«ԱՊԱՌԱԺ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԱՆԱԴԱՅԻ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՍԵՒԱԿ ԲԵԼԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ
ՀՅԴ Հայ Դատի Կանադայի յանձնախմբի ուղեկցութեամբ այս օրերին Արցախում են Կանադայի One Free World International կազմակերպութեան հիմնադիր տնօրէն Ռեւ Մաժիդ Էլ Շկաֆուն եւ Կանադայի խորհրդարանի ընդդիմադիր պահպանողական կուսակցութեան անդամներ Տօնի Կլեմենտը եւ Ռէյչլ Հարդը:
«Ապառաժ»ը թեմայի շուրջ զրուցել է ՀՅԴ Հայ Դատի Կանադայի յանձնախմբի քարտուղար Սեւակ Բելեանի հետ:
ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Ի՞նչ նպատակով են Կանադայի խորհրդարանականներն Արցախում:
ՍԵՒԱԿ ԲԵԼԵԱՆ.- Արցախ այցելելու գաղափարն առաջացել է Ապրիլեան պատերազմից յետոյ՝ Կանադայի One Free World International կազմակերպութեան հիմնադիր տնօրէն Ռեւ Մաժիդ Էլ Շկաֆուի մօտ: Աշխարհի շուրջ 28 պետութիւններում մարդու իրաւունքների դէմ խախտումներն արձանագրող եւ օգնութիւն ցուցաբերող հիմնադիր տնօրէնը նպատակ է ունեցել սեփական աչքերով տեսնել Ապրիլեան պատերազմի հետեւանքները, մարդու իրաւունքների խախտումները, որոնց ենթարկուեց Արցախի ժողովուրդը Ապրիլեան պատերազմի ընթացքում:
Պէտք եղած տեղեկութիւնների հիման վրայ պատրաստելու է զեկոյց Կանադայի խորհրդարանում, կառավարութիւնում եւ տարբեր կազմակերպութիւններում ներկայացնելու նպատակով:
Պատուիրակութիւնն Արցախում ունենալու է նաեւ քաղաքական հանդիպումներ արցախեան հարցի կարգաւորման գործընթացում Արցախի իշխանութիւնների դիրքորոշումն իմանալու նպատակով:
ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Ի՞նչ աշխատանքներ է այսօր իրականացնում ՀՅԴ Հայ Դատի Կանադայի յանձնախումբը:
ՍԵՒԱԿ ԲԵԼԵԱՆ.- ՀՅԴ Հայ Դատի Կանադայի յանձնախմբի օրակարգի հիմնական կիզակէտը Արցախեան հիմնահարցն է: Կանադայի բոլոր մակարդակներում աշխատանք է տարւում Արցախեան հիմնահարցը, պահանջները եւ պատմութիւնը ճշգրտօրէն ներկայացնելու նպատակով:
Հսկայական աշխատանք է տարւում նաեւ տեղեկատուական պայքարում: Ադրբեջանական կողմը մեծ գումարներ է ծախսում Կանադայում ապատեղեկատուութիւն տարածելու նպատակով՝ կենտրոնանալով մէկ առանցքի վրայ՝ Արցախը պէտք է մաս կազմի Ադրբեջանի հողային ամբողջականութեան: ՀՅԴ Հայ Դատի Կանադայի յանձնախումբը կարողացել է հակադարձել Ադրբեջանական բոլոր փորձերին: Այս աշխատանքների ցայտուն օրինակը նախկինում եւ այժմ կայացած Կանադայի բարձրաստիճան պաշտօնեանների այցերն են:
Պէտք է ասել, որ արցախեան հիմնահարցի վերաբերեալ տարուող աշխատանքները երկարաշունչ եւ երկարաժամկէտ են:
Ինչպէս ՀՅԴ Հայ Դատի միւս գրասենեակները, այնպէս նաեւ Կանադայի գրասենեակն ունի մշակուած յստակ ռազմավարութիւն եւ ընթացիկ տարեկան ծրագիր՝ Կանադայի ներքին քաղաքականութեան դաշտում հայ ժողովրդի, Կանադայի հայ համայնքի եւ Հայաստանի ու Արցախի շահերը ներկայացնելու հիմնական մտադրութեամբ:
Չնայած Կանադան բոլոր մակարդակներով ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը, սակայն մեր աշխատանքները մտել են նոր, պահանջատիրական փուլ. գրասենեակը շարունակում է պահանջատիրական պայքարը:
Բաւականին մեծ աշխատանք է տարւում Կանադա-Հայաստան յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ: ՀՅԴ Հայ Դատի Կանադայի գրասենեակը տարիներ շարունակ երկու պետութիւնների փոխյարաբերութիւններն ուղղորդող եւ հունի մէջ պահող կառոյցն է հանդիսանում: