ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
20րդ դարի ամերիկեան արուեստի էքսցենտրիկ կամ տարօրինակ ներկայացուցիչներից մէկի՝ ամերիկահայ նկարիչ Ժիրայր Զորթեանի «Ամուսնալուծութիւն» անուանումով կտաւը, 1955 թուականից յետոյ առաջին անգամ ցուցադրուեց «Ռոսլին» արուեստի ցուցասրահում, Յուլիսի 14ին:
Ցուցադրութիւնն առանձնայատուկ էր այն առումով, որ արուեստի այս գործի շուրջ բազմաթիւ պատմութիւններ էին շրջանառուել, եւ միայն մէկ անգամ Չիկագոյի Արուեստի կենտրոնում ներկայացուած կտաւը պատուած էր խորհրդաւորութեան շղարշով:
Ժիրայր Զորթեանը նկարը ստեղծել էր 1954 թուականին՝ կնոջից բաժանուելու դժուարին գործընթացի ժամանակ, եւ արուեստագէտի այդ պահի զգացումների պոռթկումն է պատկերում: Յայտնի Օռլէան ընտանիքի ներկայացուցիչ Բեթի Ուիլեամսը՝ Զորթեանի առաջին կինը, մեծադիր (77”x101”) կտաւում ներկայացուած է իր դրամներ խժռող մօր ազդեցութեան ներքոյ՝ երեք զաւակների հետ շղթայուած: «Նա այնքան զայրացած եւ վիրաւորուած էր, ամուսնալուծութիւնը մեծ ցաւ էր պատճառել նրան, եւ այս նկարի միջոցով, հայրս բացայայտել է իր հոգեվիճակը», մեկնաբանում է Զորթեանի որդին՝ Ալան Զորթեանը: Ռոն Հաբբարդն առաջին անգամ տեսնելով կտաւը, մէկ ժամ ուսումնասիրելուց յետոյ Ժիրայր Զորթեանին ասում է, որ վերջինս խնայել է հոգեբանի համար նախատեսուած հազարաւոր դոլարներ՝ ստեղծագործելու միջոցով արտայայտելով զգացումները:
Ժիրայր Զորթեանի ամուսնալուծութիւնը ժամանակին, մեծ իրարանցում էր առաջացրել Կալիֆորնիայում, քանի որ առաջին անգամ էր, որ ամուսինն էր կնոջից ապրելամիջոց (alimony) ստանում: Զորթեանի եւ նրա կտաւի մասին Յուլիսի 15ին «Ռոսլին» ցուցասրահում մանրամասներ ներկայացրեցին բանախօսները՝ Զորթեանի դուստրը՝ Սէյբըրն Զորթեանը, Սմիթսոնեան ինստիտուտի նախկին տնօրէն Փօլ Քարլսթրոմը, արուեստագէտ Փըթրիշիա Ֆերբերնն ու Լայթ Բրինգեր նախագծի նախագահ Թոմ Քոսթընը:
Սէյբըրն Զորթեանը յիշեց ընտանեկան դրուագներ, պատմելով, որ հօր՝ յախուռն ու կրքոտ արուեստագէտի բնաւորութիւնը. նոյնկերպ արտայայտւում էր նաեւ կնոջ հետ յարաբերութիւններում. «Մայրս ընդունել էր հօրս այդպէս, սակայն կարողացաւ համակերպուել նրա հետ միայն 12 տարի: Հայրս շատ էր զայրացել ամուսնալուծուելու որոշումից, եւ այս նկարում ես տեսնում եմ նրա զայրոյթը», նշեց Զորթեանը:
Փըթրիշիա Ֆերբերի կարծիքով էլ, Ժիրայր Զորթեանի կտաւում արտայայտուած է արուեստագէտի ցաւը, ով նոր էր կորցրել հօրը, եւ այդ պահին կորցնում էր ընտանիքը, նաեւ՝ կրում էր Ցեղասպանութեան վիշտը: Փօլ Քարլսթրոմն էլ պնդում է, որ չի կարելի տեսնել միայն մէկ իրականութիւն, կտաւում՝ կարելի է բացայայտել նաեւ այլ թեմաներ: Ըստ Թոմ Քոսթընի, Զորթեանն իր նկարով որոշել էր պատժել կնոջը՝ հանրութեանը ներկայացնելով նրա հարուստ եւ յայտնի ընտանիքի իրական բնոյթը: Դա է վկայում նաեւ այն պատմութիւնը, ըստ որի Զորթեանի կինը, խնդրում է Ժիրայրին չցուցադրել կտաւը՝ մտահոգուելով հանրութեան արձագանգից:
Նկարն առաջին եւ միակ անգամ ցուցադրուել է 1955 թուականին՝ Չիկագոյի Արեւստի ինտիտուտում խմբակային ցուցահանդէսի ժամանակ՝ Ջեքսըն Փոլակի գործերի հետ միասին: Այնուհետեւ այն վերադարձուել է Ժիրայր Զորթեանին, եւ առաքման տուփն այդպէս էլ չի բացուել:
«Նկարի բացումն ու ներկայացումն այսօր կարելի է պատմական համարել», դիմելով ներկաներին՝ ասաց «Ռոսլին» պատկերասրահի տնօրէն Առնօ Երէցեանը՝ մասնակցելով Ժիրայր Զորթեանի աղմկայարոյց կտաւի ազատագրմանը տուփից, որի վրայ պարզորոշ պահպանուել էր «1955 Չիկագոյի Արուեստի կենտրոն» գրութիւնը: Այս արարողութիւնն ինքնին առեղծուածային երանգներ էր պարունակում, եւ ձեռնարկին հաղորդեց Զորթեանական ոգին…
«Ամուսնալուծութիւն»ը, Ժիրայր Զորթեանի այլ նկարների հետ միասին, «Ռոսլին» պատկերասրահում կը ցուցադրուի մինչեւ Յուլիսի 28ը: «Ապրիլ» գրատանը կից գործող ցուցասրահը բաց է առաւօտեան 10ից մինչ երեկոյեան 7ը:
Տեղեկանք. 1911 թուականին Քէօթահիայում ծնուած Ժիրայր Զորթեանի ընտանիքը վերապրել է Հայոց Ցեղասպանութիւնը: Նա տասնմէկ տարեկան էր, երբ հաստատւում են Կոնեկտիկուտի Նիւ Հէյվըն քաղաքում: Աւարտելով Եէյլի համալսարանը, Ժիրայր Զորթեանը ստանում է կրթաթոշակ եւ մեկնում է Եւրոպա՝ ուսանելու արուեստ եւ ճարտարապետութիւն: Վերադառնալով ԱՄՆ, նա ստեղծում է որմնանկարների շարք, որոնք մինչ այսօր պահպանուել են նաեւ երկրի տարբեր պետական կառոյցներում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ամերիկեան բանակում նա նկարում է քարոզչական պաստառներ, եւ մեծադիր որմնանկար Պենտագոնի համար, ինչով եւ յայտնի է դառնում որպէս գեղանկարիչ:
Պատերազմի աւարտից յետոյ, Ժիրայր Զորթեանն իր առաջին կնոջ հետ ձեռք է բերում հսկայական տարածք Ալթադենայում, որտեղ սկսում է կառուցել իր «մոլորակը»՝ կառուցապատողների թափօններից ստեղծելով արուեստի գործեր:
Արուեստի պատմաբանների կողմից որպէս 20րդ դարի նշանակալի արուեստագէտ ճանաչուած Ժիրայր Զօրթեանն իր ողջ ներուժն ու ստեղծագործական լիցքերը ներդնում է «Զորթեան ագարակ»ի ստեղծման ու կայացման գործին՝ այն վերածելով ժամանակի յայտնի արուեստագէտների ու մտաւորականների հանդիպման վայրի: Բոբ Դիլան, Էնդի Ուորհոլ, Չարլի Փարքեր, Նոբելեան մրցանակի դափնեկիր, ֆիզիկոս Ռիչարդ Ֆէյնման, եւ այլոց յաճախ կարելի էր հանդիպել Զորթեանի ստեղծած «քաղաքում»: Ամերիկահայ արուեստագէտի կազմակերպած բոհեմական երեկոների մասին խօսում էին ողջ երկրում: «Զորթեան ագարակ»ն այսօր էլ արուեստագէտների սիրուած վայրերից է, որտեղ նրանք այցելում են ոչ միայն ծանօթանալու Զորթեանի իւրօրինակ աշխատանքներին, նաեւ՝ ստեղծագործական լիցքեր ստանալու առանձնայատուկ էներգիայով լի ագարակից:
Ժիրայր Զօրթեանը մահացել է 2004 թուականի Յունուարին, կեանքի 57 տարիներն անցկացնելով իր հանրայայտ ագարակում: