ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ
Եթէ խօսքը գնում է հեղինակի ստեղծագործութիւնների ընթերցումների մասին, ուրեմն այդ հեղինակը արժանի է, որ իր ստեղծագործութիւններն ընթերցեն, ուրեմն նա այնպիսի ստեղծագործութիւններ է գրել, որոնք իրօք որ պէտք է ընթերցուեն, մեկնաբանուեն, վերլուծեն, որ լսողների համար առաւել հասկանալի լինեն: Այդ ընթերցումների, վերլուծութիւնների, մեկնաբանութիւնների ժամանակ էլ աւելի լաւ ես սկսում ճանաչել հեղինակին, նրա ստեղծագործութիւններին, նրա փիլիսոփայութեանը: Երբեմն որեւէ ստեղծագործութիւն առաւել լաւ ես ըմբռնում, երբ այն արհեստավարժ ասմունքողը, կամ կարդացողն է ներկայացնում՝ համապատասխան շեշտադրումներով եւ առոգանութեամբ:
Ապրիլի 7ին՝ մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առիթով, ժողովրդական երգիչ, իր բարութեամբ ու անշահախնդրութեամբ յայտնի Նշան Ջաղացպանեանը սիրայօժար իր կողմից պատրաստուած ձայնագրութեան սրահը տրամադրել էր «ԱՄՆ հայ գրողներ» միութեան անդամներին՝ անցկացնելու վանատուրեան ընթերցումներ:
Հանդիսավարը՝ գրողների միութեան փոխնախագահ Ֆիրայ Ակեանը, ողջունեց ներկաներին, ովքեր 30ից աւել մտաւորականներ էին եւ ձայնը տուեց միութեան նախագահ, տաղանդաւոր բանաստեղծ Վազգէն Վանատուրին: Վանատուրն իր ելոյթում նշեց, որ այսպիսի երեկոներ յաճախ ենք կազմակերպելու, բայց այսօրուայ երեկոն նաեւ հանգանականութեան համար ենք անցկացնում, որոշակի գումար հաւաքելու օրերս մահացած, ժողովրդի կողմից սիրուած եւ յարգուած «Հաց բերող» Արթուր Սարգսեանի հարազատների համար: Նա նշեց, որ երբ մարդկանց մատը ձգանին է նա անպայման պէտք է կրակի եւ Արթուր Սարգսեանը այդ «կրակոց»ջ զոհն է: Այնուհետեւ ելոյթ ունեցաւ միութեան առաջին փոխնախագահ Կարէն Խաչատրեանը (Խաչկար): Նա մասնագէտին յարիր մակարդակով, մեծ պատասխանատուութեամբ, մեծ փորձ ունեցող գրախօսի մօտեցումներով, աւելի շուտ բարձր մակարդակով եւ մատչելի լեզուով ներկայացրեց Վազգէն Վանատուրի նոր գրքի առաջաբանը, որտեղ վերլուծել էր նաեւ գրքում տպագրուող ստեղծագործութիւնները եւ Վազգէն Վանատուրի գլուխգործոցի մակարդակի «Շարական 10 Միլիոն Ձայնի Համար» պօէմը: Մասնաւորապէս, Խաչկարը համեմատութեան մէջ դրեց Վազգէն Վանատուրի «Սոնետների Պսակը» Աւետիք Իսահակեանի «Աբու Լալա Մահար»ջի հետ, ու թէեւ արտայայտչամիջոցները խստօրէն տարբերւում էին միմեանցից, քանի որ վարպետն ընտրել էր սուրահների արաբական տաղաչափ, մինչդեռ Վանատուրը գործածել է արեւմտեան սոնետների ձեւաչափ, միեւնոյն ժամանակ կարծես ձեռնոց նետելով սոնետի յայտնի եւրոպական վարպետներին՝ Հենրի Հաուարդին եւ æեֆրի Չոսերին, եւ ընդհանրապէս չի զիջել նրանց այդ պայքարում: Վազգէն Վանատուրի «Բիբլիական Անձրեւները» Աստուածային կատարելութեան եւ մարդու անկատարութեան մասին է, որը հանգամանաօրէն ներկայացրեց Խաչկարը: ԱՄՆ ՀԳՄ առաջին փոխնախագահը առանձնակի ուշադրութիւն էր դարձրել իր ելոյթում Վանտուրի «Շարական 10 Միլիոն Ձայնի Համար» պօէմին, որն էլ զեկուցողը համընդհանուր հարթութիւնների վրայ դրեց Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգութեան» հետ: Նոյն մարդկային արատները, դրանց պախարակումը, միայն այս անգամ վաղնջական ժամանակների, հեղինակը արհեստավարժօրէն բերել դիպցրել է արդի ժամանակներին, եւ արդէն իսկ զգում ես պօէմում հայ աւանդական հերոսների շունչը, ժողովրդի հեւքն ու ներկայութիւնը, ապա եւ ժամանակիս անցուդարձը իր ողջ տարածքով՝ Արցախեան պատերազմի հերոսներից մինչեւ «Սասնայ ծռեր» ու «Հաց բերող» Արթուր, կառավարական բազկաթոռներից մինչեւ ընդվզումի բոցով տոգորուած ժողովուրդ: Եւ այս ամէնը հաղորդւում է պօէմում դիւցազնական ձայնով խորունկ վիհից, ժողովրդի ձայնով՝ դրան որպէս արձագանգ, ապա եւ տեսիլների տեսքով պօէմի սիւժէն ու դրանք միմեանց կապող միջանկեալ այբ, բեն գիմը: Բանախօսը նաեւ ներկայացրեց Վազգէն Վանատուրի կեանքի համառօտ կենսսագրութիւնն ու կանգ առաւ նրա այլ ստեղծագործութիւնների ու աշխատանքային գործունէութեան վրայ:
Ռուսաստանի Դաշնութեան Բնական գիտութիւնների ակադեմիայի անունից, որի ԱՄՆ մասնաճիւղի ղեկավարն է Սուրիկ Ղազարեանը, Խաչկարը «Իր մասնագիտութեան մէջ ակնառու ձեռքբերքւմների համար» Ստեֆան Հոլդիչի ոսկէ մեդալով պարգեւատրեց Վազգէն Վանատուրին եւ յանձնեց ԱՄՆ ՀԳՄ «Սուրբ Գրիգոր Լուսուորչ» մեդալը:
Խաչկարի գրած առաջաբանը այնքան մատչելի ու հասկանալի էր, որ իրենից յետոյ ելոյթ ունեցողներն անպայման նշում էին այդ մասին, որովհետեւ այն իրօք արժանի էր բարձր գնահատանքի:
Գրողների միութեան մի քանի անդամներ ընթերցեցին Վանատուրի ստեղծագործութիւնները, բարեմաղթանքի եւ շնորհաւորանքի խօսքեր ուղղելով հեղինակին: Ասմունքով հանդէս եկան Աննա Խլղաթեանը՝ «Եւ Արտասւում Է Սրբապատկերը», Սվետլանա Տօնապետեանը՝ «Թագաւորաց Տուն»,
Արմենուհի Բոյամջեանը՝ «Դեղին Ծաղիկ», Սիլվա Մանուկեանը՝ «Մեր Ներս Ու Դրսի Տրոյական Ձին», Ռուզաննա Մխիթարեանը՝ «Ծէս-թարգմանչաց Տօն», Աննա Սերոբեանը՝ «Սպիտակ Վարդեր» ստեղծագործութիւններով:
Հետաքրքիր, հումօրով համեմուած ելոյթներ ունեցան Վոլոդեա Գրիգորեանը, Սուրիկ Ղազարեանը, Արշամ Ղազարեանը, Դանիէլ Դաւիթը, Աշոտ Հեբոյեանը, Վահան Տօնապետեանը, Արաքս Նաւասարդեանը, Վահէ Մեսրոպեանը: Նրանք պատմեցին հեղինակի հետ իրենց առաջին հանդիպման եւ Վանատուր տաղանդի ու ստեղծագործութիւնների բարձրարժէքութեան մասին:
Բանաստեղծ Դանիէլ Դաւիթը Վազգէն Վանատուրին յանձնեց ՀՀ Գրողների միութեան պատուոգիրը «Շարական 10 Միլիոն Ձայնի Համար» պօէմի համար: Տողերիս հեղինակն իր ելոյթում նշեց, որ Վազգէն Վանատուրի «Շարական 10 Միլիոն Ձայնի Համար» պօէմը հասկանալու համար հարկաւոր է կարդալ նաեւ նախկին ստեղծագործութիւնները: Երբ կարդում ես վերնագիրը, թւում է, թէ հասկանալի է, թէ ինչ է ուզում ասել հեղինակը: Բայց այն կարդալով հասկանում ես, որ Վանատուրն օգտագործել է բոլորովին այլ բառապաշար, առաջին ընթերցման համար դժուար ընթեռնելի եւ դժուար հասկանալի: Նա իր ստեղծագործութեան մէջ օգտագործում է իր փիլիսոփայութիւնը, իր աշխարհըմբռնումը, իր գաղափարախօսութիւնը: Ու հասկանում ես, որ ճիշդ ըմբռնելու համար հարկաւոր է նորից ընթերցել, հասկանալու թէ՛ փիլիսոփայութիւնը, թէ՛ գաղափարախօսութիւնը: Ժամանակին աշխարահռչակ կինոբեմադրիչներ Ֆեդերիկօ Ֆելինին, Սերգէյ Փարաջանովը, Անդրէյ Տարկովսկին այնպիսի ֆիլմեր էին բեմադրում, որ լայն զանգուածների համար անհասկանալի էր նրանց փիլիսոփայութիւնը, գաղափարախօսութիւնը, կիրառուած այլաբանութիւնները, բայց նրանց ֆիլմերն էլ շահում էին ամենանշանակալից մրցանակները: Կարծում եմ, որ Վազգէն Վանատուրի ստեղծագործութիւններն էլ են այդպիսին: Պատահական չէ, որ նա բազմաթիւ մրցանակների է արժանացել: ՀՀ Գրողների միութիւնը պարգեւատրել է տարուայ լաւագոյն բանաստեղծի «Ոսկէ Եղէգ», տարուայ լաւագոյն բանաստեղծութեան «Ոսկէ Դափնի» եւ այլ մրցանակներով: Մրցանակներ ստանալով հանդերձ, ինքն իրեն չի գովազդում: Նոյնիսկ ԱՄՆ ՀԳՄ կողմից հրատարակուող պարբերականներում հազուադէպ է տպագրւում նրա բանաստեղծութիւնները, հանդէս չի գալիս հեռուստատեսութեամբ: Իր փոխարէն իրեն գովազդում են գրչակից ընկերները, ովքեր բազմաթիւ անգամ հրապարակաւ եւ մասնաւոր զրոյցներում հաստատում են, որ Վազգէն Վանատուրը տաղանդաւոր գրող է, նրա տաղանդն աւելի է, քան իրենցը: Այս կարծիքին են Կալիֆորնիայում ապրող շատ գրողներ, բանաստեղծներ եւ ընդհանրապէս մտաւորականներ, որոնց հետ առիթ եմ ունեցել զրուցելու, ովքեր ծանօթ են Վանատուրի ստեղծագործութիւններին: Աւելացնեմ նաեւ, որ «Շարական 10 Միլիոն Ձայնի Համար» պօէմը ներկայացուել է ՀՀ պետական մրցանակի:
Իսկ «Հաց բերող» Արթուր Սարգսեանի համար հանգանակած գումարը ամբողջութեամբ շուտով կը յանձնուի իր հարազատներին եւ այդ մասին հաղորդում կը լինի:
Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել մեր միութեան կին անդամներին, ովքեր այս հանդիսութեան համար իրենց պատրաստած համեղ ուտեստներն ու թխուածքներն էին բերել, ցուցադրելով իրենց յատուկ խոհարարական հմտութիւնները:
Առանձնայատուկ շնորհակալութիւն նաեւ յարգարժան, բարեացակամ Նշան æաղացպանեանին, ով իր հարկի տակ սիրայօժար հիւրընկալեց գրողների միութեան անդամներին:
ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ՝ ԱՄՆ ՀԳՄ եւ ՀՀ Լրագրողների միութեան անդամ
(Լուսանկարները կատարուել են Մարտին Շիրինեանի կողմից)