Այս բժշկին ես գիտեմ: Անունը Ժամանակ է: Դեղահաբեր չի տալիս, ներարկումներ չի անում, վիրակապ չի դնում: Թողնում է, որ հաշտուես ցաւիդ հետ, համակերպուես նրա գոյութեանը: Հոգատար հայեացքով նայում է, թէ ինչպէս է տառապանքդ տարրալուծւում օրերիդ մէջ, մխիթարանքի խօսքեր է գտնում կորուստներդ արժէզրկելու համար, յոյս է ներշնչում ուրիշների դժբախտութեան օրինակով, բայց երբեք մօտ չի գալիս, որովհետեւ Ժամանակի հետ հպումը սարսուռ է բերում, իսկ դու մարմինդ պիտի տաք պահես:
Եւ մի օր, երբ հոգիդ աւանդես, քո հոգատար բժիշկը կը նայի անշնչացած մարմնիդ ու կ՛ասի.
— Նա հիւանդ չէր: Նա պարզապէս անհաշտ էր Ժամանակի հետ:
ՅՈՎԻԿ ՉՐԱԽՉԵԱՆԻ «ՊԼՈԿ»ԷՆ