ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Հայաստանի Եւ Արցախի Ազգային ժողովներու Արտաքին յարաբերութիւններու մշտական յանձնաժողովները համատեղ յայտարարութիւն մը հրապարակած են, որուն մէջ կ՛ըսուի.
«Քննարկելով վերջին շրջանում հակամարտութեան գօտում իրավիճակի սրումը, Ադրբեջանի կողմից շարունակական ապակառուցողական եւ սադրիչ գործողութիւնները, Ադրբեջանում պետական մակարդակով այլատեացութեան դրսեւորումը՝
Կողմերը՝
Կարեւորում են 1994 եւ 1995թթ. զինադադարի անժամկէտ համաձայնագրերով ստանձնած միջազգային պարտաւորութիւնների կատարումը,
Ընդգծում են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների կարեւորութիւնը, մասնաւորապէս զինադադարի խախտումների հետաքննութեան մեխանիզմների ստեղծումը՝ որպէս կանխարգելման գործիք,
Արձանագրում են, որ Ադրբեջանի կողմից հակամարտութեան խաղաղ կարգաւորման ուղղութեամբ ստանձնած պարտաւորութիւնների խախտումը, կանխարգելիչ միջոցառումների իրականացման խոչընդոտումը պատասխանատուութիւն է առաջացնում Ադրբեջանի համար՝ հետեւանքների իր ողջ ծաւալով,
Դատապարտում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմից Ժնեւեան կոնվենցիայի հետեւողական խախտման քաղաքականութիւնը, քաղաքացիական բնակավայրերի հարեւանութեամբ ռազմական յենակէտերի տեղակայումը եւ խաղաղ բնակչութեանը՝ որպէս կենդանի վահան օգտագործելը,
Կոչ են անում միջազգային հանրութեանը հակամարտութեան գօտում իրավիճակի սրման պատասխանատուների նկատմամբ կիրառել թիրախային քաղաքական եւ տնտեսական պատժամիջոցներ,
Ակնկալում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաւել արդիւնաւէտ եւ գործուն ջանքեր՝ ուղղուած իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջընթացի համար պայմանների ապահովմանը,
Դիմում են միջազգային կառոյցներին՝ ակտիւօրէն նպաստելու Ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորմանը՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»: