ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Ապրիլի 24ին Ցեղասպանութեան 102րդ տարելիցի կապակցութեամբ Պոլսոյ Պատրիարքարանում կազմակերպուած միջոցառման ժամանակ ընթերցուել է այդ օրուան վերաբերող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ուղերձը: Դրանից ակնյայտ է դառնում, որ Էրդողանը չի փոխում իր ամենամեայ ուղերձների ժխտողական տրամաբանութիւնը, եւ որ պաշտօնական Անկարան արդէն գտել է արձագանգելու ստանդարտ եղանակը: Բուն Ցեղասպանութեան վերաբերեալ ստանդարտ ձեւակերպումներով յայտարարութիւնը գրեթէ նոյնութեամբ կրկնում է նախորդ տարիների Էրդողանի ուղերձների բովանդակութիւնը: Օգտագործուած բառակոյտը, ձեւակերպումներն այնպիսին են, կարծես նրա աշխատակազմը պարզապէս գործում է «copy paste» սկզբունքով: Ինչպէս նախորդ տարիներին, այնպէս էլ այս անգամ Էրդողանը փաստացի Ապրիլի 24ը վերածում է առաջին Աշխարհամարտում մահացած կայսրութեան անխտիր բոլոր քաղաքացիների յիշատակման օրուայ՝ մնալով հայերի հետ տեղի ունեցածը պատերազմի գործօնով հիմնաւորելու եւ թուրքերի կորուստների հետ նոյնացնելու պաշտօնական դիրքորոշման սահմաններում: Նոյնն են ձեւակերպումները նաեւ «եղբայր ժողովուրդների», «դժուար պայմաններում կեանքից հեռացած» օսմանեան հայերի, վերջիններիս յիշողութեան եւ հայկական մշակութային ժառանգութեան պահպանման, «անցեալի վէրքերը համատեղ ամոքելու» վերաբերեալ: Միակ տարբերութիւնն այն է, որ այս տարուայ ուղերձում բացակայում էր նախորդներում պարտադիր շեշտուող միտքը՝ 20րդ դարասկզբի իրադարձութիւնների քննութիւնը պատմաբաններին թողնելու անհրաժեշտութեան, ներկայումս այն քաղաքականացնելու անթոյլատրելիութեան մասին:
Սակայն իրեն բնորոշ ցինիզմը Էրդողանին չի լքել նաեւ այս անգամ: Ընդ որում՝ միանգամից երկու առումով: Նախ՝ պաշտօնական Անկարան գրեթէ բացայայտ խոստովանում է, որ Էրդողանի կողմից նման ուղերձներով հանդէս գալը հետապնդում է ընդամէնը Թուրքիայի հայերի հանդէպ հանդուրժողականութիւնը ցուցադրելու նպատակ: Պատրիարքարանում զոհերի ոգեկոչման միջոցառում անցկացնելու հայերի իրացուող իրաւունքի մասին Ուղերձում շեշտւում է այնպիսի տոնայնութեամբ, կարծես իշխանութիւնն աննկարագրելի զոհողութիւնների է գնում նման բան թոյլ տալով: Սա այն դէպքում, երբ գրեթէ ամէն տարի այդ միջոցառումներին պարտադիր մասնակցում են թուրքական իշխանութեան ներկայացուցիչներ՝ որեւէ անկանխատեսելի, պետական քաղաքական գծից շեղուող երեւոյթ թոյլ չտալու համար: Երկրորդ՝ այն բանից յետոյ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդէս եկաւ «Մեծ եղեռնի» տարելիցի կապակցութեամբ աւանդական յայտարարութեամբ՝ հետեւեց պաշտօնական Անկարայի կոշտ արձագանգը: Վրդովմունք արտայայտելով պատմական փաստերն իբր ԱՄՆ վարչակազմի կողմից աղաւաղելու առթիւ, Թուրքիայի ԱԳՆ յայտարարութեան մէջ նշւում էր. «Մենք ցանկանում ենք ԱՄՆի ղեկավարութեանը յիշեցնել Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին իրենց կեանքը կորցրած օսմանեան հայերի յիշատակին նուիրուած ամէնամեայ միջոցառման մասին, որը յարգանքի արժանի կերպով տեղի է ունենում Ստամբուլի հայոց պատրիարքարանում»: Ապա մատնացոյց անելով Էրդողանի յայտարարութիւնը՝ աւելացւում է. «Այդ ուղերձը ներկայացնում է այս հարցում Թուրքիայի ցուցաբերած դիրքորոշումը»:
Այլ կերպ ասած՝ ժխտողականութեան ստանդարտ եւ հերթապահ ձեւակերպումներով յագեցած ուղերձ Էրդողանը յղում է՝ ընդամէնը այլ երկրներում Ցեղասպանութեան ճանաչման համատեքստում անգամ ամենաչնչին նախաձեռնութիւններին պատասխանելու հիմք ունենալու նպատակով: Գործում է նոյն տրամաբանութիւնը, ինչ հայ-թուրքական հաշտեցման ցիւրիխեան գործընթացը հրապարակ նետելիս: Ցիւրիխում հայ-թուրքական արձանագրութիւնները ստորագրելուց յետոյ Անկարան, իրենց եւ հայերի հաշտեցմանը չմիջամտելու եւ չխանգարելու պատճառաբանութեամբ, սկսեց արձանագրութիւնների գոյութիւնն օգտագործել որպէս Ցեղասպանութեան ճանաչման սկսուած միջազգային «արշաւը» կասեցնելու միջոց: Հիմա, փաստօրէն, Էրդողանի ուղերձները ծառայեցւում են թուրքական չեղած հանդուրժողականութիւնը ցուցանակ դարձնելու նպատակին:
Ցինիզմի երկրորդ դրսեւորումը պայմանաւորուած է Թուրքիայում մենատիրութիւն հաստատելու Էրդողանի քաղաքականութեամբ: Ուղերձի փաստացի հասցէատէրը պատրիարքի ինքնակոչ փոխանորդ Արամ Աթէշեանն է: Էրդողանը յայտարարութեան մէջ յոյս է յայտնել, որ կարճ ժամանակում կ՛աւարտուեն Պոլսոյ հայոց պատրիարքի ընտրութիւնները եւ յաջողութիւններ է մաղթել այդ հարցում: Թէեւ կոնկրետ չի նշուել՝ ո՞ւմ է ուղղուած յաջողութեան մաղթանքը, սակայն դատելով նրանից, որ ուղերձն ուղարկուել է հէնց Արամ Աթէշեանի անունով, գրեթէ համոզուած կարելի է ասել, որ այն ուղղուած է հէնց վերջինիս:
Էրդողանը Ապրիլի 24ի կապակացութեամբ ուղերձ յղելու առիթն օգտագործել է՝ ցոյց տալու, որ Աթէշեանն է թեմի առաջնորդի՝ իրենց համար ընդունելի թեկնածուն: Եթէ այդպէս է, ապա սա ընտրողներին ուղղորդելու, պետութեան կողմից պատրիարքարանի գործերին կոպտօրէն միջամտելու ցինիկ եւ հակասահմանադրական քայլ է: Այն փաստարկում է, որ Պատրիարքի փոխանորդի ընտրութեան շուրջ ստեղծուած իրադրութիւնը, պառակտումների եւ Աթէշեանի միջոցով առաջնորդարանը թուլացնելը պետական քաղաքականութիւն է, որը պաշտպանւում է իշխանութեան ամենաբարձր մակարդակով: Այս մօտեցումը լիովին տեղաւորւում է գործնականում ամէն ինչ պետութեան ուղղակի վերահսկողութեանը եւ հրահանգաւորմանը ենթարկելու էրդողանական ռեժիմի վերջին շրջանի քաղաքականութեան սահմաններում: Ակնյայտ է, որ որքան էլ փոքր, այնուամենայնիւ ամենակազմակերպուած էթնիկական փոքրամասնութիւնը ներկայացնող հայկական համայնքը, դրա շունչն ու ոգին հանդիսացող Պոլսոյ պատրիարքարանը պէտք է յայտնուէին վարչակարգի թիրախում: Ահա այսպէս է նէոօսմանիզմի մարմաջով տառապող Էրդողանի հայկական համայնքի երջանկութիւնն ապահովելու խոստումը: