«168 ԺԱՄ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱՐՑԱԽԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍ ԳԵՆԵՐԱԼ—ԼԷՅՏԵՆԱՆՏ ՆՈՐԱՏ ՏԷՐ ԳՐԻԳՈՐԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ԳԱՅԻԱՆԷ ԽԱՉԱՏՐԵԱՆ
Ամերիկայի Միացեալ Նահանգների Ազգային հետախուզութեան ամէնամեայ զեկոյցում, որում գնահատականներ են տրւում համաշխարհային մարտահրաւէրներին, անդրադարձ է կատարուել նաեւ հայ-ադրբեջանական յարաբերութիւններին եւ շփման գծում իրադրութեանը: Զեկոյցում, մասնաւորապէս, նշւում է, որ 2016թ. Ապրիլին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարուածութիւնն աճել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան պատճառով, կողմերը չեն ցանկանում փոխզիջման գնալ, ուստի 2017թ. պահպանւում է լայնամասշտաբ ռազմական գործողութիւնների վերսկսման հնարաւորութիւնը: ԱՄՆ ազգային հետախուզութեան զեկոյցի եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ ՊՆ գլխաւոր շտաբի նախկին պետ, 1993թ. պաշտպանութեան նախարարի պաշտօնակատար, Արցախեան պատերազմի հերոս, գեներալ-լէյտենանտ Նորատ Տէր Գրիգորեանցի հետ:
ԳԱՅԻԱՆԷ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Պարոն գեներալ, ինչպէ՞ս կը մեկնաբանէք ԱՄՆ ազգային հետախուզութեան զեկոյցը, իսկապէս պահպանւո՞ւմ է լայնամասշտաբ ռազմական գործողութիւնների վերսկսման հնարաւորութիւնը:
ՆՈՐԱՏ ՏԷՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Ադրբեջանից՝ այդ յարձակողապաշտ, ահաբեկչական պետութեան կողմից, որովհետեւ անցած տարի Ապրիլին՝ կտրելով խաղաղ բնակչութեան ականջներ, գլուխներ եւ այլն, նրանք ցոյց տուեցին, որ ահաբեկիչնէր են, սպասել կարելի է ամէն ինչ: Առաւել եւս՝ վերջերս Ադրբեջանը եւ Թուրքիան լեռնային տեղանքում զինուած ուժերի կողմից մարտական գործողութիւնների անցկացման գծով համատեղ զօրավարժութիւններ են անցկացրել Ադրբեջանի տարածքում: Եւ հէնց լեռնային շրջաններում, ոչ թէ հարթավայրային կամ տափաստանային տեղանքում: Իսկ լեռնայինը Ղարաբաղն է եւ Հայաստանը:
Այդ պատճառով նրանք կարող են ամէն պահի քայլեր ձեռնարկել: Իսկ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը նախատեսուած է գործողութիւնների համակարգման, փոխգործակցութեան կազմակերպման եւ ռազմական գործողութիւնների պլանի մշակման կամ հաստատման համար: Այս պայմաններում մեր խնդիրն է՝ առանց խուճապի, քանի որ գիտենք, որ այդպէս կարող է լինել, ամրապնդել, մարտական լիարժէք պատրաստուածութեան բերել մեր ուժերը, սահմանագօտու բնակչութեանը նախապատրաստել, որ նրանք իմանան ու չվախենան, զինուեն եւ պատրաստ լինեն ամէն ինչի, այդ թւում՝ թշնամուն ետ շպրտելուն: Եւ այնպէս ետ շպրտեն, որ վերջնականապէս ջախջախեն նրան բոլոր ուղղութիւններով: Մենք չենք յարձակւում, մենք կարիք չունենք յարձակուելու:
Մենք ոչ մի աւելի բան չենք ուզում: Թող նրանք ազատեն գրաւած հայկական տարածքները՝ Հարթավայրային Ղարաբաղը, Շահումեանը, եւ այլն: Այդ պատճառով հէնց նրանք անցնում են Քուռը, նրանց պէտք է ջախջախել, քանի որ արդէն մօտենում են մեր տարածքին, եւ թոյլ չտալ, որ մօտանան մեր դիրքերին:
ԳԱՅԻԱՆԷ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Իսկ ինչո՞ւ է ամերիկեան հետախուզութիւնը հիմա խօսում լայնամասշտաբ գործողութիւնների հաւանականութեան մասին, սա ի՞նչ է նշանակում:
ՆՈՐԱՏ ՏԷՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Պարոն Թրամփը երեւի մեզ՝ հայերիս, զգուշացնում է, որ մենք պատրաստ լինենք հակազդել թշնամուն: Դա աւելի լաւ, որ ԱՄՆն է խօսում: Չէ՞ որ Թուրքիան ՆԱՏՕի անդամ պետութիւն է, իսկ Ադրբեջանը թուրքական երկրորդ պետութիւնն է: ԱՄՆը հզօր գերտէրութիւն է, պէտք է արդար լինի եւ կասեցնի թուրքական ոտնձգութիւնները: Թուրքիան անկանխատեսելի կողմ է, այդ պարոն Էրդողանը, որ ամէնուր ինչ-որ բաներ է անում, աւերեց ամբողջ Սիրիան, եւ անգամ կարող է ցեղասպանութիւն իրականացնել Եւրոպայում: Նրանից ամէն ինչ կարելի է սպասել: Եւ ԱՄՆը երեւի յուշում է, որ Թուրքիան նորից սկսել է խուլիգանութիւն անել:
ԳԱՅԻԱՆԷ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Բաքուի պահանջով Երեւանում փակուելու է ԵԱՀԿ գրասենեակը: Դա ի՞նչ հետեւանք կ՛ունենայ:
ՆՈՐԱՏ ՏԷՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Այո, նրանց ձեռնտու չէ, որ այստեղ ԵԱՀԿն աշխատի: Բաքւում ԵԱՀԿ գրասենեակը մի քանի տարի առաջ է փակուել, եւ հիմա նրանք ուզում են այստեղ փակել ԵԱՀԿ գրասենեակը, որովհետեւ ԵԱՀԿն խանգարում է նրանց եւ թոյլ չի տալիս իրագործել իրենց մտադրութիւնները: Իսկ երբ տարածաշրջանում չլինի ԵԱՀԿն, դա նոյնպէս պատերազմի պատրաստութիւն է համարւում: Մենք պէտք է շատ լուրջ դիւանագիտական աշխատանք իրականացնենք, մենք պէտք է ՄԱԿին, Անվտանգութեան խորհրդին, Եւրոպային, ամէնուր ապացուցենք, քարտէզներով ցոյց տանք, որ Ղարաբաղը մեր հողն է: Բանակցութիւններ պէտք է վարել Ռուսաստանի հետ, ոչ թէ Ադրբեջանի: Ադրբեջանի հետ մենք խօսելու ոչ մի բան չունենք: Եւ, Աստուած մի արասցէ, հող վերադարձնենք:
Եթէ 1 սմ. զիջենք, նրանք 3 կմ. կը գրաւեն: Ես Թուրքիայի նախկին քաղաքացու ժառանգ եմ: Թուրքիայում 1.5 մլն. հայերի ոչնչացրին, հիմա նրանց պէտք է Թուրքիան եւ Ադրբեջանն ամբողջութեամբ իրար կապել ցամաքով, յետոյ շարժուել դէպի Ուրալ, Եակուտիա, եւ այլն: Դա պանթուրքիզմի գաղափարախօսութիւնն է: Դրա համար նրանք ցանկացած միջոց օգտագործում են: Իսկ մեզ պէտք է դիմադրել:
ԳԱՅԻԱՆԷ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Հայաստանում տեսակէտ կայ, որ ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի փակումը Մոսկուայի նախաձեռնութիւնն է, եւ հէնց Մոսկուան է ուզում Բաքուի միջոցով այստեղ դադարեցնել եւրոպական այդ կառոյցի աշխատանքը:
ՆՈՐԱՏ ՏԷՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Ոչ, ոչ: Դա յիմարութիւն է: Ով դա ասում է, ճիշդ կ՛անի՝ լաւ ուսումնասիրի ռազմաքաղաքական իրադրութիւնը եւ քաղաքականութիւնն ընդհանրապէս:
ԳԱՅԻԱՆԷ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովն օրերս յայտարարել էր, որ «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման դէմ պայքարում Ռուսաստանը կարող է գործի դնել նաեւ Գիւմրու ռազմաբազան: Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարող է անել այդ ռազմաբազան ծայրահեղականների դէմ պայքարում:
ՆՈՐԱՏ ՏԷՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Շատ խելացի բան է ասել Լաւրովը: Իսկ ահաբեկիչները Թուրքիայի եւ Ադրբեջանի ամբողջ բանակներն են: Եթէ դա այդպէս է, նշանակում է, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանին, որպէսզի այնտեղից ահաբեկիչները չթափանցեն հայկական տարածք: Իսկ դրանք առանձին ահաբեկիչներ չեն, դրանք ամբողջ խմբաւորումներ են: Երբ անցած տարի Ապրիլին յարձակուեցին Արցախի վրայ, հակառակորդի կողմից կռուողների շարքերում մեծ թիւ էին կազմում ահաբեկիչները, իսլամիստները: Դրանք թուրքական զօրքերն էին, թուրք զինուորականներ, աւելի ճիշդ՝ ահաբեկիչներ, որոնք բանակի քօղի տակ էին գործում: Եւ եթէ Լաւրովը դա ասել է, դա շատ լաւ է:
Մեզ պէտք է աջակցել այդ գործում Ռուսաստանին, քանի որ դա ուղղուած է Հայաստանի, մեր հայրենիքի պաշտպանութեանը: Վերջերս Ռուսաստանի ԶՈՒ գլխաւոր շտաբի ղեկավարը յայտարարել էր, որ մի քանի հազար իսլամիստներ տեղափոխուել են Աֆղանստան, որտեղ կարող են միաւորուել եւ հարուածել Տաջիկստանին: Իսկ այդ պետութիւնը ՀԱՊԿ անդամ է: Այսինքն՝ նրանց նպատակն է, որ Ռուսաստանն իր զօրքերը հանի Սիրիայից եւ տեղափոխի այստեղ, իսկ այնտեղ թուլացնի իր դիրքերը:
Դա քաղաքականութիւն է: Ուզում են Ռուսաստանը ետ քաշել Սիրիայից, որպէսզի Սիրիայում էլ կարողանան անել այն, ինչ մտադիր էին, Ասադին ոչնչացնեն: Իսկ Ռուսաստանին դա ձեռնտու չէ, Ռուսաստանը պէտք է այնտեղ մնայ ու չվախենայ: Եւ մեր բանակը՝ ռուսական ռազմաբազայի հետ միասին, պէտք է պատրաստ լինի հակադարձելու ցանկացած յարձակում, պաշտպանելու հայկական տէրութիւնները եւ թոյլ չտալու այստեղ ահաբեկիչների մուտքը: Մենք պէտք է թոյլ չտանք թուլացնել Ռուսաստանը եւ պէտք է մինչեւ վերջ լինենք Ռուսաստանի հետ, այլապէս մենք էլ կը կործանուենք: