ԹԵՀՐԱՆ, «Ալիք».- Թեհրանի մեր պաշտօնակից «Ալիք»էն քաղելով, ստորեւ կը ներկայացնենք հետեւեալ տեղեկագրութիւնը.
«Հոկտեմբեր 7ին վարչապետը մասնակցել է Վանաձորի օրուան նուիրուած տօնական միջոցառումներին: Վանաձոր կատարած այցի շրջանակում վարչապետ Կարապետեանը նաեւ ներկայ է գտնուել իրանական «Ռադ Սանէ Վաշամիր Գրուպ» ՍՊԸ կողմից Լոռու մարզում կառուցուող գործարանների հիմնարկէքի արարողութեանը: «Ռադ Սանէ Վաշամիր Գրուպ» ՍՊԸն ներկայացնում է կոմպոզիտային բալոնների (բաղադրեալ, խառն գլաններու-Խմբ.) արտադրութեամբ զբաղուող «Ռադ Սանէ Վաշամիր» միջազգային ընկերութիւնը, որը գործունէութիւն է ծաւալում Թուրքիայում, Թաիլանդում եւ Ռուսաստանի Դաշնութիւնում: «Ռադ Սանէ Վաշամիր Գրուպ» ՍՊԸն Լոռու մարզում նախատեսում է ներդրումային ծրագիր իրականացնել: Ներդրումների ընդհանուր ծաւալը կազմելու է մոտ 130 մլն. ԱՄՆ դոլար, աշխատողների թիւը (ենթակառուցուածքների հետ միասին)՝ մինչեւ 2000 մարդ: Ներդրումները նախատեսւում են 3 ուղղութեամբ՝ կոմպոզիտային բալոնների, կարբոնի մանրաթելի արտադրութեամբ զբաղուող գործարանների հիմնում եւ ագրոհամալիրի (գիւղատնտեսական համալիր-Խմբ.) կառուցում: Կոմպոզիտային բալոնների արտադրութեան գործարանի կառուցման աշխատանքները նախատեսւում է սկսել 2017 թուականի Հոկտեմբերին, աւարտել՝ 2018 թուականի Ապրիլին, ներդրումների ծաւալը կազմում է 20 մլն. ԱՄՆ դոլար, աշխատողների թիւը՝ 100 մարդ:
Կարբոնի արտադրութեան գործարանի կառուցման աշխատանքները նախատեսւում է սկսել 2017 թուականի Հոկտեմբերին, աւարտել՝ 2018 թուականի Նոյեմբերին, ներդրումների ծաւալը կազմում է 80 մլն. ԱՄՆ դոլար, աշխատողների թիւը՝ 300 մարդ: Իսկ ագրոհամալիրի շրջանակում կառուցուող գործարաններն զբաղուելու են կաթնամթերքի արտադրութեամբ (կաթի փոշի, պանիր, կարագ), անասնապահութեամբ (մսի (հալալ) արտադրութեամբ), մրգերի վերամշակմամբ (մրգերի փոշու արտադրութիւն), ինչպէս նաեւ կը լինի սպանդանոց: Աշխատանքները նախատեսւում է սկսել 2018 թուականի Մայիսին, աւարտել՝ 2019 թուականի Մայիսին, ներդրումների ծաւալը կազմում է 30 մլն. ԱՄՆ դոլար, աշխատողների թիւը՝ 300-400 մարդ: