ԱՐՄԻՆԷ ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆ
Ներքեւի յօդուածով ուզում եմ ներկայացնել, թէ ինչպիսի փոփոխութիւն է տեղի ունեցել գինեգործութեան ասպարէզում Հայաստանում, և ինչ դեր է կատարում Վարուժան Կունդակջեանի յիշատակին հաստատուած հիմնադրամը: Սոյն հիմնադրամը գումարուեց իր նման հայրէնասէր ու բարերար ընկերների, բարեկամների միջոցով, որի նպատակն է «համաձայն Վարուժանի փափաքին» կրթաթոշակ յատկացուի Հայ կրթական հիմնարկի կողմից ընտրուած ուսանողների, որոնք կրթութիւնը շարունակում են գիւղատնտեսութեան որեւէ ճիւղի մեջ: Անցեալ տարի Երեւանի Պետական համլսարանում երեք ուսանող կար: Այս տարի հինգ ուսանող է ընտրուել Ագրարային համալսարանում:
Այս նպատակով, ես շատ հաճելի առիթը ունեցայ այս անցեալ ամառ հանդիպելու հինգ գերազանց ու շնորհալի ուսանողների, որոնք իմ համար շրջապտոյտ էին կազմակերպել Հայաստանի ագրարային համալսարանում:
Կրթաթոշակ ստացած այս հինգ ուսանողներն են՝ Խանում Նիկողոսեան, Անի Կարապետեան, Սուրէն Շմավոնեան, Գէորգ Գասպարեան եւ Արթուր Յարութիւնեան:
ԱՄՆ գիւղ դեպարտամենտի (բաժանմունքի-Խմբ.) (USDA) աջակցութեամբ նորոգուած համալսարանի երեք յարկանի գեղեցիկ շէնքը գտնւում է Տէրեան պողոտայի վրայ: Սոյն համալսարանը օժտուած է ժամանակակից լսա-րաններով, փորձառական տար-րալուծարանով (Laboratory) եւ ճաշարանով: Այստեղ քննութեան են ենթարկւում Հայաստանում այս օրերին արտադրուող 40 տեսակ գինիներ (ի զարմանս ինձ) այո՛, զարմանալի է եւ ուրախալի, որովհետեւ 6000 տարուայ գինի ստեղծող ու խմող ժողովուրդը, որ 70 տարի վոտկա խմող դարձուեց, հիմա նորից յիշել ու վերադարձել է իր ակունքներին: Զարմանքով ականատեսը եղայ Երեւանում օրէ օր աճող գինետներին, ուր մի քանի օտարամոլ գործատէրեր ցուցափեղկերի վրայ գրել են «Վայն հաուս» (Wine House): Սրանք բարձր ճաշակով նորակառոյց գինետուն-ճաշարաններ են, ուր շատ յաճախ առանց նախօրօք ապահովելու, տեղ չի ճարւում նստելու: Շատ սեղաների վրայ տեսնում ես «ԶԲԱՂՎԱԾ Է» ազդանշանը…
Այցի ընթացքին ինձ յայտնեցին մի շատ ուրախալի եւ գովելի լուր, որ այս համալսարանի բոլոր շրջանաւարտները ներկայում աշխատանք են գտել Հայաստանում ագրարային «գիւղատնտեսութեան» եւ գինեգործութեան տարբեր ասպարէզներում:
Կասկածից վեր է, որ հայրենիքի տնտեսական ընդհանուր զարգացման գերակայ ուղղութիւններից մէկը գիւղատնտեսութիւնն է, ներառեալ ագրոբիզնեսի (հողագործական գործառնութեան-Խմբ.) ոլորտը: Իր հերթին, գիւղատնտեսութեան եւ ագրոբիզնեսի զարգացման եւ արդիականացման հրամայականը մեծապէս կախուած է այս ոլորտում ժամանակակից կրթութեան առկայութեամբ: Նորագոյն գիտելիքներով, հմտութիւններով եւ արդի միջազգային փորձով զինուած երիտասարդ հայ մասնագէտներն են, որ կերտելու են հայաստանեան գիւղատնտեսութեան եւ ագրոբիզնեսի, ուստիեւ՝ մեր երկրի ապագան: Այս առումով, շնորհիւ ԱՄՆ եւ Եւրոպական գործընկերների հետ երկարամեայ գործակցութեան, Ագրոբիզնեսի հետազօտութիւնների եւ կրթութեան միջազգային կենտրոնը (ICARE) արդէն աւելի քան մէկուկէս տասնամեակ գտնւում է Հայաստանի կրթական ու գիտական հաստատութիւնների աւանգարդում (յառաջապահի դիրքին վրայ-Խմբ.)՝ տարէց-տարի ընդլայնելով իրենց որակեալ մասնակցութիւնը երկրի արտադրական, գիտական ու կրթական ոլորտներում առաւել ճիշդ ռազմավարական ու մարտավարական որոշումների ընդունմանը եւ դրանց իրականացմանը:
ՏԵՍԼԱԿԱՆ
Զարգացնել կայուն գիտելիքների կարողութիւնները Հայաստանի սննդի եւ ագրոբիզնեսի ոլորտում:
ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆ
Ծառայել որպէս միջազգային գերազանցութեան կենտրոն՝ գերժամանակակից կրթական ծրագրերի եւ առաջադէմ հետազօտութիւնների միջոցով պատրաստելով սննդի եւ ագրոբիզնեսի ոլորտի առաջնորդներ: ICARE-ի մաս են կազմում Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը, Ագրոբիզնեսի հետազօտութիւնների կենտրոնը եւ «Ի.Վի.Էն» գինու ակադեմիան:
Այստեղ իւաքանչիւր ուսանող, շրջանաւարտ, դասախօս եւ անձնակազմի անդամ պատկանում է ICARE-ի ընտանիքին: Մենք վստահ ենք, որ նորարարութիւնը մեր հայրենիքի՝ Հայաստանի բարգաւաճման եւ զարգացման համար ամենակարեւոր գործօնն է: Այս նպատակին հասնելու համար, մենք համատեղում ենք ագրոբիզնեսի կրթութեան, հետազօտութիւնների եւ զարգացման ոլորտի լաւագույն գործելակերպերը եւ ամենաառաջաւոր գիտելիքները:
Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը հիմնադրուել է 2000թ.ին, Հայաստանի պետական ագրարային համալսարանի եւ Տեկսասի «Էյ. ընդ Էմ.» (Texas A&M University) համալսարանի գործակցային համաձայնագրի հիման վրայ եւ ԱՄՆ գիւղդեպարտամենտի (USDA) ֆինանսատեխնիկական աջակցութեամբ: Կենտրոնն առաջարկում է ագրոբիզնեսի եւ շուկայաբանութեան երկաստիճան կրթութիւն (բակալաւրիական եւ մագիստրոսական), որը նպաստում է Հայաստանի ագրոպարենային հատուածում ձեռներէցութեան զարգացմանը:
ICARE-ի այս կրթական ծրագիրը ամերիկեան ոճի ագրոբիզնեսի կրթութիւն ապահովող եզակի եւ յաջողուած սինթեզ (համադրում-Խմբ.) է՝ յարմարեցուած Հայաստանի պայմաններին: Այն պատրաստում է տնտեսագիտութեան, շուկայաբանութեան եւ կառավարման լայն մտահորիզոն ունեցող, ժամանակակից հաղորդակցական հմտութիւններով եւ անգլերէնի գերազանց իմացութեամբ մասնագէտներ:
2017թ.ի դրութեամբ ICARE-ը ունեցել է աւելի քան 600 շրջանաւարտ, որի 80 տոկոսն այժմ բնակւում եւ աշխատում է Հայաստանում եւ նպաստում մեր երկրի զարգացմանը:
Շրջանաւարտների 92 տոկոսը աշխատանք են գտնում աւարտելուց յետոյ մէկ-երկու ամիսների ընթացքում, ընդ որում նրանց աշխատավարձը մօտ 2.5 անգամ աւելի բարձր է, քան տուեալ ոլորտի միջին աշխատավարձը:
Արեւմտեան չափորոշիչներով որակեալ կրթութիւնը եւ ընտանիքի ոգին այստեղ ուսանողների օրը յագեցնում են իւրայատուկ բովանդակութեամբ՝ դժուարութիւններով ու գրաւչութիամբ: ICARE-ի ընտանիքում միջազգային չափորոշիչների վրայ հիմնուած առողջ կրթական միջավայրը ձեւաւորում է ուսման հանդէպ ստեղծագործական ու մրցակցային վերաբերմունք՝ միահիւսուած փոխգործակցութեան եւ բարեկամութեան արժէքներով առաջնորդուող ուսանող-դասախօս յարաբերութիւններով: Թէ՛ ուսումնական եւ թէ հետազօտական աշխատանքներում մենք մշտապէս սովորում եւ անձնական զարգացման ռեսուրսներ ենք կուտակում:
«Ի.Վի.Էն.» Գինու Ակադեմիա (ICARE – EVN Wine Academy)
«Ի.Վի.Էն» գինու ակադեմիան ստեղծուել է 2014թ.: Ակադեմիան առաջարկում է «Գինեգործութիւն եւ գինու բիզնես» (Enology and Wine Business) 18ամսեայ մասնագիտական հաւաստագրային ծրագիր: Այս հաւաստագրային ծրագիրն իրականացւում է Գերմանիայի Գայզնհայմի համալսարանի (Geisenheim University) հետ համատեղ: Աշխատանքի տեղաւորման ցուցանիշով Գինու ակադեմիան գերազանց դիրքում է, գործնականում 100 տոկոսով շրջանաւարտներն ապահովւում են մասնագիտական աշխատանքով: Մենք ձգտում ենք պահպանել այս ցուցանիշը՝ մշտապէս զարգացնելով Գինու ակադեմիայի գործակցային կապերը արտադրութեան ոլորտի հետ: Այժմ Գինու ակադեմիան ունի 33 շրջանաւարտ: Կարեւոր է այն փաստը, որ բացի լսարանային կրթութիւնից, ուսանողները արտադրական պրակտիկա (փորձնակութիւն) են անցնում հենց գինեգործարաններում: Իսկ Գինու ակադեմիան համալրուած է ժամանակակից գինու լաբորատորիայով եւ մասնագիտական համտեսի սրահով, որտեղ ուսանողները կարող են լրացնել իրենց տեսական գիտելիքները նաեւ փորձնական գիտելիքներով:
Հայաստանի գինու արդիւնաբերութիւնը թեւակոխել է զարգացման մի փուլ, որը կարելի է որակել որպէս «վերադարձ արմատներին»: Ունենալով արդիւնաբերական գինեգործութեան աւելի քան 6000 տարուայ պատմութիւն, երկիրը կորցրել էր այդ համբաւը վերջին 70 տարուայ ընթացքում: 2016թ.ին «Ի.Վի.Էն» գինու ակադեմիայի Գինեգործութիւն եւ գինու բիզնես կրթական ծրագիրը էական գործօն հանդիսացաւ գինեգործութեան ճիւղի զարգացման եւ այս առումով՝ Հայաստանի միջազգային մրցունակութեան բարձրացման գործում: Ծրագրի ուսումնական պլանը (ծրագիրը-Խմբ.) մշակուել է Գայզենհայմի համալսարանում, դասաւանդումն էլ իրականացւում է այդ համալսարանի դասախօսների հետ համատեղ: Գինու ակադեմիայում անցկացուող վերապատրաստման կարճաժամկէտ դասընթացները նախատեսուած են թէ՛ մասնագետների եւ թէ գինեսէրների համար եւ նպատակաուղղուած են հայ հասարակութեան՝ որպէս պատմականօրէն գինի խմող հանրութեան, համբաւի վերականգնմանը:
Նորագոյն տեխնոլոգիաներով զինուած եւ միջազգայնօրէն մրցունակ գինիներ արտադրող գինեգործարանների գործարկման շնորհիւ, Հայաստանի գինեգործական արդիւնաբերութիւնը բաւականին արագ տեմպերով (կշռոյթով-Խմբ.) զարգանում է: Ճիւղի զարգացմանը եւ հայկական լաւագոյն գինիների միջազգային ճանաչմանը իր կարեւոր նպաստն է բերում ICARE-ը: Մենք կիրառում ենք որակի ապահովման ընթացակարգեր, կազմակերպում սոցիալական (ընկերային-Խմբ.) միջոցառումներ ուսանողների, շրջանաւարտների եւ աշխատակազմի մասնակցութեամբ, ներգրաւելով նաեւ փոխանակման ծրագրերով մեզ մօտ գտնուող արտերկրի ուսանողներին, ինչպէս նաեւ ուժեղացնում ենք ուսումնաարտադրական պրակտիկայի մեր ծրագիրը՝ յաջողութեամբ համագործակցելով գործընկեր գինեգործարանների հետ:
ICARE-ը իրականացնում է նաեւ հետազօտական աշխատանքներ ագրոբիզնեսի ոլորտի զանազան թեմաներով, ինչպէս նաեւ նպաստում է հայաստանեան ագրոբիզնեսի վերաբերեալ գիտական հետազօտութիւնների արդիւնքների ներկայացմանը ազգային եւ միջազգային համաժողովների ժամանակ: 2017թ.ի դրութիամբ իրականացուել են աւելի քան 60 հետազօտական ծրագրեր եւ գիւղի զարգացման նախագծեր:
ICARE-ի այս կարեւոր գործունէութիւնը, որն անմիջապէս նպաստում է Հայաստանի զարգացմանը վերջին 17 տարիներին, գլխաւորապէս հնարաւոր է դարձել ԱՄՆ կառավարութեան ֆինանսական աջակցութեան շնորհիւ: Այսօր ICARE-ը անցնում է համալսարանների միջազգայնօրէն տարածուած մոդելի, որը ենթադրում է ներդրումային ֆոնդի ձեւաւորում:
ICARE-ի շրջանաւարտները, դասախօսները, կամաւորները եւ հոգաբարձուների խորհուրդը հրաւիրում են աջակցել ICARE-ի ուսանողներին՝ կրթաթոշակներով եւ ներդրումային ֆոնդի ստեղծմամբ:
Եկէք միասին կրթենք Հայաստանի այսօրուայ հասարակութիւնը եւ վաղուայ մասնագէտներին: Եկէք ձեռք-ձեռքի բռնենք եւ օգնենք մեր երիտասարդներին՝ ստանալու ժամանակակից կրթութիւն հենց Հայաստանում:
Վաղուայ Հայաստանը այսօրուայ մեր երիտասարդներն են:
Այսօր միասին կերտենք վաղուայ Հայաստանը:
ICARE -ի մասին առաւել մանրամասն ներկայացուած է կայքում՝ www.icare.am
Հետեւէք մեզ ֆէյսպուքեան էջում՝ www.facebook.com/AgribusinessTeachingCenter։ Դիտէք մեր ուսանողների պատրաստած տեսահոլովակները մեր YouTube-ում՝ We Care for Armenia. ICARE for Armenia։
International Center for
Agribusiness Research and Education (ICARE)
Ագրոբիզնեսի հետազոտութիւնների եւ կրթութեան միջազգային կենտրոն
www.icare.am