ՆՈՒՆէ ԱՐԵՒՇԱՏԵԱՆ
Ինչպէս տեղեկացրել ենք, այսօր Գիւմրիում էր «Աւրորա» մարդասիրական առաջին մրցանակի յաղթող Մարգարիտ Բարանկիցեն: Նա, անդրադառնալով Հայաստանում առաջին անգամ անցկացուած մրցանակաբաշխութեանը, որով «100 Կեանք» նախաձեռնութեան համահիմնադիրներ Ռուբէն Վարդանեանը, Նուբար Աֆէյեանն ու Վարդան Գրեգորեանը իրենց երախտագիտութիւնն են յայտնում նրանց, ովքեր Հայոց Ցեղասպանութեան ժամանակ վտանգելով սեփական կեանքը՝ փրկել են հայերին, պարզաբանեց, թէ ինչ է իր համար նշանակում այդ մրցանակը. «Ինչպէս Մարիամը Գաբրիէլ հրեշտակապետից իմացաւ, որ իր մէջ կրելու է Աստծոյ որդուն, ասաց՝ թող լինի Աստծոյ կամքը, նոյնպէս եւ ես ընդունեցի իմ մրցանակը՝ որպէս Աստծոյ կամք եւ ասացի՝ ամէն ինչ Աստծոյ ձեռքերում է, թող ի կատար ածուի նրա կամքը: Ես հայրենիք չունեմ, լքել եմ իմ երկիրը, ու այդ մրցանակը ես ընդունեցի որպէս Աստծուց եկած մի ուղերձ, որն ասում էր՝ մի վախեցիր: Նուիրաբերած գումարով ես կարողացայ բոլոր երեխաներին յոյս տալ, որոնք կորցրել էին իրենց յոյսը… Իմ համար շատ կարեւոր է, որ հայկական Սփիւռքը, որ կարող էր այդ գումարն օգտագործել հայ ժողովրդի տարբեր խնդիրները լուծելու համար, դիմեց այդպիսի մեծահոգի քայլի եւ օգնութիւն բերեց: Ես դրա մէջ վեհութիւն եմ տեսնում, եւ դա եմ յատկապէս գնահատում»:
Մարգարիտ Բարանկիցեն նաեւ ասաց, որ երբ յուսահատւում է, դիմում է խաչուած Քրիստոսին, որն իրեն ասում է՝ մի վախեցիր, գնա առաջ:
«ԱՌԱՒՕՏ»