ԱՐՓԻ ՀԱԽԻՆԵԱՆ
ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Մարտի 16ին, մի շարք յայտնի կինօգործիչներ եւ պրոդիւսերներ (ֆիլմարուեստի գործիչներ եւ արտադրողներ-Խմբ.) հանդիպեցին Ամերիկայի առաջատար իրաւաբանների հետ ժամանցի միջոցով մարդու իրաւունքների հիմնախնդիրները բարձրացնելու վերաբերեալ նորարարական «Lights. Camera. Reaction» գագաթնաժողովի շրջանակներում: Hammer Museum-ում տեղի ունեցած մէկօրեայ միջոցառումը եզրափակուեց արուեստի միջոցով մարդու իրաւունքների բնագաւառում ունեցած աւանդի համար ամէնամեայ առաջին՝ «Promise Institute մրցանակով», որը տրուեց օսկարակիր դերասանուհի Միրա Սորվինոյին:
«Մեզնից ոչ ոք չէր կարող ենթադրել, որ նմանատիպ խելայեղ շարժում կը սկսուի», մրցանակը ստանալու ժամանակ իր հօր՝ Փօլ Սորվինոյի ներկայութեամբ իր խօսքում նշեց Միրա Սորվինօն եւ անդրադարձաւ իր իսկ օրինակին, կապուած Հարվի Ուայնսթինի եւ ուրիշների հետ, վերջերս թափ առած #TimesUp եւ #MeToo շարժումներում: «Ինչ-որ բան կատարուեց մեր սրտերում, եւ մենք ասացինք՝ պէտք է ճշմարտութիւնն ասել», ասաց նա:
Քննարկումներին մասնակցում էին սոցիալական ազդեցութեան բնագաւառի յայտնի կինոգործիչներ Էդ Զուիքը (Blood Diamond), Թերրի Ջորջը (Hotel Rwanda, The Promise), Ռեջինալդ Հադլինը (Marshall), Էմի Ցիրինգը (The Hunting Ground«, Քեթրին Հարդուիքը (Thirteen, Twilight), Եւգենի Աֆինէեւսկին (Cries from Syria, Winter on Fire), պրոդիւսերներ դոկտոր Էրիկ Էսրաիլեանը (The Promise) եւ Մայքլ Մեդաւոյը (Zodiac), դերասանուհի Անժելա Սարաֆեանը (Westworld, «1915»), սոցիալական (ընկերային-Խմբ.) ազդեցութեան պրոդիւսեր Բոնի Աբաունզան, ժամանցի իրաւական փորձագէտներ Գաբրիէլ Բրաքինը (Participant Media), Դենիել Մ. Մայեդան եւ Քելի Սէյջերը:
«Լաւ նպատակները դիւրին են։ Բայց դրանք կարեւոր թեմաների մասին ճշմարիտ, դիպուկ, անկանխատեսելի պատմութիւնների վերածելն այդքան էլ դիւրին չէ: Մեր տաղանդաւոր խօսնակները հիանալի կերպով ներկայացրեցին՝ ինչպէս են իրենք կարողացել ձեւաւորել եւ ստեղծել արդիւնաւէտ ժամանց ահռելի մարտահրաւէրների պայմաններում», ասաց Creative Armenia-ի փոխնախագահ Ալէք Մուհիբեանը, ով վարում էր «Art and War: Creating Human Rights Films» վերնագրով քննարկումը։
Միջոցառումը հիւրընկալել էին Creative Armenia-ն, UCLA-ի Իրաւաբանութեան ֆակուլտետի՝ Մարդու իրաւունքների Promise ինստիտուտը, եւ UCLAի Թատրոնի, ֆիլմի եւ հեռուստատեսութեան ֆակուլտետի՝ Սոցիալական ազդեցութեան ժամանցի Skoll կենտրոնը: Երեք քննարկումներից իւրաքանչիւրն անդրադարձաւ սոցիալական ազդեցութեան ֆիլմարտադրութեան տարբեր բնագաւառների մարտահրաւէրներին եւ հնարաւորութիւններին՝ իրաւական ու էթիկական հարցերին, արտադրական ու բիզնես խնդիրներին, եւ վերջապէս հէնց ստեղծարար գործընթացին: Քննարկումներն անկեղծ էին, սուր եւ յաճախ շատ բուռն, քանզի վերաբերում էին ինչպէս ներկայիս, այնպէս էլ պատմական դէպքերի:
Յաւելեալ տեղեկութիւնների համար կարող էք այցելել www.creativearmenia.org կայքը։
ԱՐՓԻ ՀԱԽԻՆԵԱՆ՝ Մեդիա եւ հաղորդակցութեան համակարգող Creative Armenia
communications@creativearmenia.org