ՆՈՐԱՅՐ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Արաքսի հովտի գիւղատնտեսական հնարաւորութիւնների արդիւնաւէտ օգտագործման ծրագիրը մեկնարկել է մի քանի տարի առաջ: Հադրութի շրջանի հարաւային թեւում 3500 հեկտար (հա.) ոռոգովի հողատարածք կայ, մեծ մասը՝ Արաքսի հովտում: Պետական ծրագրերի ու մասնաւոր նախաձեռնութիւնների արդիւնքում հովտում արդէն որոշակի աշխատանք է տարուել:
Անելիքը, սակայն, աւելի շատ է, դրանց երիտասարդութեան ներգրաւումը՝ ցանկալի: Այս տրամաբանութեան մէջ է լիովին տեղաւորւում նախագահ Բակօ Սահակեանի եւ մի քանի տասնեակ երիտասարդների Ապրիլի 13ին կայացած հանդիպումը Արաքսաւանում: Հանդիպմանը մասնակցել են նաեւ պետնախարար Արայիկ Յարութիւնեանը, ներկայացուցիչներ Ազգային ժողովից եւ կառավարութիւնից:
Վերջերս հաստատուած՝ գիւղատնտեսութեան զարգացման հայեցակարգը պահանջում է վերանայել մօտեցումները, ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ, շրջանառութեան մէջ դնել նոր լուծումներ: Բակօ Սահակեանն այդ հարցում մեծ ակնկալիքներ ունի յատկապէս երիտասարդներից: «Հաշուի առնելով Արաքսի հովտի նշանակութիւնը մեր երկրի կեանքում, մենք շարունակում ենք աշխատանքները շրջանի հարաւային թեւում: Այն պահից, երբ կառավարութիւնը հաստատել է գիւղատնտեսութեան զարգացման նոր հայեցակարգը, անհրաժեշտութիւն էր առաջացել այս հատուածում եւս մեր աշխատանքները համապատասխանացնել այդ նոր հայեցակարգին», ընդգծել է երկրի ղեկավարը: 2018ի սկզբին, Արցախի կառավարութեան որոշմամբ, ստեղծուել է «Արաքս գօտի» ընկերութիւնը: Նպատակը Արաքսի հովտում աշխատանքներն ակտիւացնելն (աշխուժացնել-Խմբ.) ու համակարգելն է: «Բոլոր նրանք, ովքեր զբաղւում են գիւղատնտեսութեամբ կամ պատրաստւում են զբաղուել, կարող են համոզուած լինել, որ, ինչպէս նախկինում, այնպէս էլ այսուհետ, ստեղծելու ենք պահանջուող պայմանները՝ նրանց գործունէութիւնն արդիւնաւէտ դարձնելու համար», նշել է նախագահ Սահակեանը:
Վերականգնուել են 200 հա. խաղողի եւ թթենու այգիներ: Առաջիկայում եւս 1000 հա. կը մաքրուի եղէգներից: 200 հա. մաքրուել է՝ այգիներ հիմնելու նպատակով: Ոռոգման ցանցն է վերականգնւում, արդիականացւում: Մաքրուել են ջրանցքներ, հորատուել արտեզեան ջրհորեր: Տեղադրուել են անձրեւացման ժամանակակից համակարգեր: Գիւղատնտեսութեան ոլորտում երիտասարդների առաւել ակտիւ ներգրաւուածութիւնից նաեւ նոր մօտեցումների ու նոր փորձի կիրառում է ակնկալւում: «Յուսով ենք, որ երիտասարդների ընդգրկմամբ այս ոլորտի զարգացումը կը լինի ինտենսիւ (ուժգին, խտացեալ-Խմբ.), աւելի կազմակերպուած», լաւատես է գիւղատնտես Արամ Վերդեանը:
Որոշ երիտասարդներ գործով են ապացուցել դա: Հանդիպմանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի տասնեակ գիւղատնտես-ուսանողների հետ նաեւ արդէն որոշակի ճանապարհ անցած երիտասարդ ֆերմերներ (հողագործներ-Խմբ.) են մասնակցել: Նրանք պատրաստ են սկսնակների հետ կիսուել իրենց փորձով: «Բոլոր նրանց, ովքեր ուզում են զբաղուել ջերմոցային տնտեսութեամբ, կ՛առաջարկեմ զբաղուել յատկապէս ելակի արտադրութեամբ: Պատրաստ եմ իմ անձնական փորձը ներկայացնել նրանց», ասում է երիտասարդ մենատնտես Արամ Բադալեանը: Կառավարութեան առաջարկն աւելի ընդգրկուն է: Արաքսի հովտում հնարաւոր է մշակել գրեթէ ամէն ինչ՝ հացահատիկից մինչեւ մերձարեւադարձային բոյսեր: Գիւղատնտեսութեան զարգացման նոր հայեցակարգն օժանդակութեան բազմաթիւ մեխանիզմներ ունի: Արցախի նախագահը վստահեցնում է՝ սկսնակ հողօգտագործողներն իրենց խնդիրների հետ միայնակ չեն մնայ. «Դա չի կարող լինել միայն այդ մարդկանց խնդիրը: Մենք պէտք է դա ընկալենք որպէս մեր՝ բոլորիս խնդիրը: Ես հակուած եմ մեր յարաբերութիւնները կազմակերպել այդ պահանջից ելնելով»:
Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իւան Աւանեսեանը մինչ այժմ Արաքսի հովտում արուածն է ներկայացրել: Գիւղատնտեսական նշանակութեան հողերի մաքրման, նախապատրաստման աշխատանքները շարունակւում են: Նաեւ այդ տարածքներում աշխատողների կենցաղային խնդիրները չեն մոռացւում: Քաղաքաշինութեան նախարար Կարէն Շահրամանեանն էլ յիշեցնում է՝ դեռ 2014ին 29 կմ. էլեկտրագիծ է անցկացուել: Հողօգտագործողների համար տեղադրուել են առաջին տնակները: Արդէն մի քանի տասնեակ տնակներ կան Արաքսաւանում: Ապրելու նուազագոյն պայմաններն ստեղծուել են, իսկ այս տարուանից այդ հարցում համակարգային փոփոխութիւն կը լինի: Արդէն ընտրուել է տարածքը, որտեղ հիմնուելու է նոր բնակավայրը: Տնակները քարից չեն լինի, բայց իրենց ամրութեամբ ու յարմարաւէտութեամբ քարաշէն կացարաններին չեն զիջի, վստահեցնում է քաղաքաշինութեան թիւ 1 պատասխանատուն: «Մեր կողմից ուսումնասիրուել է տարածքը, որտեղից պէտք է ջրամատակարարման գիծ անցկացուի: Մօտ մէկուկէս կիլոմետր հեռաւորութեամբ է գտնւում աղբիւրը, որից կը սնուի ինքնահոս մայր ջրագիծը: Շինարարութիւնն արդէն սկսուած է: Նաեւ ներքին ցանցն է կառուցուելու: Իւրաքանչիւր վագոն-տնակ ջրով ապահովուած կը լինի, նաեւ լրացուցիչ ծորակ կ՛ունենայ՝ տնամերձ հողատարածքի ոռոգման համար», իրազեկում է Կ. Շահրամանեանը:
14 վագոն-տնակներն արդէն Ստեփանակերտում են, դրանք Հադրութի շրջան կը տեղափոխուեն եւ կը մոնտաժուեն (կը կազմուին-Խմբ.) Ապրիլ ամսուայ ընթացքում: 3 սենեականոց կացարաններն Արաքսի հովիտ են հասնելու ռուսաստանաբնակ բարերար Սերգէյ Համբարձումեանի շնորհիւ: Ոչ հեռու ապագայում նոր բնակավայրում կը տեղադրուի նման 100 տնակ: