ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անցած օրերին գտնւում էին Երեւանում եւ Ստեփանակերտում: Արցախեան հիմնահարցի կարգաւորման բանակցային գործընթացի շրջանակում նրանք հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Արցախի նախագահների, ՀՀ արտգործնախարարի հետ: Սպասւում է, որ մէկ շաբաթ յետոյ նրանք նոյնպիսի այց կը կատարեն նաեւ Բաքու:
Արդէն երկրորդ անգամն է, որ համանախագահները հակամարտող կողմեր են այցելում ժամանակային որոշակի ընդհատումով: Նախորդ անգամ դա տեղի ունեցաւ Մարտին: Համանախագահները նախ Մարտի 11ին այցելեցին Բաքու, իսկ Երեւանում եւ Ստեփանակերտում եղան դրանից երկու շաբաթ անց միայն՝ Մարտի 27ին: Այս իրողութիւնը յուշում է, որ եռանախագահողների ընտրած մաքոքային բանակցութիւնների մարտավարութիւնը ենթարկւում է որոշակի փոփոխութիւնների:
Նման ընդհատումներով Երեւան-Ստեփանակերտ եւ Բաքու այցելելը կարող է նշանակել, որ նրանք քննարկուող հարցերի վերաբերեալ կողմերից մէկի մօտեցումները որոշակի մշակման ենթարկելուց յետոյ են միայն նախապէս փոխանցում հակառակ կողմին՝ վերջինիս տալով նախապատրաստուելու եւ որոշ ժամանակ անց իրենց այցելութեան ժամանակ դրանց վերաբերեալ յստակ դիրքորոշումներ ստանալու նպատակով: Մարտավարութեան այսպիսի փոփոխութիւնը յուշում է, որ ոչ միայն հայկական եւ ադրբեջանական կողմերի համաձայնութիւնների գալը, այլեւ անգամ միմեանց հետ ուղղակի հաղորդակցուելն է դարձել աւելի դժուար՝ կրիտիկականի (վտանգաւոր աստիճանի-Խմբ.) մօտեցնելով բանակցային փակուղայնութիւնը:
Թերեւս հէնց սա է պատճառը, որ համանախագահների մօտ նկատելի է դառնում մարտավարութեան փոփոխութիւն նաեւ ուղերձների առումով: Նրանք սկսում են շեղուել իրենց բնորոշ նախկին լղոզուած յայտարարութիւններով բաւարարուելու գծից, եւ հասցէական ու նկատելիօրէն կոշտ գնահատականներ հնչեցնել: Օրինակ Ստեփանակերտում նախագահ Բակօ Սահակեանի հետ հանդիպումից յետոյ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը յայտարարել է, թէ եռանախագահողների յայտարարութիւնները եղել են հասցէական, որի նպատակն է պահպանել խնդրի խաղաղ կարգաւորման գործընթացը:
Առաջին անգամն է, թերեւս, երբ համանախագահողի մակարդակով յայտարարւում է, որ հասցէական յայտարարութիւնների թիրախը ոչ թէ բանացկային գործընթացին նպաստելն է, այլ խաղաղ գործընթացը պահպանելը, այսինքն հակամարտութեան ռազմական ֆազայի (փուլի-Խմբ.) տեղափոխումը կանխելը: Եթէ հաշուի առնենք, որ վերջին՝ Մայիսի 18ի հասցէական յայտարարութեամբ համանախագահներն Ադրբեջանին էին մեղադրել հրադադարի պայմանագրի խախտման նախայարձակ գործողութեան մէջ՝ նկատի ունենալով Մայիսի 15ին հայկական ՀՕՊ համակարգի բաղադրիչներից մէկը կառավարուող հրթիռով խոցելը, ապա Պոպովն անուղղակի ասում է, որ հասցէական յայտարարութիւնների նպատակը Ադրբեջանին զսպելը, բանակցային գործընթացը, հետեւաբար նաեւ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի հեղինակութիւնը փրկելն է: Այլ կերպ ասած՝ Պոպովը, ըստ էութեան, երկրորդում ու հաստատում է համանախագահների արած նախորդ յայտարարութեան առանցքային շեշտադրումները:
Այս իմաստով բանակցային գործընթացում կարծես թէ սկսուել է Բաքուի նկատմամբ փափուկ «ճնշման» մի գործընթաց, որը զարգացում ունենալու նախանշաններ է դրսեւորում: Երեւանում ՄԽ համանախագահողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանը յայտարարել է, թէ հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները՝ որպէս միջնորդութեան, հիմնախնդրի կարգաւորմանն ուղղուած ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձեւաչափ, պէտք է ոչ միայն յայտարարութիւններ անեն, այլեւ «համապատասխան կոնկրետ գործողութիւնների դիմեն, որպէսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական եւ սադրիչ քաղաքականութիւնը»:
Երկրորդ անգամ է, որ Էդվարդ Նալբանդեանը, հիմնուելով Մայիսի 18ի համանախագահների յայտարարութեան վրայ, նրանցից կոնկրետ գործողութիւններ է պահանջում: Մինչ այս պաշտօնական Երեւանը բաւարարւում էր ընդամէնը համանախագահներից հասցէական յայտարարութիւն ակնկալելով: Սա միանշանակ տակտիկական (մարտավարական-Խմբ.) քայլ առաջ է հայկական դիւանագիտութեան մէջ, որի ողջ իմաստն Ադրբեջանի նկատմամբ ճնշումներն առարկայական դարձնելն է եւ որպէս ճնշման գործիք՝ հէնց Արցախի սուբյեկտայնութիւնն (ա-ռանձին, ինքնուրոյն ենթակայ ըլլալը-Խնբ.) ընդգծելը:
Այս իմաստով ուշագրաւ է եղել Ստեփասնակերտում հանդիպումներից յետոյ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի արած մի՝ առաջին հայեացքից ոչինչ չասող դիտարկում: Ըստ «Արցախպրես» գործակալութեան՝ լրագրողներին տուած ճեպազրոյցում Հոգլանդն ասել է, թէ իրենք նախագահ Սահակեանի հետ հանդիպման ժամանակ բացի հիմնախնդրի կարգաւորումից, քննարկել են նաեւ տնտեսութեան տարբեր ճիւղերին, ֆինանսական հատուածին եւ շատ այլ թեմաների վերաբերող հարցեր: Այլ իրավիճակում տարակուսելի կը լինէր, թէ ինչո՞ւ են համանախագահներն իրենց կողմից չճանաչուած երկրի ղեկավարի հետ քննարկում բացարձակապէս իրենց մանդատի հետ կապ չունեցող հարցեր, առաւել եւս՝ հրապարակաւ խոստովանում այդ փաստը: Մինչդեռ ամենեւին չի բացառւում, որ սա հէնց Արցախի սուբյեկտայնութիւնը, ինքնիշխանութիւնն ընդգծելու միտում ունի, որի ենթատեքստային ուղերձը Բաքուին այն է, որ ներկայիս վարքագծի շարունակման հետեւանքը կարող է լինել ընդհուպ Արցախի ճանաչման գործընթացին չխոչընդոտելը: Սա նշանակում է, որ Էդվարդ Նալբանդեանի անուղղակի կոչը՝ ԼՂի ճանաչման հնարաւորութիւնը դարձնել Բաքուին զսպելու ճնշամիջոց, կարծես թէ արձագանգ է ստանում համանախագահների մօտ: Այս իմաստով շատ բան գուցէ հասկանալի կը դառնայ մէկ շաբաթ յետոյ նրանց Բաքու կատարելիք այցից եւ այնտեղից յղուելիք ուղերձներից: