Այս բացառիկ լուսանկարն արուել է 1915/1916 թուականին սիրիական Ռաս ուլ-Այն բնակավայրի յարակից հատուածում, որտեղ հաստատուել էին Արեւմտեան Հայաստանի եւ Օսմանեան կայսրութեան այլ վայրերից տեղահանուած հայ գաղթականները: Այն հաւանաբար գաղտնի է արուել գաղթակայանին յարակից շինութիւններից մէկի երկրորդ յարկից:
Ամենայն հաւանականութեամբ, լուսանկարիչը փորձել է աննկատ մնալ՝ քաջ գիտակցելով, որ իր արարքի համար կարող է խստագոյնս պատժուել օսմանեան գրաքննութեան օրէնքով, որն արգելում էր տեղահանուած հայերի քարաւաններն ու գաղթակայանները լուսանկարելը:
Մեծ եղեռնի տարիներին Եփրատի ափին գտնուող Ռաս ուլ-Այն արաբական բնակավայրը դարձաւ Արեւմտեան Հայաստանի՝ Սեբաստիայի, Դիարբեքիրի եւ Խարբերդի նահանգներից, այնուհետեւ Կոստանդնուպոլսից, Կիլիկիայից տեղահանուած հայերի կենտրոնացուած գաղթակայանը: Ականատեսների վկայութեամբ՝ ցրտից, քաղցից ու համաճարակներից այստեղ օրական մեռնում էր 500-600 մարդ: Միայն 4 ամսում Ռաս Ուլ-Այնում հոգին աւանդեց 3-14 հազար մարդ, ինչի պատճառով տեղի գաւառապետը խնդրել էր դադարեցնել հայ գաղթականների տեղաբաշխումն այս բնակավայրում:
Ռաս Ուլ-Այնում հայերի առաջին խոշոր կոտորածը կազմակերպեց Վանի նախկին կուսակալ æեւդեթ բէյը: Նշանակուելով Ադանայի կուսակալ՝ այս ոճրագործը 1916 թ. Փետրուարին ժամանում է Ռաս Ուլ-Այն՝ կարգադրելով ոչնչացնել վրանաբնակ 50 հազար հայերի: Հրամանը չկատարած գաւառապետը հեռացուեց աշխատանքից, իսկ նրա յաջորդը շարունակեց տեղահանութիւնն ու կոտորածը:
Ընդհանուր առմամբ Ռաս Ուլ-Այնում եւ նրա շրջակայքում զոհուեց շուրջ 70 հազար հայ:
Բաղդադի կուսակալ Ս. Նզիֆը, ով Ռաս Ուլ-Այնում տեսել էր հայերի նկատմամբ կատարուող բարբարոսութիւնները, գրել է. «Հայ ժողովրդի բնաջնջումը կը դառնայ Թուրքիայի պատմութեան ամենասեւ էջը»:
«Ես չեմ կարծում, թէ համաշխարհային պատմութեան մէջ երբեւէ կատարուել է համընդհանուր եւ արմատական այնպիսի նախճիր, ինչպիսին այժմ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, եւ ոչ էլ հաւատում եմ, թէ մարդկային ուղեղն ի զօրու է յղանալու աւելի ահաւոր ու սադայելական ծրագիր»:
ԼԵՍԼԻ ԴԵՒԻՍ
ԱՄՆ հիւպատոսը Խարբերդում