Ախուրեանի «Մօր եւ մանկան» առողջութեան կենտրոնը գործունէութիւնը սկսել է 1997 թուականից: Բարեգործական, շահոյթ չհետապնդող առողջապահական այս հիմնարկութիւնը բժշկական ծառայութիւններ է մատուցում Ախուրեանի ու շրջակայ 6 գիւղերի շուրջ 22 հազար բնակչութեանը:
Ողջունելով հիւրերին ու շնորհաւորելով բժշկական կենտրոնի անձնակազմին տօնական օրուայ կապակցութեամբ՝ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրեանը նշեց, որ Ախուրեանի Առողջութեան կենտրոնի ստեղծումը հայ հնագոյն բարեսիրական կազմակերպութիւններից մէկի՝ Հայ Օգնութեան Միութեան կողմից Հայաստանում իրականացուած նախաձեռնութիւններից մէկն է. «ՀՕՄի ու ՀՕՄուհիների ակտիւ ֆինանսական եւ բարոյական աջակցութեամբ է գործում այս հաստատութիւնը, որն հանդիսանում է թէ՛ մարզի, թէ՛ հանրապետութեան լաւագոյն յագեցած կենտրոններից մէկը, բուժանձնակազմը պարբերաբար անցնում է վերապատրաստումներ, որպէսզի կարողանան բարձրորակ ծառայութիւններ մատուցել մեր ազգաբնակչութեանը: Թէ՛ առողջապահական, բժշկական ցուցանիշներով, թէ՛ ֆինանսական եւ կառավարման ցուցանիշներով հաստատութիւնը օրինակելի է: Մշտապէս գտնուել է ՀՕՄի ուշադրութեան եւ աջակցութեան կենտրոնում, հիմա էլ մենք հանդիպելու ենք Կենտրոնական վարչութեան անդամների հետ, որ կարողանանք քննարկել օժանդակութիւնը թէ՛ այս առողջապահական, թէ՛ մարզում գործող այլ բժշկական հաստատութիւնների համար, մանաւանդ, փոքր եւ հեռաւոր համայնքների: Ինչպէս գիտէք, այդ համայնքներում խնդիրներ ունենք կահաւորման, շէնքային պայմանների, ցաւօք, նաեւ մասնագէտների»:
Կենտրոնն ունի 3 մանկաբուժական, 2 գինեկոլոգիական կաբինետներ, կլինիկական եւ հիստոլոգիական լաբորատորիաներ, սոնոգրաֆիկ, մամոգրաֆիկ, տոմոգրաֆիկ կաբինետներ: Անցած 5 տարիներին կենտրոնի մասնագիտական բարձր որակաւորում ունեցող բուժանձնակազմը սպասարկել է աւելի քան 40,000 հիւանդների: Իսկ քսան տարիների ընթացքում բժշկական կենտրոն այցերի թիւն հասել է 145 հազարի: Ծննդաբերութիւնների թիւը մօտ 14 հազար է: