ԱՆՆԱ ՊԱՊԻԿԵԱՆ
Կենտրոնական ընտրական յանձնաժողովը Չորեքշաբթի, Մայիսի 3ին, հրապարակեց 6րդ գումարման ԱԺի կազմը: Առաջինը նիստը կը կայանայ Մայիսի 18ին, Ազգային ժողովը կ՛ունենայ 105 պատգամաւոր: 58 մանդատ կը ստանայ ՀՀԿն, 31՝ «Ծառուկեան» դաշինքը, 9՝«Ելք» դաշինքը, 7՝ ՀՅԴն:
ՀՀԿ խմբակցութիւնում կը լինի 8 կին պատգամաւոր։
«Հանրապետական» կուսակցութիւնն այս տարի հրաժարուեց իր մշտական առաջին կին թեկնածուից՝ ԱԺ փոխնախագահ Հերմինէ Նաղդալեանից, այդ տեղը յատկացնելով արդարադատութեան նախարար Արփինէ Յովհաննիսեանին: Նա մէկ ամիս շարունակ ակտիւ զբաղուեց ՀՀԿի քարոզով: Ամենայն հաւանականութեամբ, Արփինէ Յովհաննիսեանը կը զբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտօնը:
Նախկին լրագրող Մարգարիտ Եսայեանը 2012թ. Մայիսի 6ին, ԱԺ պատգամաւոր է ընտրուել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնից: Նա այս տարի եւս կը լինի խորհրդարանում:
ԱԺ փոխնախագահ Հերմինէ Նաղդալեանը պատգամաւորական գործունէութիւն սկսել է ծաւալել դեռեւս 1995 թուականից: 2012թ. Մայիսի 6ին Ազգային ժողովի պատգամաւոր է ընտրուել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնից: Այս անգամ եւս նա կը լինի ԱԺում, սակայն դեռ յայտնի չէ՝ որեւէ յանձնաժողովի նախագահ կամ միջազգային պատուիրակութեան ղեկավար կը նշանակուի, թէ ոչ:
Երգչուհի Շուշան Պետրոսեանը, ով պատգամաւոր էր նաեւ նախորդ գումարման Ազգային ժողովում, կը լինի նաեւ 6րդ գումարման ԱԺում: Անցած խորհրդարանում Շուշան Պետրոսեանը օրէնսդրական գործունէութեամբ աչքի չի ընկել, փոխարէնը յայտնուել է սկանդալների կենտրոնում, մի շարք յայտարարութիւններով, կոչերով դարձել քննադատութիւնների ու քննարկումների թիրախ:
Վարչապետ Կարէն Կարապետեանի Երեւանի քաղաքապետ եղած տարիներին, նրա մամուլի խօսնակ, իսկ այժմ խորհրդական, հաւատարիմ զինակից, «Գազպրոմ Արմէնիա»ի խօսնակ Շուշան Սարդարեանը այս գումարման ԱԺի նորութիւն-թարմութիւնն է: Նա առաջին անգամ է դառնում պատգամաւոր
ՀՀԿի միւս կին պատգամաւորը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար æեմմա Բաղդասարեանն է: 2012 թուականից նա վարչապետին կից կանանց խորհրդի անդամ է:
Ինչպէս հինգերորդ, այնպէս էլ այս՝ վերցերորդ գումարման ԱԺում կը տեսնենք Ռուզաննա Մուրադեանին: 2002թ. «Կրթութիւն առանց սահմանի» ՀԿ հիմնադիր նախագահն է: 2006թ.՝ ՀՀԿ կանանց խորհրդի անդամ, գաղափարաքարոզչական յանձնախմբի նախագահ: 2010թ.՝ «Դպրոց-կենտրոնների միութիւն» իրաւաբանական անձանց միութեան նախագահ:
Ցուցակով խորհրդարան մտնող վերջին կինը ՀՀԿում Կարինէ Աճէմեանն է, որը 2009թ. Մայիսի 12ին ԱԺ պատգամաւոր է ընտրուել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնից: 2005թ.ից Հայաստանի Հանրապետական կուսակցութեան կանանց խոր-հրդի անդամ է, մշակոյթի յանձնախմբի ղեկավար:
«Ելք» դաշինքը կ՛ունենայ 2 կին պատգամաւոր։
Մանէ Թանդիլեանը «ԴԷՄ ԵՄ» նախաձեռնութեան անդամ, «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան փոխնախագահ: Մանէ Թանդիլեանը շատ ակտիւ գործունէութիւն է ծաւալել քաղաքական եւ հասարակական կեանքում, մասնակցել է տարբեր բողոքի ակցիաների: Նա պատգամաւորութեան թեկնածու էր առաջադրուած թիւ 1 ընտրատարածքում եւ ստացել է քուէարկողների 5110 ձայնը:
ՔՊից Լենա Նազարեանը եւս լինելու է խորհրդարանում: ԱԺ ընտրութիւններին նա իր թեկնածութիւնը առաջադրել էր թիւ 2 ընտրատարածքում:
ՀՅԴն կ՛ունենայ 1 կին պատգամաւոր։
Այս կուսակցութեանը բաժին ընկած 7 պատգամաւորական մանդատներից մէկը Արմէնուհի Կիւրեղեանինն է, ով Վանաձորի աւագանու անդամ է:
«Ծառուկեան դաշինքը» կ՛ունենայ 7 կին պատգամաւոր։
Զոհրաբեան Նաիրա՝ լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ, 2007թ. Մայիսի 12ին ընտրուել է ՀՀ Ազգային ժողովի 4րդ գումարման պատգամաւոր «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան համամասնական ընտրացուցակով: 2015 թուականի փետրուարեան յայտնի դէպքերից յետոյ, երբ Գագիկ Ծառուկեանը հեռացաւ քաղաքականութիւնից, Զոհրաբեանն ընտրուեց կուսակցութեան նախագահ:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկեանի մամուլի խօսնակ Իւետա Տօնոյեանը, որը ընգրկուել էր համամասնական ցուցակում եւ այնտեղ երկրորդ կին թեկնածուն էր, եւս լինելու է նոր ԱԺում:
Սարգսեան Լուիզա՝ ԲՀԿ անդամ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դասախօս է, ռուսաց լեզուի ամբիոնի ասիստենտ (օգնական-Խմբ.):
Գործող խորհրդարանում ՀՀԿ խմբակցութեան պատգամաւոր Կարինէ Պօղոսեանը մասնագիտութեամբ ֆիզիկոս է, մանկավարժ, աւարտել է Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմաթիկական ֆակուլտետը: Աշխատել է որպէս դպրոցի ուսուցիչ, փոխտնօրէն, տնօրէն: Նախկինում ՀՀԿ Արտաշատի շրջանային խորհրդի փոխնախագահ Կարինէ Պօղոսեանը լքեց կուսակցութիւնը, երբ այն լքել էր նաեւ նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանը, Պօղոսեանը նրա զարմուհին է:
Մարգարեան Մարինա՝ ԲՀԿ անդամ, Մխիթար Հերացու անուան ԵՊԲՀ ԹԸՍ ամբիոնի պրոֆեսոր:
Իսայեան Շաքէ՝ «Կենտրոն» հեռուստաընկերութեան լրագրող։
Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչը խորհրդարանում լինելու է Միքայէլեան Տատեան, որը աշխատում է Գիւմրիում «Հայ Ինեկո» բանկում:
«ՀՐԱՊԱՐԱԿ»