Վիրահայոց թեմում բարի աւանդոյթ է դարձել Բուն Բարեկենդանը նշել Հարիսայի փառատօնով: Այս տարի նոյնպէս աւանդոյթը կը պահպանուի, բայց առաւել լայնամասշտաբ եւ բազմաբնոյթ:
2018 թուականի Փետրուարի 4ին, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միութեան նախաձեռնութեամբ եւ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու լուսարարապետ Մանուկ քհնյ. Զէյնալեանի աջակցութեամբ, Մառնէուլի շրջանի Ախքէօրփի հայաբնակ սահմանամերձ գիւղում մեկնարկեց Հարիսայի փառատօնը:
Դեռեւս նախորդ օրը, Մանուկ քահանան երէցկնոջ, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միութեան ակտիւ անդամ, Սուրբ Մովսէս Խորենացի նախակրթարանի ուսուցչուհի Անի Զեյնալեանի հետ ուղեւորուեց գիւղ:
Այստեղ մինչեւ լուսաբաց երէցկնոջ գլխաւորութեամբ, տեղի կանանց հետ միասին պատրաստեցին հարիսայ:
Գիւղամէջ էին հաւաքուել տեղացիները՝ մեծից փոքր: Նախատօնական իրարարանցում էր. կանայք խառնում էին կրակի վրայ եփ եկող հարիսայով լի կաթսաները, տղամարդիկ հետեւում էին կրակին, իրար կողք-կողքի դասաւորում սեղանները, իսկ տարեցները յիշում էին մուսալեռցիների հարիսայի մասին: Առաւօտեան 1861 թուականի կառոյց Սուրբ Աստուածածին մատուռում մոմեր վառելուց եւ աղօթք անելուց յետոյ ախքէօրփեցիներին միացան Թբիլիսիից ժամանած «Շուշանիկ» միութեան անդամները եւ թեմի աշխատակիցները:
Դիմելով հաւաքուած հասարակութեանը, Մանուկ քահանան, քարոզի խօսք ասաց Բուն Բարեկենդանի օրուայ խորհրդի մասին, փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնութիւնը եւ շնորհաւորանքը հարիսայի տօնի կապակցութեամբ:
Երեւոյթից գոհ էին թբիլիսիից ժամանած հիւրերը, վերաբերմունքից ոգեւորուած էին տեղացիները, զգալով Վիրահայոց թեմի առաջնորդի մշտական ուշադրութիւնը գիւղի նկատմամբ եւ որոշումը հարիսայի տօնակատարութիւնը շուրջ 300 տարուայ պատմութիւն ունեցող, Հայաստան-Վրաստանի սահմանին գտնուող, դժուարանցանելի ճանապարհով կենտրոնից կտրուած այս գիւղից սկսելու մասին:
Հարիսայ ուղարկուեց նաեւ տկարներին եւ ծերերին, Մանուկ քահանան մի քանի անկողնային հիւանդների այցելեց, հարիսայ հիւրասիրեց եւ բժշկութեան աղօթք արեց:
Հարիսայի փառատօնը թեմական միջոցառում է եւ մէկշաբաթեայ տեւողութեամբ, Փետրուարի 4ից տասը նման միջոցառումներ են նախանշուած Սամցխէ-Ջաւախքի, Քուեմօ Քարթլիի տարածաշրջաններում ու Վրաստանի միւս հայաբնակ վայրերում: Եզրափակիչը կը լինի Բուն Բարեկենդանի օրը, Փետրուարի 11ին, Վիրահայոց թեմի բոլոր կենտրոններում միաժամանակ իրականացուող փառատօնը:
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ