան վրայ գտնուող Ազեզ էին ուղարկւում:
1915թ. Նոյեմբերի վերջին մարդկանց այդ բազմութեան մէջ գտնուող Երուանդ Օտեանը աքսորականների մէջ եղած խօսակցութիւններին էլ է վկայ լինում:
Ամէն գնով Հալէպից այն կողմ չանցնելու զգուշացումների կողքին, «Հայերի Աուշվից» համարուող Տէր Զօրի հետ մէկտեղ, «ցանկացած գնով հեռու մնալ էր» անհրաժեշտ նաեւ Քաթմայի ու Ռաժոյի ճամբարներից:
1915թ. Նոյեմբեր-Դեկտեմբեր ամիսներից սկսած ռազմավարական նշանակութիւն ունեցող Ատանա-Հալէպ ճանապարհը բացելու եւ մաքրելու համար Իսլահիէ, Քաթմա եւ Ազեզ ճամբարներում գտնուած աքսորականներն ուղարկւում էին Ռաս Ուլ Այն: Այդ աքսորականների մէջ էր նաեւ 1903թ. Զէյթունում ծնուած Յովսէփ Բշտիկեանը: Սվազլեանին տեղի ունեցածները հաղորդած Բշտիկեանը այդ օրերը հետեւեալ կերպ է ներկայացնում. «Եկանք Քաթմա: Տեսանք, որ աքսորը բոլոր կողմերից է սկսուել: Ատանայից, Տերսիմից, Թուրքիայի բոլոր կողմերից հայերին մեքենաներով բերում էին ու տանում մինչեւ Քաթմա ու Հալէպ… Քաթմայում մնացինք երեք-չորս ամիս, հիւանդութիւն, աղտոտուածութիւն, մեր հագին՝ ցնցոտիներ, մենք՝ վրանների տակ… Ժողովուրդը սոված էր, ծարաւ ու անտէր, տիֆն ու քոլերան շրջում էին ամէնուր… Ժողովրդի կէսից աւելին հիւանդութեան պատճառով մահացաւ, մնացածին էլ սպաննեցին… Մինչեւ այնտեղ կը հասնէինք, անձրեւ սկսուեց: Արդէն իսկ աշնան վերջին ամիսներն էին: Ժողովրդի մի մասին մեզ հետ միասին գնացքներ նստեցրին, Ռաս Ուլ Այն ուղարկեցին, մնացած մասին էլ՝ Տէր Զօր:
Ըստ Ռայմոնտ Գէորգեանի, Ռաժոյում ու Քաթմայում 1915թ. աշնանից մինչեւ 1916թ. գարուն մահացածների թիւը մօտ 60,000 էր: Քաթմայում տեղի ունեցածները Վերժինէ Սվազլեանի կողմից ժողովուած հետեւեալ թուրքերէն ողբում են արտացոլուած.
«Նստեցինք սայլ, իջանք Քաթմա, այնտեղ սկսուեց երեխաների առեւանգումը: Թուրքերը սկսեցին վերցնել-փախցնելը: Յանուն կրօնի մեռնող հայեր»:
«Ակունք»