ԼՈՒՍԻՆԷ ՂԱՐԻԲԵԱՆ
Հայկական բանակի մասին հերոսական ու ոգեւորող պատմութիւնները շատ են, յատկապէս՝ 2016ի ապրիլից յետոյ: Բանակի խնդիրներն ու դժուարութիւններն էլ են շատ: Ոգեւորութիւնն ու դժգոհութիւնները միախառնւում են ու Զինուած ուժերի հակասական պատկեր ստեղծում:
Պաշտպանութեան նախարարութիւնն ու «Արար» քաղաքական հետազօտութիւնների հիմնադրամը սկսել են պիլոտային (փորձառական-Խմբ.) ծրագիր, որը հնարաւորութիւն է տալիս սփիւռքահայ երիտասարդներին անձամբ ծանօթանալու հայոց բանակին: «Մարար»ը պարբերաբար շեշտուող ու կարեւորուող Սփիւռք-բանակ գաղափարի գործնական արտայայտութիւն է:
Տարբեր երկրներից Հայաստան ժամանած 10 հայ երիտասարդներ Օգոստոսի 21ից ժամանակաւոր «զօրակոչուել» են բանակ: 15 օր նրանք ապրում են զինուորական առօրեայով՝ անցնում վարժանքներ, կրակային պատրաստութիւն, այցելում զօրամասեր, մարտական դիրքեր, սահմանամերձ գիւղեր:
«Արար» հիմնադրամի գործադիր տնօրէն Ջորջ Թաբակեանն ասում է, որ փորձում են կապ ստեղծել սփիւռքահայ երիտասարդների եւ բանակի միջեւ, քաջալերել հայրենադարձութիւնը: Ծրագրի պատասխանատուները կարծում են, որ բանակի միջոցով Հայաստանը բացայայտած երիտասարդներն ապագայում, հնարաւոր է, ցանկութիւն ունենան Զինուած ուժերի մաս կազմել:
«Սփիւռքի՝ բանակի մասին պատկերացումներն աւելի զգայական են, դեռ լաւ չեն հասկացել՝ ինչ է բանակը եւ ինչի համար է կարեւոր բանակ ունենալը: Սփիւռքը միշտ ֆիդայիններով է մեծացել: Պատմութեան մէջ դա մի պահ պէտք էր, կարեւոր էր եւ, անշուշտ, մեր յարգանքը բոլորին: Բայց այսօր եւ ապագայում պէտք է բանակն ուժեղացնել, եւ դրա ձեւերից մէկը պրոֆեսիոնալ (մասնագիտական-Խմբ.) զինուորականութիւնն է: Պէտք է հասարակութեան մէջ մեծացնել սպայի կերպարի գրաւչութիւնը», ասում է Ջորջ Թաբակեանը:
Ծրագրին մասնակցել կարող են 20-35 տարեկան առողջ երիտասարդները, որոնք դատուած չեն եղել, ծառայութիւնից չեն խուսափել: Մասնակցութեան յայտը լրացնելուց յետոյ ծրագրի պատասխանատուներ սկսում են ուսումնասիրել դիմումները: Ընտրուած մասնակիցները հոգում են իրենց ճանապարհածախսը եւ վճարում մասնակցութեան՝ կեցութեան, սննդի, ապահովագրութեան, տրանսպորտի (փոխադրութեան-Խմբ.), հագուստի եւ այլնի համար: Այս տարի ստացուել է 15 յայտ:
32ամեայ Դաւիթ Սարգսեանը 8 տարեկանում Հայաստանից հեռանալուց յետոյ առաջին անգամ է վերադարձել հայրենիք: Ասում է՝ տարիքն ու ընտանեկան կարգավիճակը թոյլ չեն տալիս մտածել ծառայութեան մասին, բայց նախընտրեց սեփական աչքերով տեսնել, քան անընդհատ լսել բանակի մասին:
«Ծրագրին մասնակցելու առաջին նպատակը Հայաստան գալն էր: Երկրորդ, ուզում էի մօտիկից ծանօթանալ մեր բանակին, ապրել զինուորների հետ՝ իրենց կեանքով, տեսնել ծրագրով նախատեսուած պատմական յուշարձանները»:
«Մարար»ի աւարտին դեռ ժամանակ կայ, բայց պատասխանատուներն արդէն յաջողութիւնների մասին են խօսում. մասնակիցները հասկացել են ինչ է բանակը, ինչպէս է աշխատում: Նրանցից մէկը Հայաստանի քաղաքացիութիւն ստանալու ցանկութիւն է յայտնել:
Ջորջ Թաբակեանն ասում է, որ ապրիլեան պատերազմից յետոյ Սփիւռքում մեծ հետաքրքրութիւն առաջացաւ բանակի նկատմամբ, սկսեցին դրամահաւաքներ կազմակերպել զոհուածների ընտանիքներին, բանակին օգնելու նպատակով: Հայաստանում եւ Սփիւռքում շատերի մօտ հարց առաջացաւ՝ ո՞րն է իրենց տեղը, ի՞նչ պիտի անեն իրենք, եթէ իրավիճակը կրկնուի: «Մարար»ի նախաձեռնողները յոյս ունեն, որ ծրագրի շնորհիւ մի քանի տարի յետոյ բանակը կը համալրուի սփիւռքահայ զինուորականներով:
«Մօտաւոր հաշուարկով տարեկան 800-1000 ընտանիք է վերադառնում Հայաստան: Նրանք գալիս, բիզնես են ստեղծում, աշխատատեղեր են բացում, ներդրում կատարում: Յոյս ունենք, որ Սփիւռքում կան շատ մարդիկ, որոնք պատրաստ են այդ գործը նաեւ բանակում անել: Վճարի խնդիր չէ, այլ հաւատի, որ կարեւոր է այդ մասնագիտութիւնը Հայաստանում զարգացնել: Պաշտպանութեան նախարարը եւս նշեց, որ այսօր բանակը բաց է Սփիւռքի համար: Մենք պէտք է յստակեցնենք, որ եթէ սփիւռքահայն իր տեղը տեսնում է մեր բանակում, պէտք է կարողանայ հանգիստ ծառայել», նշում է «Արար»ի գործադիր տնօրէնը:
Նախաձեռնութիւնը ոգեւորել է ոչ միայն մասնակիցներին, այլեւ՝ սպաներին: Մայոր Վազգէն Քոչարեանը, սփիւռքահայերի առաջին խմբին դեռ հրաժեշտ չտուած, յաջորդին դիմաւորելու մասին է մտածում: Ասում է՝ ծրագիրը օգտակար է ե՛ւ մասնակիցների, ե՛ւ զինուորների համար:
«Երբ ես կամ իմ ծառայակիցները մեր ծանօթներին, հարազատներին պատմում ենք, որ տարբեր երկրներից տարբեր զբաղուածութիւն ունեցող մարդիկ եկել են 15 օր բանակում անցկացնելու համար, ոգեւորութիւն է առաջանում:
Մասնակիցներն էլ կարող են իրենց հարազատներին պատմել՝ ինչպիսին է հայկական բանակը, ինչով են սնւում, ինչ են հագնում, ինչպիսի գիտելիքներ են ստանում, որ իրենց ընկերներն էլ ցանկութիւն յայտնեն մասնակցելու»:
Սեպտեմբերի 3ին «Մարար»ի առաջին փուլը կ՛աւարտուի, կը յայտարարուի յաջորդի մեկնարկը: Ինչ պարբերականութիւն կ՛ունենայ ծրագիրը, կախուած կը լինի դիմողների թուից:
Աղջիկների ընդունելու զօրամասերում դեռ պատրաստ չեն, բայց ապագայում նման ընդունելութիւն նախատեսւում է: Հնարաւոր է՝ խմբերից մէկն կազմուած լինի բացառապէս աղջիկներից: