ԵՐԵՒԱՆ.» «Հրապարակ» թերթը Ճառագայթային բժշկութեան կեդրոնի մասնաւորեցման հարցին գծով կը գրէ հետեւեալը.
«Պետգոյքի մասնաւորեցման կառավարութեան 2017-2020թթ. ծրագիրը մեծ աղմուկ բարձրացրեց: Դրանում ընդգրկուած էին նաեւ առողջապահական հաստատութիւններ, որոնք իրենց տեսակի մէջ եզակի են: Դրանց ղեկավարներից մի քանիսը հրապարակաւ քննադատեցին ծրագիրը: Մեր տեղեկութիւններով՝ առողջապահական մի քանի հիմնարկների ղեկավարներ միջնորդներ են գտել, բանագնացներ են ուղարկել նախագահի մօտ եւ փորձել իրենց հաստատութիւնը ցանկից հանել:
Մէկը դիմել է նախագահի մօտ ընկերոջը, մէկը՝ առաջին տիկնոջը, ով ում կարողացել է, խառնել է՝ այս խայտառակութեանը վերջ տալու համար: Դէ, միայն նախագահով կարող էին այս հարցը լուծել», ասաց մեր աղբիւրը: Մեր տեղեկութիւններով՝ առողջապահութեան նախարարութեան ճառագայթային բժշկութեան եւ այրուածքների կենտրոնի համար էլ նախագահին միջնորդել են ՀՅԴականները: Կենտրոնի ղեկավար Նորայր Դաւիդեանը ՀՅԴ անդամ է, ժամանակին ՀՅԴ քուոտայով (մասով, բաժինով-Խմբ.) առողջապահութեան նախարարն էր եւ (նախարարի պաշտօնէն) հրաժարական է տուել, երբ ՀՅԴն յայտարարել է կօալիցիայից դուրս գալու մասին: ԱԺ ընտրութիւններին էլ առաջադրուել էր ՀՅԴի կողմից, թիւ 2 ընտրատարածքում, եւ ստացել 440 ձայն: ՀՅԴի միջամտութեամբ այրուածքաբանական կենտրոնը կը հանուի այդ ցանկից, սակայն թէ ինչ կարգավիճակ կ՛ունենայ, դեռ պարզ չէ:
Յիշեցնենք, որ Դաւիդեանն անողոք քննադատել էր կենտրոնը մասնաւորեցնելու ծրագիրը՝ նշելով, որ այն երկրի համար ռազմավարական եւ սոցիալական նշանակութիւն ունի, Հայաստանում նման ուղղուածութեան միակ կենտրոնն է, չի կարելի այն վաճառել, որ անկապ մէկը չդառնայ նման կենտրոնի սեփականատէր։ «Սա գիտական կենտրոն է, 5 պրոֆեսոր է աշխատում, գիտութիւնների 8 թեկնածու, բարձրագոյն կարգի բժիշկներ: Բոլորը դէմ են: Լաւ, մի անգամ կարելի՞ էր գալ, մի հատ կարելի՞ էր բացատրել՝ ինչ էք անում: Սա ոչ համալիր է, ոչ էլ կառավարութեան շէնք, որը կարելի է ուղղակի դնել ու վաճառել: Ախր, ո՞նց են առանց ուսումնասիրելու այդպիսի բան անում: Հիմա կարելի է այստեղ նաեւ խորովածանոց սարքել, երեւի մի քիչ աւելի լաւ կը լինի», ասել է Դաւիդեանը»: