ԱՐՄԻՆԷ ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆ
Նստած եմ մեր այստեղի հայկական դպրոցներից մէկի Ամանորի հանդէսին: Սրահը կամաց-կամաց լցւում է բազմութեամբ: Սրահը զարդարուած է տօնական եւ շատ գեղեցիկ: Սեղանները լեցուն են զանազան խորտիկներով ու նախաճաշի ուտեստներով: Բեմ է բարձրանում մանկամսուրի եւ մանկապարտէզի տնօրինուհին ու յայտարարում է հանդիսութիւնը բացուած: Հերթով բեմ են բարձրանում 2-5 տարեկան հրեշտակադէմ հայ փոքրիկները իրենց զանազան խմբակների գոյներով, կարմիր խումբ, յետոյ կանաչ խումբ, դեղին խումբ եւ այլն:
Սկսում են խառնիխուռն մանկական ձայներով իրենց սովորած արտասանութիւները, երգերն ու պարերը: Ամէն մի երեխայ դրսեւորում է իր իւրայատուկ անհատականութիւնը: Մի քանիսը շատ համարձակ ու հպարտ իրենց երգ ու պարի շնորհքն են դրսեւորում, եւ կան ամաչկոտներ, որ մի քիչ վախեցած, մի քիչ էլ շուարած՝ կա՛մ երգում ու շարժւում են, կա՛մ էլ հայեացքով իրենց ծնողներին են փնտռում սրահի նստածների մէջ:
Ամէն խմբակի մէջ էլ կան անգամ լացողներ կամ շատ տխուր բռնազբօսիկ կանգնածներ, որ պատրաստ են մամայի գիրկը ցատկել եթէ կարողանային: Կար մի քանի երեխայ, որ այնքան սրտաճմլիկ լաց են լինում, որ մայրը մեծ դժկամութեամբ, բայց ստիպուած մօտենում է ու գրկած նրան վար է իջեցնում բեմից:
Ինձ թւում է, որ եթէ մի երեխայ մինչեւ այդ աստիճան անհաղորդ է ու ազդուած, աւելի ճիշդ է չշարունակի մասնակցութիւնը քան թէ այդ աստիճանի «դրամա» ապրի: Ես նայում եմ ցածը նստած ծնողներին, որ իրենց հեռաձայնները ձեռքները բռնած, ամենայն հրճուանքով լուսանկարում են իրենց մանուկներին:
Ուշադիր դիտում եմ շուրջս կատարուածը ու սկսում եմ մտորել հետեւեալ մտքերը. բեմի վրայ են հաւաքուած մի քանի հարիւր սիրուն, մատղաշ նոր ծիլ տուած ծաղիկների պէս երեխաներ: Ինքս ինձ հարց եմ տալիս, 15, 20 տարի յետոյ սրանք ո՞ւր են լինելու: Արդեօք այս դպրոցը կ՛աւարտե՞ն: Աւարտելուց յետոյ արդեօք բարձրագոյն ուսումնական հաստատութիւն կը յաճախե՞ն: Այս մեծ ու այլազան Ամերիկայի ո՞ր անկիւնը, ո՞ր համալսարանը կը վիճակուի իրենց կրթութիւնը շարունակել: Որքանո՞վ կապուած կը մնան իրենց ակունքներին: Արդեօք հայի հետ կ՛ամուսնանա՞ն: Արդեօք իրենց ծնողների պէս հայկական դպրոց կը յաճախե՞ն իրենց երեխաները:
Ի՞նչ է լինելու մեր այս գաղութի ապագան: Այս նոյն հայապահպանումը, որ մղել է այսքան ծնողների այստեղ հաւաքուելը, որքա՞ն կը շարունակուի: Որքա՞ն ապագայ ունի եւ որքա՞ն կը յարատեւի Սփիւռքը հայրենիքից կտրուած: Բոլորս էլ գիտենք որքան մեծ զոհողութեամբ եւ դժուարութեամբ ենք փորձում հայկականութիւնը պահպանել:
Եթէ այս երեխաները հայրենիքում լինէին, ոչ մէկ այսպիսի մտահոգութիւն չէին ունենայ իրենց ծնողները: Յաճախ է լինում, որ Երեւանում անցնում եմ դպրոցների դռների առջեւից այն ժամերին, որ արդէն դասերը աւարտուած են ու խումբ-խումբ երեխաներ ուրախ ու զուարթ ցատկրտելով, դուրս են գալիս դէպի փողոց մեր ոսկեղնիկ հայերէնով զուարճախօսելով ու կատակով իրար հրմշտկելով: Կան ծնողներ, որ եկել են շատ փոքրերին տուն տանելու, եւ կան նրանք, որ շատ հեռու չեն բնակւում ու գոյնզգոյն ուսապարկերով՝ ընկերով կամ միայնակ քայլելով տուն է գնում: Հայաստանը ապահով երկիր է ու ոչ մէկ ծնող այստեղի նման մտահոգ չէ իր երեխայի համար, որ պէտք է մենակ տուն քայլի: Կան աշակերտներ, որ հանրակառքերով են դպրոց յաճախում: Վերջին տարիներին համալսարանի թաղերը լեցուած են ուսանողների անձնական մեքենաներով:
Երեւակայում եմ, որ եթէ այս սրահի մէջ նստածները հրաշքով տեղափոխելու լինեմ Երեւան, քանի-քանի թաղամասի բնակիչ կը բազմանար ու կ՛աշխուժանար: Մանաւանդ Երեւանը շատ երեխայակենտրոն քաղաք է: Համարեա ամէն օր Տիկնիկային թատերասրահում եւ այլուր լինում են տարբեր ներկայացումներ տարբեր տարիքային խումբերի համար: Մանաւանդ արձակ օրերին կը տեսնենք խումբերով թանգարաններ, հանրային պարտէզներ կամ կենդանաբանական այգի այցելութեան «էքսկուրսիա» դուրս եկած դպրոցականներ, իրենց դասղեկների կամ ուսուցիչների հետ:
«Խնկօ Ապեր» մանկական գրադարանը ամենասիրելի վայրն է ու յաճախ աշակերտներ կը տեսնէք, որ դպրոցից յետոյ անմիջապէս տուն գնալու փոխարէն մտնում են ներս ու հետեւում հեքիաթ պատմող դաստիարակների այդ նպատակով կահաւորուած գեղեցիկ սրահում: Այս գրադարանում յաճախ լինում են նոր լոյս տեսած գրքերին ծանօթացնող ցուցահանդէսներ:
Ամենահետաքրքիր երկու յատուկ դպրոցական օր կայ Հայաստանում. մէկը Առաջին Զանգն է եւ միւսը Վերջին Զանգը: Առաջին զանգը Սեպտեմբերի մէկին է, երբ դպրոցականները, յատկապէս առաջին դասարանը առաջին անգամ յաճախող փոքրերը, ծաղկեփնջերով դիմաւորում են իրենց ուսուցիչներին: Բոլորն էլ հագուած են լինում շատ սիրուն ու կոկիկ: Աղջիկների մազերը զարդարուած են լինում տեսակ-տեսակ բանթիկներով: Հազուադէպ է լինում յուզուած, անգամ լացող փոքրիկներ՝ կախուած մամայի փէշերից:
Մէկ րոպէ մտովին համեմատում եմ Հայաստանում իմ տեսած այսպիսի փոքրերի ապագան ԱՄՆում մեծացող փոքրերի հետ ու վստահ եմ, որ սրանք հայ կը մեծանան բոլոր առումներով, իսկ ցաւօք ԱՄՆում մեծացողները քանի մը սերունդ յետոյ կորած են մեր ազգի համար: Ինչպէս Արամ կաթողիկոսը ասեց իր զրոյցի ընթացքում, անցեալ ամառուայ Սփիւռք-Հայաստան մեծ համագումարին. «Սփիւռքը մաշւում է…»:
Ճիշդ է, ո՛չ մէկ ազգ իր հայրենիքից դուրս ապագայ չունի: