Թուրքական gazetekarinca.com կայքն անդրադարձել է Արեւմտեան Հայաստանի տարածքում գտնուող Դիարբեքիրի (պատմական Տիգրանակերտ) բռնի իսլամացուած հայերին, որոնք, ըստ սիւնակագիր Նուրհաք Եըլմազի՝ քիչ չեն:
Ցեղասպանութեան տարիներին բռնի իսլամացուած որբերի թոռների սերունդ հանդիսացող այս հայերի կեանքի առանցքային դրուագներ պայմանաւորուած են Թուրքիայի շարունակական քաղաքական վարիվերումներով:
Ըստ Եըլմազի՝ այս հայերին երկար տարիներ չեն նկատել, կամ նկատելու չեն տուել որեւէ հասարակութեան մէջ: Այս մարդիկ շարունակ մնում են երկու քարի արանքում՝ չեն ընդունւում որպէս մահմեդական թուրքերի ու քրդերի կողմից, եւ խտրականութեան են հանդիպում քրիստոնեաների շրջանում՝ որպէս կրօնափոխների ժառանգներ:
Նուրհաք Եըլմազի յօդուածը ներկայացնում ենք ստորեւ՝ որոշակի կրճատումներով.
«Դիարբեքիրի բնակիչները տարիներ շարունակ որպէս Դիարբեքիրի վերջին հայ ճանաչել են միայն ամուսիններ Պայծառ տատիկին եւ Սարգիս պապիկին: Մենք էլ՝ լրագրողներս, այդ «վերջին» բառը շատ հեշտ էինք կիրառում: Արդէն քիչ էր մնում հաւատայինք, որ երբ այս տարեց զոյգը հեռացաւ այս աշխարհից, Դիարբեքիրում այլեւս հայ չմնաց:
Նրանց որպէս «վերջին հայեր» ճանաչելու պատճառն էլ նրանց՝ ծննդեան օրից հայկական անուններ օգտագործելը, եկեղեցու բակում ապրելն ու իրենք իրենց որպէս քրիստոնեայ ճանաչելու փաստն էր:
Մինչդեռ յետագայում պէտք է հասկանայինք, որ Դիարբեքիրում հայերն աւելին են, քան մենք կարծում ենք, թէկուզ՝ «ծպտեալ»:
Դրա վառ ապացոյցն էր 2011թ.ին Դիարբեքիրում վերակառուցուած Սուրբ Կիրակոս եկեղեցու բացման արարողութեան ժամանակ մեր տեսած բազմութիւնը: Եկեղեցին ժամանակի հետ դարձաւ այս մարդկանց՝ իրենք իրենց ինքնութեան հետ հանդիպման վայրն ու հաւաքատեղին: Դա այդպէս էր մինչեւ 2015թ.ի Դեկտեմբերի 11, երբ Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասում վերսկսուեցին թուրք-քրդական բախումներն ու եկեղեցու տարածքը շրջափակման մէջ ընկաւ:
Լաւ, իսկ ինչո՞ւ մինչ այդ ոչ ոք չտեսաւ այս հայերին: Որովհետեւ նրանց ասում էին «ծպտեալ հայեր» կամ «մահմեդականացուած հայեր»: Այսինքն՝ կեանքը փրկելու համար իրենց կրօնը փոխել ստիպուած եղածների թոռները: Ոմանք նրանց ասում են «թրի տակի մնացորդներ», ոմանք էլ այն կարծիքին են, թէ կրօնափոխուելով վերջիններս հեռանում են հայութիւնից:
«Կայծակը խփեց մի անգամ, մեխանիկօրէն Աստուածաշնչից մի արտայայտութիւն արեցի: Ասում են. «Աաա, դու հա՞յ էիր: Ինչո՞ւ մեզ մինչ օրս չէիր ասում»: Իսկ դուք, որ ինձ հետ ծանօթանում էք, ասո՞ւմ էք «բարեւ, ես թուրք եմ»: Ես էլ քեզ չեմ հարցնում», իր վերապրածների մասին է պատմում Դիարբեքիրում մեզ հանդիպած հայազգի «Ն»ն:
Վերջինս իր իսկ ջանքերով հայերէն է սովորել: Նրա կեանքը փոխուեց այն ժամանակ, երբ տանը պատահմամբ գտաւ պապիկից մնացած հին Աստուածաշունչը: Հէնց իր պապիկից էլ տեղեկացաւ իրենց ով լինելը:
«Պապիկիս անձնագրի մէջ գրել են «մահմեդական», բայց չնայած դրան, 1942թ.ին, երբ կրօնական փոքրամասնութիւններից յաւելեալ ունեցուածքի հարկ էր գանձւում, պապիկիցս էլ են գանձել: Բա ասում էիք մահմեդականներից չէ՞ք գանձել: «Դէք» կոչուող դաջուածքը 1915թ.ից յետոյ դաջուել է մեր կանանց երեսին, որպէսզի իմանան, որ հայ է»:
Ըստ նրա՝ երիտասարդ սերունդը կարող է չգիտակցել մեծերի վերապրածը, քանի որ ապրուած արհաւիրքը շատ աւելի խորն է, քան որեւէ մէկը կարող է պատկերացնել:
«Երբեմն մայրս ու հայրս նայում են ինձ այնպիսի հայեացքով, կարծես ուզենան ասել. «Դու ինչ ես տեսել որ քո կեանքում»: Հայրս երբեմն միայն ձեռքով ցոյց է տալիս խմբակային գերեզմանի վայրը, որտեղ գտնւում է մեծ պապիս մարմինը: Հայեացքը չի դարձնում այդ կողմ: Մենք մինչեւ հիմա հին հայկական սովորութեամբ տարեսկզբին նուռ ենք կոտրում տան մէջ: Ես ուզում եմ իմ հայութիւնն այս ամէնի մէջ ապրել, ուրիշ բան չեմ ուզում ձեզանից, ընկերներ», եզրափակում է «Ն»ն»: