ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ
Ապրիլեան պատերազմից յետոյ «Թուֆենկեան» բարեգործական հիմնադրամը կեանքի է կոչել վիրաւորուած զինուորների բնակարանային խնդիրների լուծման ծրագիրը: Նախաձեռնած դրամահաւաքի գումարով մէկ տարուայ ընթացքում վերանորոգուել է Ապրիլեան պատերազմի ժամանակ վիրաւորուած հինգ, Արցախեան պատերազմի ժամանակ վիրաւորուած մէկ զինծառայողի՝ ասկերանցի Սամուէլ Մեժլումեանի բնակարանը:
Սամուէլ Մեժլումեանը ձեռքերի սահուն շարժումով այս ու այն կողմ է շրջում ելեկտրական սայլակի ղեկը, մտնում վերանորոգուած հիւրասենեակ, բաղնիք, այնուհետեւ ղեկն ուղղում «Թուֆենկեան» բարեգործական հիմնադրամի կողմից կառուցուած խոհանոցը:
«Մինչ տունը վերանորոգելը՝ միայնակ չէի կարողանում մնալ տանը: Խոհանոցն ու բաղնիքն առաջին յարկում էին, ես էլ չէի կարողանում իջնել: Հիմա բոլորիս հոգսը թեթեւացել է, ոչ մէկին նեղութիւն չեմ տալիս», հպարտ-հպարտ ասում է նա:
Բարի ժպիտով Սամուէլն այն մարդկանցից է, որ մինչ օրս կրում է Արցախեան պատերազմի հետքերը: 1992 թուականի Մայիսի 23ին վեց ամսուայ դիրքապահ էր, երբ Ստեփանակերտից Ասկերան վերադառնալու ճանապարհին վիրաւորուեց: Սամուէլի կիսատ թողած գործը շարունակեցին նրա մարտական ընկերները, իսկ ճակատագրի վճռով սայլակին գամուած Սամուէլին սպասում էր մէկ այլ պատերազմ հիւանդանոցներում՝ ողջ մնալու պատերազմ:
25 տարուայ ընթացքում Սամուէլը հինգ վիրահատութիւն է տարել: Ձախ ոտքն անդամահատուած է ազդրի շրջանում, աջը՝ ծնկից ներքեւ: Վիրաւորուելուց 25 տարի անց՝ Մայիսի 23ին Սամուէլը հերթական վիրահատութեան է:
«Ոչ մեր երկրի հարցն է լուծուել, ոչ էլ իմ: Մեր կռիւն անվերջ է: Ուղղակի պէտք է ուժեղ լինենք», ասում է Սամուէլ Մեժլումեանը:
Սամուէլն առաջին կարգի հաշմանդամ է, սակայն պատերազմից յետոյ նստակեաց կեանքի հետ չհամակերպուեց. սեփական հացի փուռ բացեց եւ ինչով կարողանում էր օգնում էր:
«Հիմնականում հացն էի բաժանում, այդ ընթացքում էլ զրուցում ժողովրդի հետ: Օրս անցնում էր», պատմում է նա եւ ասում, որ մի քանի տարի աշխատելուց յետոյ առողջականը տեղի տուեց եւ հացի փուռը փակեցին:
Ս. Մեժլումեանն իր տանն ապրում է կնոջ եւ որդու ընտանիքի հետ. ունի երեք թոռ: Մայիսի 16ին «Թուֆենկեան» բարեգործական հիմնադրամի տնօրինութիւնն այցելել էր Սամուէլին՝ շնորհաւորելու եւ նրանից կատարուած աշխատանքի գնահատականը լսելու:
«Շատ գոհ եմ: Մնում է խաղաղութիւն լինի, մենք էլ վայելենք մեր տունը», յայտարարեց Սամուէլը:
«Թուֆենկեան» հիմնադրամի գործադիր տնօրէն Րաֆֆի Տուտաքլեանի խօսքով՝ Սամուէլի տան վերանորոգման ծախսը կազմել է 12,000 ԱՄՆ դոլար:
«Սա ամենաքիչն է, որ ի նշան երախտագիտութեան՝ հիմնադրամը կարող է անել հայրենիքի պաշտպանութեան համար իրենց կեանքը վտանգած հերոսների համար: Մենք շարունակելու ենք վիրաւորուած ամենակարիքաւոր զինուորներին հնարաւորինս օգտակար լինել: Յաջորդ տունը Պատարա համայնքում ենք վերանորոգելու: Շինարարական աշխատանքները մեկնարկելու են երկու ամսից», նշել է Րաֆֆի Տուտաքլեանը: