2017 թուականի Յունիսի 22ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը, ուղեկցութեամբ թեմի մշակոյթի բաժնի տնօրէն եւ «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լեւոն Չիդիլեանի, թեմի կրթութեան բաժնի տնօրէն եւ «Սուրբ Մովսէս Խորենացի» նախակրթարանի ղեկավար Եւգենեա Մարկոսեանի եւ թեմի վարչա-տնտեսական բաժնի տնօրէն Կարէն Երիցեանի, եռօրեայ այցով մեկնեց Աջարիա՝ հանդիպելու Բաթումի հայ համայնքի հաւատացեալների եւ պետական պաշտօնէութեան հետ:
Յունիսի 22ին Վիրահայոց թեմի Բաթումի «Ալեքսանդր Մանթաշեան» կենտրոնում տեղի ունեցաւ հանդիպում խմբի եկեղեցասէր երիտասարդութեան հետ, որտեղ քննարկուեցին երիտասարդութեան կրթութեան, մասնագիտութիւն ձեռք բերելու եւ աշխատատեղիներ ունենալու խնդիրները:
Բաթումի «Սուրբ Փրկի»չ եկեղեցու հոգեւոր հովիւ Արարատ քահանայ Գումբալեանն իր մտահոգութիւնը յայտնեց այն մասին, որ Աջարիայի հայ տղաներն ու աղջիկները աւելի շատ դիմում են տեղի ծովագնացութեան ինստիտուտ եւ մասնագիտութիւն ձեռք բերելուց եւ աշխատանքի տեղաւորուելուց յետոյ, ամիսներով բացակայում ու կտրւում են քաղաքից, ընտանիքից, ինչը երբեմն նաեւ խնդիրներ է առաջացնում նրանց կեանքում: Հոգեւոր հայրը յորդորեց երիտասարդութեանը նախընտրել այն մասնագիտութիւնները, որոնք հնարաւորութիւն են ընձեռում աշխատանք գտնել տեղում, մնալ իրենց քաղաքում, իրենց տներում, որպէսզի չխաթարուի ընտանեկան կեանքը:
Հանդիպման վերջում թեմի առաջնորդը օրհնեց երիտասարդներին եւ նրանց մաղթեց յաջողութիւններ իրենց յետագայ գործունէութիւնում:
Նոյն օրը հանդիպում տեղի ունեցաւ նաեւ Բաթումի «Ալեքսանդր Մանթաշեան» կրթա-մշակութային եւ երիտասարդական կենտրոնում եւ Օզուրգեթիում աշխատող մանկավարժների հետ:
Վազգէն եպիսկոպոսը բարձր գնահատեց ուսուցիչների պատասխանատու աշխատանքը եւ յորդորեց նոյն նուիրուածութեամբ շարունակել իրականացնել հայապահպանութեան, հոգեւոր ու մշակութային միջոցառումներ՝ ուղղուած Աջարիայում համայնքային կեանքը աշխուժացնելուն:
Թեմակալ առաջնորդն իր գոհունակութիւնը յայտնեց կենտրոնի տնօրէն Սոնա Յովհաննիսեանին կենտրոնի գործունէութիւնը բազմաբղետ եւ բովանդակալից կազմակերպելու եւ կենտրոնը բանիմացօրէն ղեկավարելու համար:
Հանդիպմանը ուսուցիչները բարձրացրեցին Կենտրոնում առանձին դաշնակահար ունենալու խնդիր, որը Թեմակալ առաջնորդի կողմից լուծում ստացաւ:
Քննարկուեցին նաեւ Բաթումիում գործող «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եւ Օզուրգեթիում գործող «Սահակ Պարթեւ» մէկօրեայ դպրոցները եռամեայ դարձնելու եւ Բաթումիի «Սուրբ Գրիգոր Լուսաւորի»չ նախակրթարանի օրուայ տեւողութիւնը Սեպտեմբեր ամսից երկարացնելու ու երեխաներին սննդով ապահովելու հարցերը:
Բոլոր բարձրացուած խնդիրները առաջնորդի կողմից ստացան դրական լուծում:
Նոյն օրը երեկոյեան մանկավարժների, երիտասարդների եւ մայր հայրենիք Հայաստանից Բաթումի ժամանած երեխաների, ուսուցիչների եւ նրանց ծնողների հետ միասին «Սուրբ Փրկի»չ հայոց եկեղեցում տեղի ունեցաւ երեկոյեան ժամերգութիւն:
Յաւարտ ժամերգութեան սրբազան հայրն իր առաջնորդական ողջոյնը յղեց ներկաներին եւ հայրական օրհնութիւնը բաշխեց բոլոր երեխաներին:
Յունիսի 23ին Վիրահայոց թեմի առաջնորդը պատուիրակութեան անդամների եւ Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգեւոր հովուի հետ միասին այցելեց Բաթումիի քաղաքապետարան եւ հանդիպում ունեցաւ քաղաքապետ Գիորգի Երմակովի հետ: Սրբազան հայրն իր գոհունակութիւնը յայտնեց Սուրբ Փրկիչ եկեղեցու եւ Բաթումի հայ համայնքի նկատմամբ քաղաքապետարանի կողմից դրսեւորուող ուշադրութեան եւ յարգանքի համար: Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը եւ քաղաքապետ Գիորգի Երմակովը քննարկեցին հայոց եկեղեցուն եւ հայ համայնքին յուզող մի շարք հարցեր: Վերջում թեմակալ առաջնորդը եւ Բաթումիի քաղաքապետը փոխանակեցին նուէրներ:
Նոյն օրը Ալեքսանդր Մանթաշեանց կենտրոնում տեղի ունեցաւ 2016-2017 ուսումնական տարուայ աշակերտութեան աւարտական հանդէսը: Միջոցառմանն իր օրհնաբեր ներկայութիւնը բերեց Վազգէն եպիսկոպոսը:
Միջոցառումն իր ներկայութեամբ պատուել էր Աջարիայի Ինքնավար Հանրապետութիւնում ՀՀ գլխաւոր հիւպատոս Եղիշէ Սարգսեանը:
Միջոցառման վերջում Վիրահայոց թեմի առաջնորդը «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրեայ դպրոցի սաներին շնորհաւորեց դասընթացներն աւարտելու կապակցութեամբ, փոխանցեց իր հայրական օրհնութիւնը եւ յանձնեց աւարտական վկայականներ:
Ուշ երեկոյեան թեմակալ առաջնորդը եւ Թբիլիսիից ժամանած պատուիրակութեան անդամները հանդիպեցին Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգեւոր հովիւ Արարատ քահանայ Գումբալեանի եւ եկեղեցու ծխական խորհրդի անդամների հետ: Քննարկուեցին բաթումահայ համայնքին եկեղեցու շուրջը համախմբելու եւ եկեղեցու գործունէութիւնը էլ աւելի ծաւալելու հարցեր: Վիրահայոց թեմի առաջնորդը բարձր գնահատեց Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիի հայութեան եւ Բաթումիի «Սուրբ Փրկի»չ եկեղեցու հոգեւոր հովիւ Արարատ քահանայ Գումբալեանի նուիրեալ ծառայութիւնը:
Յունիսի 24ի առաւօտեան Վիրահայոց թեմի առաջնորդը, պատուիրակութեան անդամների եւ բաթումահայ հաւատացեալների հետ Սուրբ Փրկիչ եկեղեցում մասնակցեց առաւօտեան ժամերգութեանը եւ վերադարձաւ Թբիլիսի:
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ
ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ
ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ