«Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատօնի շրջանակներում շարունակւում են միջոցառումներ կազմակերպուել Արցախի քաղաքների հետ բարեկամական կապեր հաստատած ֆրանսիական տասը քաղաքներում: Այս օրերին փառատօնը հիւրընկալուել է Ֆրանսիայի Բուշ դիւ Ռոն նահանգի Լէ Պեն Միրաբօ քաղաքում, որտեղ Յունուարի 8ին տեղի է ունեցել փառատօնի բացման հանդիսաւոր արարողութիւն: Միջոցառմանը ներկայ են եղել Լէ Պեն Միրաբոյի քաղաքապետ տիկին Մոնիկ Սլիսան, Ֆրանսիայի Սենատի անդամ, Լէ Պեն Միրաբոյի նախկին քաղաքապետ Միշել Ամիէլը, քաղաքային խորհրդի անդամներ, նահանգի պատգամաւորներ, ինչպէս նաեւ Արցախի Հանրապետութեան պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարեանը, Ֆրանսիայում Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանը եւ Ֆրանսիայի հայ համայնքային կառոյցների ներկայացուցիչներ:
Փառատօնի ծրագրում ընդգրկուած են, մասնաւորապէս, ֆրանսիացի յայտնի լուսանկարիչ Իւան Թրաւերի «Արցախ. մի երկրի ոգին» խորագրով լուսանկարների ցուցահանդէսը, գծանկարիչ Սիլվեն Սաւոյեայի «Ճամբորդութիւն դէպի Արցախ» գծանկարների շարքի, ֆրանսահայ ռեժիսոր Առնօ Խայաջանեանի «Մենք ենք, մեր սարերը» վաւերագրական ֆիլմի ցուցադրութիւնները, ինչպէս նաեւ իրաւագէտ Ժերար Գերգերեանի «Ազգերի ինքնորոշման իրաւունքը եւ արցախեան հակամարտութեան իրաւական կողմերը» թեմայով ազատ դասախօսութիւնը, որի ընթացքում հանդէս կը գայ նաեւ Արցախի Հանրապետութեան պետական նախարարի խորհրդական Արտակ Բէգլարեանը:
ԱՐՑԱԽԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ