«Զօրաց քարեր» մեգալիթեան (մեծաքարային) յուշարձանի հիւսիս-արեւմտեան մասում գտնուող դամբարաններից մէկի հարաւային պատաշարին օրերս յայտնաբերուել են 60 սմ.ից մինչեւ մէկ մետր բարձրութեամբ անցքերով երեք քարեր: Այս մասին տեղեկանում են «Պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿից:
«Զօրաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի վարիչ Աշոտ Աւագեանի խօսքով՝ գտածոն կարեւոր նշանակութիւն ունի հնավայրի յետագայ ուսումնասիրութեան համար:
«Նմանատիպ քարեր կան դամբարանի երկու ծածկերի վրայ, բայց պատերի վրայ յայտնաբերուածը առաջին դէպքն է», ասել է Աշոտ Աւագեանը՝ պատճառաբանելով, որ խոտածածկը թոյլ չի տուել մինչ օրս նկատել դրանք:
Արգելոցի վարիչի խօսքով՝ դա եւս մէկ ապացոյց է, որ «Զօրաց քարեր»ն աստղադիտարան չի եղել, քարերն այնտեղ են բերուել շինարարական նպատակներով, անցքերն էլ արուել են դրանց տեղաշարժի համար:
Ա. Աւագեանի փոխանցմամբ, Յուլիսին հնագիտական արշավախումբը նախատեսում է վերսկսել պեղումները կենտրոնական դամբարանի եւ մի շարք այլ հատուածներում:
«Զօրաց քարեր» յուշարձանը որոշակի դասաւորութեամբ ուղղահայեաց կանգնեցուած տասնեակ քարերի մի համալիր է, տեղաւորուած 3 հեկտարից աւել տարածութեան վրայ: Ծովի մակարդակից բարձր է 1770 կմ.: Կառոյցի բոլոր քարերը բազալտից են, մի մասի վրայ կան անցքեր:
Յուշարձանը մասամբ է հետազօտուած: Յուշարձանի եւ յարակից տարածքի նախնական ուսոումնասիրութիւնը թոյլ է տալիս հիմնաւորել, որ Զօրաց քարերը եզակի պատմամշակութային հնավայր են: Հիմնական կառոյցի կենտրոնում առկայ է քարարկղային դամբարան, որի դամբանախուցը հնում թալանուել է: Խցի յատակին պահպանուած խեցու բեկորները վկայում են, որ կառոյցը վերաբերում է մ.թ.ա. ԺԵ.-ԺԴ. դդ.: Դեռեւս 1931թ. յուշարձանի տարածքում ուղղահայեաց կանգնած հսկայական քարերից մէկի տակ, պատահաբար, բացուել եւ աւերուել է դամբարան, որից յայտնաբերուած նիւթերի մի մասը մուտք են գործել Հայաստանի պատմութեան թանգարան: Ըստ պահպանուած այդ գտածոների, աւերուած դամբարանը վերաբերում է միջին բրոնզի շրջափուլին եւ թուագրւում մ.թ.ա. Բ. հազարամեակի Ա. քառորդով: Մոտաւորապէս նոյն ժամանակաշրջանին պէտք է վերաբերի նաեւ Զօրաց քարերի մօտակայքում նշմարուող բնակատեղին, որի տարածքից հաւաքուած վերգետնեայ տարաժամանակեայ հնագիտական նիւթերը վերաբերում են մ.թ.ա. Գ.-Ա. հազարամեակներին:
«Զօրաց քարեր» հնագիտական բնակատեղիի 2016թ. պեղումների ժամանակ գտնուել են մեծ քանակութեամբ խեցեղէնի բեկորներ, երկաթից պատրաստուած զէնքերի եւ աշխատանքային գործիքների մնացորդներ, ԺԱ.-ԺԳ. դարերով թուագրուող ապակէ ապարանջան, իսկ կենտրոնական դամբանախցից՝ չորս ծածկասալեր, դրանց մի մասը դարձեալ անցքերով:
«ՓԱՆՈՐԱՄԱ»