ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութիւնը դրամաշնորհ տրամադրած է Հայաստանի մէջ գիւղատնտեսութեան ապագային միտող ծրագիրին:
Այս առնչութեամբ, Հայաստանի մէջ ամերիկեան դեսպանատան տարածած հաղորդագրութեան մէջ կ՛ըսուի.
«Ամէն տարի ԱՄՆ պետքարտուղարութեան շրջանաւարտների ներգրաւուածութեան նորարարական հիմնադրամի դրամաշնորհային ծրագիրն աջակցում է ԱՄՆ փոխանակման ծրագրերի բարգաւաճող ու ազատ հասարակութիւն կառուցող շրջանաւարտներին:
Այս տարի ԱՄՆ պետքարտուղարութիւնն ստացել է 1014 դիմում 125 երկրներից եւ ֆինանսաւորել է 68 նախագիծ, որոնցից մէկը՝ Հայաստանից՝ Ֆուլբրայթ ուսանողական ծրագրի շրջանաւարտներ Արմէն Ղազարեանի, Գայիանէ Սարգսեանի եւ Muskie ծրագրի շրջանաւարտ Աստղինէ Պօղոսեանի ներկայացրած թիմային նախագիծը:
Նրանց ACT (Վաղուայ օրը կերտող Agripreneurs) առաջարկը նպատակ ունի ձեւաւորել Հայաստանում գիւղատնտեսութեան ապագան՝ բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների ուսանողների համար իրականացնելով գործնական դասընթացներ յաջողակ ագրոբիզնես (երկրագործական գործառնութիւն-Խմբ.) սկսելու վերաբերեալ: Անհամբեր սպասում ենք նախագծի աճին ու զարգացմանը»: