ԹԻՖԼԻՍ.- 2017 թուականի Նոյեմբերի 3ին, ոչ միայն բազմամարդ, այլեւ բազմաբղետ էր Վիրահայոց թեմի «Յովհաննէս Թումանեանի տուն» կենտրոնը: Ուրախալի է, որ հանրութեան զգալի մասը երիտասարդներ էին, մեծաւ մասամբ հայեր եւ վրացիներ: Երկու ազգի երիտասարդ ստեղծագործողները կենտրոնի դահլիճում եւ տան հիասքանչ պատշգամբում ցուցադրելով իրենց դինամիկ (աշխոյժ-Խմբ.) ու խօսուն կտաւները, ստեղծել էին միջոցառման խորագրին յարիր թբիլիսեան խճանկար:
Երեկոն համատեղ կազմակերպել էին Վիրահայոց թեմի «Յովհաննէս Թումանեանի տուն» գիտա-մշակութային կենտրոնը եւ Վրաստանի գրողների ստեղծագործական միութիւնը: Այն նուիրուած էր վրաց դասական, սիրուած բանաստեղծ Նիկոլոզ Բարաթաշվիլիի ծննդեան 200ամեակին:
Միջոցառումն իրենց ներկայութեամբ պատուել էին Վրաստանում ՀՀ դեսպանութեան դիւանագէտներ Արթուր Սարգսեանը, Արտակ Գրաբսկին, Էլինա Մկրտչեանը: Ներկայ էին հայ եւ վրաց գրականութեան, արուեստի, մտաւորականութեան ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ:
Ողջոյնի խօսքով միջոցառումը բացեց կենտրոնի ղեկավար Գիսանէ Յովսէփեանը: Արձանագրելով «Յովհաննէս Թումանեանի տուն» կենտրոնի հայ-վրացական բարեկամութեան զարգացմանը նպատակամղուած գործունէութեան ուղենիշը, նա խօսեց միջոցառման նպատակի՝ վրաց դասականի յոբելեանի մեծարումը թբիլիլիսեան ոգով գեղանկարչութեան եւ գեղարուեստական խօսքի միջոցով՝ հայ եւ վրացի երիտասարդ ստեղծագործողների գործերի համատեղմամբ:
Վիրահայոց թեմի Սուրբ Գէորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգեւոր հովիւ Սամուէլ քահանայ Թորոսեանը, ողջունելով ներկաներին՝ փոխանցեց թեմակալ առաջնորդ Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի օրհնութիւնը եւ ներկաներին ուղղուած բարեմաղթանքը, կարեւորեց տարբեր ազգի ժողովուրդների միմեանց նկատմամբ աւանդաբար հաստատուած յարգանքն ու սէրը, որը պէտք է փոխանցուի սերունդներին, դառնայ նրանց կեանքի ուղեկիցը:
Վրաստանի «Ոսկէ ֆոնդ» հիմնադրամի նախագահ, ճանաչուած գրող-թարգմանիչ Մաղուալա Գոնաշվիլին վեր հանեց հին Թիֆլիսին բնորոշ ժողովուրդների միջեւ այնպիսի յարաբերութիւնները, որտեղ չի եղել ազգային խտրականութիւն, հաւատքի ճնշում, աւանդոյթների ծաղրանք: Վրացի երեխան մեծացել է փոքրիկ Գիքորի նկատմամբ տածած սիրով, հայ երիտասարդը ոգեւորուել է «Մերանիի» անվախ սլացքով: Այդպիսի գաղափարների ջատագովներ են եղել Նիկոլոզ Բարաթաշվիլին, Յովհաննէս Թումանեանը եւ ուրիշներ, կարեւորեց իր խօսքում տիկին Գոնաշվիլին:
Տօնական միջոցառումն ընդհանուր առմամբ եւ հայ-վրացական դարաւոր բարեկամութիւնն ի մասնաւորի իրենց ելոյթներում արժեւորեցին Վրաստանի մշակոյթի նախկին նախարար Գուրամ Օդիշարիան, Վրաստանի գրողների միութեան նորընտիր նախագահ Գուրամ Ցերցվաձէն, «Ցիսկարի» ամսագրի խմբագիր, գրող Բաղաթեր Արաբուլին, բանաստեղծ-թարգմանիչ Գիւի Շահնազարը, մանրանկարիչ Մերուժան Շահումեանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթեանը եւ ուրիշներ: Թերեւս քննադատական խօսքեր ուղղուեցին վրացական լրատուամիջոցներին, ովքեր հետաքրքրութիւն չեն դրսեւորում նման միջոցառումների լուսաբանման նկատմամբ: Բանախօսների ելոյթներում միանշանակ կարեւորուեց հայ-վրացական գրական եւ մշակութային կապերը արդիականացնելու, յուշագրերով ամրագրելու, համատեղ միջոցառումները, հանդիպումները շարունակական եւ յաճախակի դարձնելու անհրաժեշտութիւնը:
Երիտասարդ նկարիչ Իւանէ Կեզվան Գիւի Շահնազարին նուիրեց իր աշխատանքը՝ բանաստեղծ-թարգմանչի դիմանկարով: Իսկ Յունաստանում գործող վրաց նկարիչ Էլգուջա Մաղուլարիան արժանացաւ «Մշակոյթի դեսպան» պատուոգրին:
Իրենց ստեղծագործութիւնների ընթերցմամբ ներկաներին ողջունեցին երիտասարդ բանաստեղծներ Քեթեւան Նաթելաձէն, Մոնիկա Քուրքչեանը եւ Նիկա Քվրիւիշվիլին:
Միջոցառումը իսկական վերադարձ էր Թումանեանի տանը յատուկ հայ-վրացական բարեկամութեան ոգուն, սիրով ու ջերմութեամբ լեցուն գեղեցիկ երեկոներին:
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ
ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ