Իլինոյիս նահանգում, շուրջ երկու տարի է, որ շատերն առաջին անգամ Հայաստանի մասին լսում ու մեր դարաւոր մշակոյթին ծանօթանում են հայկական պարի միջոցով: Երեւանի Խ. Աբովեանի անուան պետական մանկավարժական համալսարանի մշակոյթի ամպիոնի պարարուեստի բաժնի շրջանաւարտ, պարուսոյց, բալետմեյստեր Հրաչեայ Կոստանեանը 2015 թուականին հաստատուեց Միացեալ Նահանգներում եւ շատ կարճ ժամանակ անց սկսեց համագործակցութիւնը Վիլինգի Բալետի եւ Արուեստի Ակադեմիայի հետ: Այսօր ոչ միայն տեղի հայ մանուկները, այլեւ Ակադեմիայի օտարազգի սաներն ունեն հայկական պարի աւանդոյթները սովորելու եւ դրա առանձնայատկութիւնները բացայայտելու հնարաւորութիւն:
Ակադեմիայի բարձր դասարանի սաները, Հրաչեայյի ուսուցմամբ, մեծ սիրով են պարում հատուածներ հայկական բալետներից:
Հրաչեայ Կոստանեանը պարաւեստի ուսուցմանը նուիրուեց ամբողջ եռանդով, ու կարճ ժամանակ անց արդէն առաջին պտուղները քաղելու ժամանակն էր: 2017թ. ապրիլի 29-ին Սթարթփաուեր (Starpower) պարային մրցոյթում Հրաչեայ Կոստանեանի սաներին յաջողուեց յաղթողի տիտղոսը նուաճել ոչ միայն շրջանային փուլում, այլեւ‘ ազգային: Նոյն թուականի Մայիսի 13ին Ակադեմիայի սաները Գրոււ (Groove) կոչուող շրջանային մրցոյթից եւս վերադարձան մրացանակներով:
Հրաչեայ Կոստանեանի սաների ելոյթն առանձնայատուկ էր. հէնց նրանց բախտ վիճակուեց արժանանալու ոսկէ ուղեգրին‘ Միացեալ Նահանգները պարի աշխարհի 2018 թուականի առաջնութիւնում ներկայացնելու համար:
Պարուսոյցն աշխուժօրէն մասնակցում է նաեւ հայ համայնքի կեանքին: 2017թ.ի Օգոստոսի 27ին Իլինոյսի Էւանսթոն քաղաքում կազմակերպուած «հա՛յ Ֆէսթ»ին ներկայ էին նաեւ Հրաչեայ Կոստանեանի սաները՝ հայկական աւանդական եւ ժողովրդական պարերով, իսկ ամռան ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ճամբարին մասնակցող մանուկների ու նրանց ծնողների համար Հրաչեայն կազմակերպեց հայկական պարի անվճար դասընթացներ: ԱՄՆ տարբեր նահանգներից այստեղ հաւաքուած հայերը՝ մեծ ու փոքր, միասին պարեցին Եարխուշտայ, Թամզարայ, Լորկէ եւ այլ հայկական ազգային պարեր:
2018 թուականը նոյնպէս սկսուեց յաղթանակներով: Բալետի եւ Արուեստի ակադեմիայի սաները, Մարտին, Ամերիկեան «Legacy» ազգային մրցոյթում գրաւեցին առաջին տեղերը գրեթէ բոլոր տարիքային խմբերում: Այսօր, պարուսոյց Հրաչեայ Կոստանեանն իր սաների հետ միասին աշխատում են քրտնաջան՝ առաջիկայում նոյնպէս միայն բարձր մրցանակների արժանանալու համար:
Տեղեկանք: 2017թ.ի Նոյեմբերին Հրաչեայ Կոստանեանը պարգեւատրուել է ՀՀ Մշակոյթի նախարարութեան ոսկէ մեդալով՝ Սփիւռքում հայ մշակոյթի տարածման,պահպանման եւ հանրահռչակման համար: