ԵՐԵՒԱՆ.- Առանց ծնողական խնամքի հաշմանդամութիւն ունեցող մանկահասակ երեխաներու համար միայն մէկ մասնագիտացուած կեդրոն կը գործէ Հայաստանի տարածքին. Գիւմրիի «Երեխաների տուն» մանկատունը կը խնամէ ամբողջ Հայաստանէն ֆիզիքական եւ մտաւոր հարցեր ունեցող 127 երեխաներ՝ նորածինէն մինչեւ 8 տարեկան:
Հայաստան Համահայկական հիմնադրամը իր մշտական հոգածութեան տակ կը պահէ մանկատունը: Հիմնադրամը մանկատան նուիրեց բազմաթիւ աթոռներով ինքնաշարժ մը:
Ըստ մանկատան տնօրէն Աննա Գէորգեանի՝ փոքր հանրակառքի անհրաժեշտութիւնը իրենք ամէն օր կը զգային:
«Մենք երեխաներին պարբերաբեր տանում ենք Երեւան՝ բուժզննումների, վիրահատութիւնների նպատակով, յաճախ կարիք է լինում երեխաներին զբօսանքի կամ որեւէ միջոցառման տանել: Փոքր մեքենաներով չենք կարողանում բոլորին տեղափոխել: Բացառապէս բոլոր երեխաները մշտական դայեակի հոգածութեան կարիք ունեն, այդ պատճառով տարողունակ միկրոաւտոբուսը մեզ շատ օգտակար կը լինի», ըսած է Գէորգեան:
Ինքնաշարժի գումարը նուիրած են Հայաստան համահայկական հիմնադրամի արժանթինահայ բարերարներ Էքսերճիեան, Տեվէճեան եւ Շիմշիրօղլու ընտանիքները: