ՍՏԵԼԼԱ ՄԵՀՐԱԲԵԿԵԱՆ
Ադրբեջանը Նախիջեւանում՝ Հայաստանի հետ սահմանին, անցկացրել է ուսումնավարժական թռիչքներ՝ Սու-25 ինքնաթիռների մասնակցութեամբ: Թռիչքների տեսագրութիւնները, ըստ «Ռիա Նովոստր»ի, իր պաշտօնական կայքում տեղադրել է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը: Արդիականացուած Սու-25 օդանաւերը նախատեսուած են ռազմի դաշտում ցամաքային ուժերի աջակցութեան համար՝ օրուայ ցանկացած ժամի եւ եղանակային ցանկացած պայմաններում, ինչպէս նաեւ տարբեր թիրախների ոչնչացման համար:
Ինչպէս վերջերս գրել է Eurasia.net կայքի սիւնակագիր Զաուր Շիրիեւը՝ Ադրբեջանը վերջին մէկ տարում Նախիջեւանում կուտակում է ռազմական ուժը: Հեղինակի խօսքով՝ դա մեծացնում է Նախիջեւանի ռազմավարական նշանակութիւնը ինչպէս Բաքուի, այնպէս էլ Երեւանի համար:
Նախիջեւանը Ադրբեջանին էքսկլաւ (արտագաւառ-Խմբ.) է եւ սահմանակցում է երեք պետութիւնների՝ Հայաստանին, Իրանին եւ Թուրքիային՝ չունենալով սահման Լեռնային Ղարաբաղի հետ:
Ադրբեջանի քաղաքական վերնախաւի համար, ըստ Շիրիեւի, Նախիջեւանի ռազմավարական կարեւորութեան միւս պատճառն այն է, որ այն Իլհամ Ալիեւի հօր՝ Հէյդար Ալիեւի հայրենիքն է:
Ադրբեջանը Նախիջեւանում տեղակայել է յատուկ նշանակութեան ուժեր, օդային պաշտպանութեան նոր համակարգեր, ինչպէս նաեւ հրթիռներ ու հրետանի, այդ թւում՝ Սմերչ, T-300 Kasirga եւ T-122 Sakarya թուրքական համազարկային կրակի ռէակտիւ համակարգեր: Ամէն տարի այնտեղ Թուրքիայի հետ համատեղ զօրավարժութիւններ են անցկացւում:
Ներկայում, ըստ յօդուածագրի, Նաիջեւանում տեղակայուած է 20 հազար զինուոր եւ մօտ 400 զրահամեքենայ, օդուժ, օդային պաշտպանութեան համակարգեր: Eurasia.net-ին ադրբեջանական զինուորական աղբիւրն ասել է, որ ուշադրութեան կենտրոնում «ոչ թէ քանակն է, այլ որակը»: Այս ամէնում գործուն դերակատարութիւն ունի Թուրքիան, որի ռազմական ներկայութիւնը բաւական տեսանելի է:
Eurasia.net-ի սիւնակագիրը նկատում է, որ ռազմական ուժի կուտակումը Նախիջեւանում սկսուել է անցեալ տարի՝ այն բանից յետոյ, երբ Հայաստանը Ռուսաստանից ստացել է «Իսկանդեր» բալիստիկ հրթիռներ, որոնց ձեռք բերումը Հայաստանին առաջին անգամ հնարաւորութիւն է ընձեռում հարուածել Բաքուին, նաւթային ենթակառուցուածքներին եւ ռազմավարական այլ թիրախների:
Նախիջեւանի հետ սահմանը Երեւանից 60 կմ. հեռաւորութեան վրայ է, ինչը ենթադրում է, որ ադրբեջանական «Սմեր»չերը (90 կմ. հեռահարութեամբ) կարող են հեշտութեամբ հասնել Հայաստանի մայրաքաղաք:
Ինչպէս յայտարարել է Ադրբեջանի նախագահը, «Նախիջեւանի բանակը ի վիճակի է կատարել ցանկացած առաջադրանք»: Իսկ պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը ապրիլեան պատերազմից կարճ ժամանակ անց սպառնացել է. «Թշնամին պէտք է իմանայ, որ եթէ Նախիջեւանի դէմ սադրանք լինի, մենք կը տանք հուժկու հակահարուած, եւ մի քանի րոպէում հարուածի տակ կը յայտնուեն բոլոր գլխաւոր քաղաքները: Բոլորը գիտեն, որ Նախիջեւանի պաշտպանութիւնը կազմակերպուած է ամենաբարձր մակարդակով, եւ այն պաշտպանում է ամենաարհեստավարժ բանակը»:
«Երկու կողմերն, այդուհանդերձ, գիտակցում են, որ միմեանց մայրաքաղաքներին հարուածելը կը յանգեցնի կործանարար հակահարուածի», նկատում է Շիրիեւը: Մասնաւորապէս, Նախիջեւանից Հայաստանին հասցուած հարուածը կարող է դրդել Երեւանին՝ որպէս Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան անդամի (ՀԱՊԿ), պահանջել, որ Ռուսաստանը միջամտի էսկալացիային (պատերազմի մագլցումներուն-Խմբ.), որից Բաքուն խուսափում է:
Նախիջեւանը դարձնելով հնարաւոր վայր, որտեղից կարելի է հարուածել Երեւանին, որդի Ալիեւը դիմում է չափազանց վտանգաւոր եւ սադրիչ քայլի։
Լրագրող Թաթուլ Յակոբեանը կարծում է, որ Նախիջեւանից Հայաստանի նկատմամբ սպառնալիքը անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ՝ հակամարտութեան մէջ ներքաշելով մի շարք երրորդ երկրների: Թաթուլ Յակոբեանի մեկնաբանութիւնը՝ ստորեւ.
«Ղարաբաղեան պատերազմի տարիների ակտիւ (աշխոյժ-Խմբ.) փուլում Նախիջեւանը գերազանցապէս զերծ էր մնում ռազմական գործողութիւնների վայր դառնալուց՝ մի շարք պատճառներով: Հայկական կողմը խուսափում էր գործողութիւններից, որոնք կարող էին Թուքիային պատերազմի անմիջական մասնակից դառնալու առիթ տալ: Նախ՝ Նախիջեւանը Թուրքիայի «քթի տակ է», երկրորդ՝ նրա նկատմամբ ունի իւրայատուկ վերաբերմունք՝ պայմանաւորուած 1921թ. Մոսկուայի ռուս-թուրքական պայմանագրով:
Հէյդար Ալիեւը, որը պատերազմի շրջանում ղեկավարում էր հայրենի Նախիջեւանը, եւս զերծ էր մնում քայլերից, որոնք Հայաստանին թոյլ կը տային ռազմական գործողութիւնները տեղափոխել Նաիջեւանի տարածք, իսկ Հայաստանն ունէր այդ հնարաւորութիւնը:
Այսպիսով, ստեղծուել էր մի իրավիճակ, երբ Նախիջեւանում խաղաղութիւնը բխում էր կողմերի շահերից:
Այսօր Նաիջեւանը դարձնելով հնարաւոր վայր, որտեղից կարելի է հարուածել Երեւանին, որդի Ալիեւը դիմում է չափազանց վտանգաւոր եւ սադրիչ քայլի: Նախիջեւանից Հայաստանի նկատմամբ սպառնալիքը անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ՝ հակամարտութեան մէջ ներքաշելով մի շարք երրորդ երկրների:
Հետեւաբար, Հայաստանը պէտք է բացառապէս իր յոյսը դնի հայկական զինուժի եւ դիւանագիտական ներուժի վրայ:
Ընդհանրապէս, հայ-ադրբեջանական, այդ թւում՝ Նախիջեւանի ներգրաւմամբ նոր հակամարտութեան դէպքում Հայաստանը չպէտք է ակնկալի ՀԱՊԿի իր դաշնակիցների աջակցութիւնը, քանի որ ՀԱՊԿը աւելի շատ միտուած է նրա անդամ-երկրների արտաքին սահմանների պաշտպանութեանը, մինչդեռ այս դէպքում Ռուսաստանի տեսանկիւնից խօսք չի գնում իր արտաքին սահմանի մասին:
Հետեւաբար, Հայաստանը պէտք է բացառապէս իր յոյսը դնի հայկական զինուժի եւ դիւանագիտական ներուժի վրայ»: