ԼՈՒՍԻՆԷ ԴԱԼԼԱՔԵԱՆ
ԷՋՄԻԱԾԻՆ.- Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հոգեւոր եւ վարչական կենտրոնի կառոյցները կ՛ապահովուեն տաք ջրով՝ արեւային էներգիայի (ուժանիւթ-Խմբ.) շնորհիւ: Մայր Աթոռի տարածքում նաեւ ֆոտօէլեկտրական (լուս-ելեկտրական-Խմբ.) կայան է կառուցւում: «Արեւային» նախագծերն իրականացւում են Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնութեամբ:
Սբ. Էջմիածնում արեւային էներգետիկայի բոլոր ծրագրերն իրականացնող Optimum Energy ընկերութեան ներկայացուցիչ, էներգախնայողութեան եւ վերականգնուող էներգետիկայի խորհրդատու Արմէն Ղարիբեանը «ՓանԱրմինիըն»ին պատմեց, որ Մայր Աթոռը միշտ ողջունել է կանաչ տեխնոլոգիաների կիրառումը: Նա տեղեկացրեց, որ այս ծրագրի նախաձեռնող ու հովանաւոր Աշոտ Թունեանի Recom ընկերութիւնը արտադրում է ֆոտօվոլտային պանելներ (լուսելեկտրական վահանակներ-Խմբ.), որոնք տրամադրւում են այստեղ ծրագիրն իրականացնելու համար:
Այսպիսով, «Եղիցի լոյս» ծրագիրը ներառում է Մայր Աթոռի հոգեւոր եւ վարչական կենտրոնի կառոյցների էներգետիկ աուդիտը (հաշուեքննութիւնը-Խմբ.), ինչպէս նաեւ աուդիտի արդիւնքում առաջարկուող էներգախնայողութեան միջոցառումները, արեւային ջրատաքացուցիչների տեղադրումը, ֆոտօէլեկտրական կայանի կառուցումը:
Արեւային ջրատաքացման համակարգը կառուցման ընթացքում է։ Ղարիբեանի խօսքով՝ ներդրումների ծաւալն աւելի քան 2 մլն. դոլար է կազմում:
Էներգախնայողութեան եւ վերականգնուող էներգետիկայի խորհրդատու, ֆիզիկամաթեմատիկական գիտութիւնների թեկնածու Յովհաննէս Թեւոսեանը «ՓանԱրմինիըն»ին ներկայացրեց Մայր Աթոռում իրականացուող եւ նախատեսուող բոլոր ծրագրերը:
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հոգեւոր եւ վարչական կենտրոնի կառոյցների տաք ջրամատակարարումն իրականացուելու է արեւային էներգիայով:
«Բոլոր այս շէնքերի տաք ջրամատակարարումն ամբողջութեամբ արեւի էներգիայով է ապահովուելու: Տարուայ ընթացքում խնայուելու է 65,000 խմ. գազ, ինչը բաւականին մեծ թիւ է», նշեց Թեւոսեանը:
Մայր Աթոռի տարածքում (լողաւազանի հարեւանութեամբ) տեղադրուող արեւային ջրատաքացման համակարգ, որը Հայաստանում ամենամեծն է լինելու: Հզօրութիւնը՝ մօտ 350 կվտ., աշխատելու է ջերմային վակուումային խողովակների օգնութեամբ, ինչը բաւական է ամրանը ջրամատակարարումն ապահովելու համար: Ամբողջ համակարգը 1600 քմ. տարածք է զբաղեցնում:
Այն կազմուած է 142 մարտկոցից (կոլեկտորից), որոնցից իւրաքանչիւրն իր մէջ պարունակում է 30 ջերմային խողովակ: «Վերջիններս արեւի էներգիան կլանելով՝ փոխանցում են այն իւրաքանչիւր մարտկոցում շրջանառուող ջերմատար հեղուկին, իսկ վերջինը ջերմային փոխանակիչների օգնութեամբ արդէն այդ էներգիան ջրին է փոխանցում, եւ տաքացուած ջուրը ուղղւում է դէպի շէնքեր», բացատրեց Թեւոսեանը:
Նա նշեց, որ արեւային ջրատաքացուցիչներն աշխատելու են նաեւ ձմրանը: Այդ ժամանակ ՕԳԳն, ի հարկէ, կ՛ընկնի, բայց համակարգը, միեւնոյն է, կ՛աշխատի: Անհրաժեշտութեան դէպքում կը շահագործուեն կաթսաները՝ ջուրը համապատասխան ջերմաստիճանը բարձրացնելու նպատակով:
Օգոստոսին ջրատաքացման արեւային համակարգն ամբողջութեամբ կառուցուած կը լինի եւ շահագործման կը յանձնուի:
Մայր Աթոռի տարածքում՝ Սբ. Գայիանէ եկեղեցու մօտ, ֆոտօէլեկտրական կայան է կառուցւում (1 Մվտ. դրուածքային հզօրութեամբ), որն իրենից ներկայացնում է 2880 ֆոտօէլեկտրական մոդուլի (չափի-Խմբ.) միացութիւն: Վերջիններս հորիզոնի նկատմամբ տեղադրուած են 30 աստիճան թեքութեամբ: Կայանը տարեկան արտադրելու է 1,600,000 կվտժ. էլեկտրաէներգիա, ինչն ըստ ներկայիս սակագների, համարժէք է 140,000 դոլարի:
Թեւոսեանը պարզաբանեց, որ ՖՎ մարտկոցներն արեւային ճառագայթումը վերածում են հոսանքի, որը վաճառուելու է ՀԷՑին, իսկ թէ ինչպէս է բաշխուելու այդ էներգիան սպառման կէտերով, արդէն կ՛որոշի ՀԷՑը: Կայանը պատրաստ կը լինի մօտ 2-3 ամսից:
Optimum Energy ընկերութեան ներկայացուցիչ Արմէն Ղարիբեանի խօսքով՝ ֆոտօվոլտային կայանի կողքը պէտք է կառուցուի Solar Park՝ արեւային այգի, որի նախնական դիզայնն արդէն պատրաստ է: Քաղաքացիների համար այն զբօսավայր կը դառնայ: Այգում նաեւ ուսումնական կենտրոն կը լինի, որտեղ կը ցուցադրուեն արեւային տեխնոլոգիաների նոր ձեռքբերումները:
Թեւոսեանը պարզաբանեց՝ համալիրի շէնքերը չեն ջեռուցուելու արեւային էներգիայի միջոցով, քանի որ դա մեծ ներդրումներ է պահանջում, բացի այդ՝ արդիւնաւէտ չէ. «Ձմրանը միացնում ես կառոյցների ջեռուցումը: Ամրանն այդքան մեծ էներգիան ի՞նչ ես անելու: Արեւը հնարաւոր չէ անջատել, արեւային համակարգը միշտ աշխատում է, այդ պատճառով արեւային էներգիայով ջեռուցում այստեղ չենք նախատեսել»:
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում էներգետիկ աուդիտ (ստուգում-Խմբ.) է կատարուել, որի արդիւնքներով բոլոր շէնքերի համար համապատասխան էներգախնայող միջոցառումներ են առաջարկուել:
«Օրինակ, նոր Մատենադարանի վիտրաժները (ապակեփեղկերը-Խմբ.) ջերմային կորուստների պատճառ են դառնում. դա պարզուել է գիշերը թերմալ նկարահանման արդիւնքում: Այդ խնդիրը լուծելու համար առաջարկուել է յատուկ էներգախնայող թաղանթներ փակցնել ապակիներին: Դրանք կը նուազեցնեն հովացման բեռն ամրան ամիսներին եւ կը կանխեն ջերմութեան արտահոսքն ապակեպատ մակերեւոյթներից», ասաց Թեւոսեանը:
Մայր Աթոռի 22 շէնքի համար էլ էներգախնայող ծրագրեր են իրականացւում:
«Համալիրը նաեւ գլոբալ (համաշխարհային-Խմբ.) էներգախնայող ծրագրեր ունի՝ արեւային ֆոտօվոլտային կայանի կառուցում ու արեւային ջրատաքացուցիչների տեղադրում», յաւելեց էներգախնայողութեան խորհրդատուն:
Էներգախնայող միջոցառումներից մէկը նաեւ լուսաւորութեան բարելաւումն է: Թեւոսեանը պատմեց, որ այժմ օգտագործուող հասարակ շիկացման լամպերը բաւականին շատ հոսանք են օգտագործում: «Դրանք փոխարինում ենք լուսադիոդային (ելեկտրական ուղղարկիչ-Խմբ.) համարժէքներով, համալիրով մէկ մօտ 5000 տարբեր տեսակի լուսատու է փոխարինման ենթակայ, ինչն ամբողջ կենտրոնի լամպերի ու լուսատուների մօտ 60 տոկոսն է»:
Էներգախնայողութեան եւս մէկ միջոցառում կայ՝ էներգիայի կենտրոնական մոնիթորինգի համակարգ: Համալիրի բոլոր շէնքերում իրականացուելու է էներգետիկ մենեջմենթ (տեսչութիւն-Խմբ.): Այն հնարաւորութիւն կ՛ընձեռի հետեւել տուեալ շէնքի ջերմային եւ էլեկտրաէներգիայի սպառմանն օնլայն ռեժիմով (առցանց կարգով-Խմբ.), ինչպէս նաեւ ստանալ եւ համեմատել աւելի վաղ ժամանակաշրջանում սպառման ցուցանիշները: