ՊՈԼԻՍ.- Ինչպէս յայտնի է, թուրքական պետութիւնը կրօնափոխ հայերի գործունէութեանն ու տեղաշարժերին հետեւել է ոչ միայն Ցեղասպանութեան ընթացքում եւ դրանից անմիջապէս յետոյ, այլ նաեւ՝ հանրապետական տարիներին: Արդ, «Ակունք»ը հրապարակում է մի պաշտօնական փաստաթուղթ, որը կրում է Թուրքիայի Հանրապետութեան երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնիւի ստորագրութիւնը: Փաստաթուղթը Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն գիտահետազօտական հիմնադրամին է տրամադրել այն թուրքական արխիւում յայտնաբերած ամերիկաբնակ պոլսահայ ուսումնասիրող Գէորգ Յակոբեանը, իսկ թուրքերէնից հայերէն թարգմանել՝ Մելինէ Անումեանը:
«Քանի որ արմատներով Քուշ (գտնւում է ներկայիս Թուրքիայի Գիրեսուն/Կերասուն նահանգի Չանաքչը գաւառ ում-«Ակունք»ի խմբ.) գիւղից ծագող, իսկ ներկայում Մարդինի նահանգի Քըզըլթեփէ գաւառին ենթակայ Իբրահիմիյէ գիւղում բնակուող եւ շրջիկ վաճառականութեամբ զբաղուելով՝ գիւղերում շրջող հայ՝ Պետրոսի որդի Ագիզարի եւ նրա կնոջ՝ 313թ. ծնուած՝ Ասլանի աղջիկ Քուդրեթինի պահուածքը կասկած է յարուցել, անթոյլատրելի է, որ նրանք ապրեն սահմանային շրջանում: Վճռուել է նրանց՝ դստեր՝ 337թ. ծնուած Լիսիյենի հետ միասին տեղափոխել ու վերաբնակեցնել Չորումում: Սոյն որոշումը Նախարարների խորհրդի կողմից կայացուել է 1942թ. Մայիսի 5ին, ներքին գործերի նախարարութեան կողմից 1942թ. Ապրիլի 17ին արուած թիւ 4080/356 առաջարկից յետոյ՝ 2848 թուակիր օրէնքի 6րդ յօդուածի երրորդ պարբերութեան համաձայն:
Հանրապետութեան նախագահ՝ Իսմեթ Ինոնիւ»:
«ԱԿՈՒՆՔ»