ՎԱՇԻՆԳՏՈՆ, «Նիուզ».- «Քարնեգի» հաստատութեան եւ ԱՄՆում Հայաստանի դեսպանութեան կողմից Վաշինգտոնում եզակի համաժողով էր կազմակերպուել, որին ներկայ էին մարդիկ, ովքեր վերջին տասնամեակներում կերտել են հայ-ամերիկեան յարաբերութիւնները, հաղորդում է «Ամերիկայի Ձայնը»:
Հայ-ամերիկեան յարաբերութիւններն ունեն դարաւոր պատմութիւն՝ պատմութիւն, որն առնուազն մի քանի անգամ աւելի է քան Հայաստանի եւ ԱՄՆի դիւանագիտական յարաբերութիւնների քարորդ դարի պատմութիւնը, յայտարարել է ԱՄՆում Հայաստանի դեսպան Գրիգոր Յովհաննիսեանը, խօսելով Վաշինգտոնում՝ «Քարնեգի» հաստատութիւնում կազմակերպուած «ԱՄՆ-Հայաստան՝ 25 տարի միասին» համաժողովին: Դեսպանի խօսքով՝ հայերի համար Միացեալ Նահանգների կերպարը կերտուել է Վիլսոնեան Ամերիկայի յիշատակի հիման վրայ։ «Ամերիկան միշտ մեր կողքին է՝ հէնց այդպէս ենք մենք տեսնում Միացեալ Նահանգները, հէնց այդպիսին է տեսնում Ամերիկայի դերը Հայաստանի հետ յարաբերութիւններում հայ Սփիւռքը», նշել է նա:
Ի պատասխան, Միացեալ Նահանգները հպարտ է ունենալ Հայաստանի նման գործընկեր եւ պատրաստ է մնալ Հայաստանի կողքին, նշում է ԱՄՆի պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինքը։ «Մենք շարունակելու ենք ամէն կերպ աջակցել Հայաստանի կողմից ընտրուած ժողովրդավարութեան ուղին, մենք յարգում ենք սեփական ապագան ընտրելու Հայաստանի իրաւունքը եւ աջակցում ենք Եւրամիութեան հետ կապերի ամրապնդման ջանքերը», ասել է նա:
Պետքարտուղարութեան ներկայացուցիչը յիշեցնում է՝ վերջին տասնամեակում առաջին անգամ Հայաստանում ստեղծուել է եզակի իրավիճակ, երբ ընդդիմութիւնն ու հասարակութիւնը հիմնականում ճանաչել են խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները: Այժմ կարեւոր է օգտագործել ստեղծուած հնարաւորութիւնը ժողովրդավարութեան զարգացման եւ կոռուպցիայի դէմ լուրջ պայքարի համար: Հէնց այդ քայլերը հնարաւոր կը դարձնեն հայ-ամերիկեան յարաբերութիւնները նոր մակարդակի բարձրացնել եւ ամերիկեան օգնութեան տրամադրման փոխարէն Հայաստան բերել ամերիկեան ներդրումներ, հետեւաբար՝ հարիւրաւոր աշխատատեղեր։ «ԱՄՆի մասնաւոր հատուածի ներդրումները Հայաստանի տնտեսութեան մէջ զգալիօրէն աճել են՝ վերջին երկու տարիներին հասնելով կէս միլիարդ դոլարի», ընդգծել է Բրիջիթ Բրինքը:
«Քարնեգի»ում կազմակերպուած միջոցառումը եզակի էր իր բնոյթով. այստեղ էին հաւաքուել նախկին եւ ներկայ ԱՄՆի եւ Հայաստանի դեսպաններ: Դիւանագէտներ, որոնք հասցրել են հայ-ամերիկեան յարաբերութիւնները ներկայ բարձր մակարդակի:
1995-98 թուականներին Հայաստանում ԱՄՆի դեսպան Փիթեր Թոմսենը յիշում է, որ այն տարիներին տնտեսական համագործակցութիւնը սահմանափակւում էր ծանր վիճակում գտնուող Հայաստանին ամերիկեան օգնութեան տրամադրմամբ։ «Այսօր, նայելով զարգացող Երեւանին, երիտասարդ սերնդի համար բարդ է պատկերացնել, որ 1990ականներին Հայաստանի տնտեսութիւնը բացարձակ անկման մէջ էր, ծանրագոյն հումանիտար ճգնաժամ էր, որի վերջը չէր երեւում», պատմել է Փիթեր Թոմսենը:
2000ականների սկզբին ԱՄՆի դեսպանի պաշտօնը զբաղեցնող Ջոն Օրդուէյը պատմել է, թէ ինչպէս է ծնուել առասպելը, թէ Երեւանում ԱՄՆի դեսպանատունն աշխարհում խոշորագոյն է. ասուլիսի ընթացքում դեսպանն ասել էր, որ դա ԱՄՆի կողմից գնուած խոշորագոյն հողատարածքն է. «Ցաւօք, երիտասարդ մի լրագրող, որն աշխատում էր լրատուական գործակալութիւնում, խոշորագոյն հողատարածքի փոխարէն որոշեց հաղորդել աշխարհում ԱՄՆի խոշորագոյն դեսպանատան մասին», ասել է Ջոն Օրդուէյը:
Իսկ Ջոն Էւանսը պատմել է, թէ ինչպէս էր Հայաստան ժամանելուց յետոյ զրուցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Դրիւկովի հետ ու ասաց. «Մենք համաձայնեցինք, որ ռուսական եւ ամերիկեան շահերը Հայաստանում միմեանց չեն հակասում եւ որ մենք երկուսս էլ Հայաստանում ցանկանում ենք տեսնել անվտանգութիւն եւ բարգաւաճում երկրի եւ ժողովրդի համար եւ ժողովրդավարական հաստատութիւնների զարգացում»:
Ի դէպ, ամերիկեան նախկին երեք դեսպաններն էլ յայտնել են, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայութիւնը նրանց որեւէ կերպ չի խանգարել խորացնել յարաբերութիւնները Հայաստանի հետ:
«Հայաստանը ստիպուած է մանեւրել, միանշանակ, Եւրասիական տնտեսական միութեանը միանալը հեշտ որոշում չէր, սակայն, հնարաւոր է ստեղծուած պայմաններում դա միակ որոշումն էր եւ որպէս ամերիկացիներ մենք պէտք է հասկանանք դա եւ յարգենք Հայաստանի՝ նման որոշումներ կայացնելու իրաւունքը», նշել է Ջոն Օրդուէյը:
Ընդհանրապէս, անվտանգութեան հարցերում սերտ համագործակցութիւն ծաւալելով Ռուսաստանի հետ, Հայաստանը միեւնոյն ժամանակ բաց է ԱՄՆի հետ գործընկերութեան յետագայ խորացման համար, նշում է դեսպան Յովհաննիսեանը։ «Հաշուի առնելով անհամաչափութիւնը Միացեալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ, մեր երկխօսութեան եւ նախագծերի բովանդակութիւնն իրօք տպաւորիչ է՝ կրթութիւն, գիւղատնտեսութիւն, անվտանգութիւն, խաղաղապահ գործունէութիւն, ժողովրդավարութիւն, քաղաքացիական հասարակութիւն, էներգետիկ ոլորտ», եզրափակել է դեսպան Գրիգոր Յովհաննիսեանը: