Ջրի համաշխարհային շաբաթուայ կապակցութեամբ ԵՈՒՆԻՍԵՖն յայտարարել է, որ հակամարտութեան, բռնութեան եւ անկայունութեան հետեւանքով տուժած երկրներում առաւել քան 180 միլիոն մարդ հնարաւորութիւն չունի օգտուելու տարրական խմելու ջրից:
«Անվտանգ ջրի եւ սանիտարական (առողջապահական-Խմբ.) պայմանների հասանելիութիւնը հակամարտութիւնների եւ արտակարգ իրավիճակների զոհ դարձած երեխաների համար իրաւունք է, ոչ թէ արտօնութիւն», նշեց ԵՈՒՆԻՍԵՖի ջրի եւ սանիտարահիգիենիկ պայմանների բաժնի տնօրէն Սանջայ Վիջեսեկերան (Sanjay Wijesekera): «Բռնութեան, տեղահանութեան, հակամարտութեան եւ անկայունութեան հետեւանքով տուժած երկրներում երեխաների կեանքի ապահովման ամենատարրական միջոցը՝ ջուրը, պէտք է առաջնահերթութիւն լինի»:
Ըստ ԵՈՒՆԻՍԵՖի եւ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան վերջին հետազօտութեան, խոցելի պայմաններում ապրող մարդիկ 4 անգամ աւելի քիչ հնարաւորութիւն ունեն օգտուելու տարրական խմելու ջրից քան ոչ խոցելի պայմաններում ապրողները: Ըստ 2015թ.ի ցուցանիշների, խոցելի իրավիճակներում ապրող 484 միլիոն մարդուց 183 միլիոնը դեռեւս զրկուած է տարրական խմելու ջրի ծառայութիւններից:
Եմէնը, որն իր վրայ կրում է առաւել քան երկու տարուայ հակամարտութիւնների ազդեցութիւնը, վնասների եւ աղէտների հետեւանքով գտնւում է երկրի խոշոր քաղաքներին ջուր մատակարարող աղբիւրների մօտալուտ փլուզման վտանգի տակ: Երկրում գրեթէ 15 միլիոն մարդ զրկուած է ջրից եւ տարրական սանիտարական պայմաններից:
Սիրիայում, որտեղ հակամարտութիւններն արդէն գրեթէ 7 տարի է շարունակւում են, գրեթէ 15 միլիոն մարդ, այդ թւում՝ գրեթէ 6.4 միլիոն երեխայ, անվտանգ ջրի կարիք ունի: Ջուրը դարձել է հակամարտութեան զէնք: Միայն 2016թ.ին ջրային պոմպերի (ջրհաններու-Խմբ.) եւ աղբիւրների աղտոտման միջոցով ջրի մատակարարման առնուազն 30 կանխամտածուած կրճատումներ են եղել, այդ թւում՝ Հալէպում, Դամասկոսում, Համայում, Ռաքայում եւ Դարաայում:
Նիգերիայի՝ հակամարտութեան հետեւանքով տուժած հիւսիս-արեւելեան շրջանում, ջրային եւ սանիտարական ենթակառուցուածքների 75 տոկոսը վնասուել կամ ոչնչացուել է՝ 3.6 միլիոն մարդու զրկելով նոյնիսկ տարրական ջրի մատակարարման ծառայութիւններից:
Հարաւային Սուդանում, որտեղ հակամարտութիւններն արդէն 3 տարի է շարունակւում են, երկրի ջրային աղբիւրների գրեթէ կէսը վնասուել կամ ամբողջութեամբ ոչնչացուել է:
«Շատ դէպքերում ջրային եւ սանիտարական ենթակառուցուածքները յարձակման են ենթարկուել, վնասուել եւ անուշադրութեան հետեւանքով փլուզուել: Երբ երեխաները հնարաւորութիւն չունեն օգտուելու անվտանգ խմելու ջրից եւ երբ առողջապահական համակարգերը գտնւում են փլուզման եզրին, թերսնուցումը եւ մահացու հիւանդութիւնները, ինչպէս օրինակ խոլերան, դառնում են անխուսափելի», նշեց Վիջեսեկերան:
Եմէնում երեխաները կազմում են խոլերայի եւ սուր փորլուծութեան առաւել քան կէս միլիոն դէպքերի առաւել քան 53 տոկոսը: Սոմալիում վերջին հինգ տարիների խոլերայի խոշորագոյն բռնկում է՝ գրանցելով առաւել քան 77,000 խոլերայի եւ փորլուծութեան դէպքեր: Աւելին, Հարաւային Սուդանում խոլերայի բռնկումը խոշորագոյնն է երկրի պատմութեան մէջ՝ 2016թ.ի Յունիսից գրանցելով առաւել քան 19,000 դէպքեր:
Սովի վտանգի տակ յայտնուած հիւսիս-արեւելեան Նիգերիայում, Սոմալիում, Հարաւային Սուդանում եւ Եմէնում, գրեթէ 30 միլիոն մարդ, այդ թւում՝ 14.6 միլիոն երեխայ անյապաղ անվտանգ ջրի կարիք ունի: Առաւել քան 5 միլիոն երեխայ թերսնուցուած է, որոնցից 1.4 միլիոնը գտնւում է ծայրայեղ ծանր վիճակում: