ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Ժողովուրդների պատմութեան անցած ճանապարհը հաստատում է, որ գաղութատէր ոչնչացնողները իրենց դարաւոր փորձառութեամբ գիտեն, ոչնչացնելով ժողովուրդների տարածքային իրաւունքները, ոչնչացնում են նրանց մարդկային եւ ազգային իրաւունքները, որը նրանք երբեք չեն կարողանում վերականգնել:
Երկրների կործանմանը, իրաւազրկման եւ տեղահանութեանը զուգընթաց կործանւում, աղաւաղւում է նրանց ազգային դիմագիծը, նրանց ինքնութիւնը: Մասնատւում, ընդհատւում է նրանց պատմութիւնը, լեզուի եւ աւանդոյթների զարգացումն ու շարունակութիւնը, փոշիանում են այդ ժողովուրդների մշակութային արժէքները:
Գաղութատիրութեան (colonialism) հին ձեւը, որն այսօր փոխարինուած է «նորո՛վ» արեւմտա-եւրոպականացման կողոպտիչ, կործանիչ քաղաքակականութեամբ, իր խորքով շատ աւելի միահեծան ու աւերիչ է, քան նախկինում:
Աշխարհի միակամ քաղաքական տէրեր դառնալով, այդ կողոպտիչները, տնտեսական իրենց հզօրութիւնը օգտագործում են, աշխարհաքաղաքականացում կոչուող նոր անուան տակ, իրենց ազգայինը պահպանելով, խորտակելու այլ ազգերի տնտեսութիւնը եւ յատկապէս նրանց ինքնութիւնը:
Ազգային ծագումը (Ethnocity) փորձում են փոխարինել արեւմտա-եւրոպանականցումով (westernization), երկրորդական-ստորադաս չափանիշ հաստատելով այլ ժողովուրդների ազգային արժէքում:
Այնինչ ժողովուրդների պատմութիւնը ստիպում է ընդունել, որ ազգային, ցեղային ծագումը՝ Ethnocity, որը որեւէ ժողովրդի ծագումնաբանութիւնն է, մերժում է այլընտրանք: Ազգայնութիւնը՝ ժողովրդի պաշտպանական մեխանիզմն է, որի փլուզման դէպքում կործանւում է տուեալ ազգը:
Բոլոր դարերում ժողովուրդները ապրել են ինքնաբաւ իրենց ազգայնութիւնը պահելով, իրենց մշակութային արժէքներով, իրենց ստեղծած ինքնութեամբ, որը զարգացրել են ըստ իրենց աշխարհաքաղաքական կերտուածքի, ներքին եւ արտաքին ազդակների ազդեցութիւնների, աշխարհի հետ իրենց հաղորդակցութեան հնարաւորութիւնով, ըստ ազգի մտային կարողութեան մակարդակի:
Ի վերջոյ ազգայինը ձեւաւորւում է դարերի ընթացքին, աստիճանաբար, տուեալ ժողովրդի տարածքում, հիմնուելով նրա կեցութեան, ներքին զգայարանների ու մտածողութեան վրայ, որի հետեւանքով էլ ժողովուրդների ազգային դիմագիծը ոչ միայն իրենց մասն է կազմում, այլ ինչպէս վերը նշեցի, կերտման տարբեր պատմութիւն ու ժամանակաշրջան ունի եւ իւրաքանչիւրինը տարբեր է:
Ազգային դիմագծի, ինքնութեան անհրաժեշտութեան հարցը դեռ հնուց հետաքրքրել է անգամ յոյն փիլիսոփաներ՝ Պլատոնին, Պրոտագորասին, որոնք անհատական պատկանելիութիւնը, մարդկային հոգին ու մտածումը, անհատական եւ հասարակական դիմագիծը, ամբողջացրել են ազգային պատկանելիութեան մէջ:
Այսօր այդ յատկանիշները ոչ միայն արհամարհուած են, այլ աշխարհի հզօրները, քարտէզային նոր ձեւաչափերի հետ, փորձում են ոչնչացնել այդ յատկանիշները, իրենց ենթակայ ժողովուրդներին պարտադրելով ընդունել յօրինուած պատմութիւններ, բռնագրաւած տարածքների նոր տէրերի կողմից, նրանց «տեղայնութիւնն ու հնութիւնը» այդ գրաւուած երկրներում հաստատող: Չէ՞ որ, երկրին տիրանալը դեռ բաւական չէ, գոյութիւնդ այդ տարածքում փաստելու համար, պէտք է նաեւ այդ հողին կապող պատմութիւն ու մշակոյթ ունենաս:
Օրինակներից զաւեշտականը՝ Թուրքիոյ եւ Ադրբեջանի, աշխարհին հրամցուող նորանոր յօրինումներն են, հայկական հինաւուրց տարածքների վրայ իրենց «գոյութիւնը» հաստատո՛ղ: Աշխարհին քաջածանօթ օրինակ է նաեւ Իսրայէլի, Պաղեստինեան հողերում տիրկալ զգալը, դարերով հաստատուած իրական տէրերին՝ պաղեստինցիներին, բռնութեամբ, կոտորելով, նուաստացնելով այդ տարածքներից դուրս նետելու նրանց ջանքերը:
Մինչ Իսրայէլը փորձում է ամբողջովին սեփականացնել պաղեստինեան տարածքը, Թուրքիան վաղուց իրեն տէր է զգում ուրիշների հողերին տիրացած երկրում, ամէն տեսակի խաբէութեան դիմելով, նոյնիսկ ազգային հնադարեան պատմութիւն ստեղծում, փորձելով հաստատել իր տեղայնութիւնը այդ հողերում եւ յատկապէս հայկական տարածքում, քանի որ բիւզանդացիները չկան, յոյներն էլ երբեք պահանջատէր չեղան: Սակայն, ինչպէս ամերիկացի քաղաքականագէտ Սամուէլ Ֆիլիպ Հանթինկթընն է բնորոշում. «Թուրքիան պատռուած երկիր է, ըստ իր ազգային դիմագծի։ Քաղաքական ղեկավարները կարող են պատմութիւն յօրինել, բայց չեն կարող փախչել պատմութիւնից: Նրանք ստեղծում են պատռուած երկիր, նրանք չեն կարող քաղաքակրթութիւն ստեղծել: Նրանք վարակում են իրենց երկիրը մշակութային շեզոֆրենիայով, որը դառնում է իրենց շարունակական եւ բնորոշ նկարագիրը»: (S. Huntington, Clash of Civilizations and the Remaking of World Order)
Բայց քանի որ աշխարհը կողոպտող ու ձեւաչափի ենթարկողները նաեւ ժողովուրդների «իրաւունքները» որոշողներն են, բնականաբար իրաւունքը կորցրած ժողովուրդներին ոչ միայն հնարաւորութիւն չեն տալիս ապացուցելու նրանց կեղծիքը, այլ հայցուող ժողովուրդներին զրկում են իրենց իրաւունքները վերագտնելու հնարաւորութիւնից:
Արեւմտահայութեան տարածքների իւրացումը եւ այդ տարածքներից հայութեան բնաջնջումը, եւ մինչեւ օրս՝ 102 տարի անց, դեռ արդար հատուցում չստանալը, աշխարհում տիրող անարդարութեան ամենափայլուն ապացոյց փաստն է:
Համատարած անարդարութիւնների անընդունելիութիւնը այսօր ոտքի է հանել Միջին Արեւելքի կոտորուող մահմետականներին ընդդէմ արեւմուտքի: Սակայն ցաւօք՝ նրանք իրենց վրէժը սովորական անմեղ ժողովուրդից են լուծում, կարծելով, որ այդպիսով աշխարհի ուշադրութեանը կ՛արժանացնեն իրենց կործանուող վիճակը եւ աշխարհը կ՛օգնի կասեցնելու իրենց երկրների կործանարար պատերազմը: Այնինչ, հզօրները նրանց պահանջը լռեցնելու համար, «թերորիստ» որակաւորումով, աւելի են սրում ժողովրդներին նրանց դէմ, որն այս դէպքում կրկին օգնում է հզօրներին արդարացնելու իրենց կործանարար գործողութիւնները, է՛լ աւելի անհնարին դարձնելով «արդարութեան» հասնելու նրանց ձգտումը:
Իւրաքանչիւր անգամ, անմեղ մարդկանց վրայ նրանց նոր յարձակումների լուրը լսելիս, ես աւելի եմ գնահատում իմ ժողովրդի ներքին կրթութիւնն ու իմաստուն զսպուածութիւնը: Իմ ժողովուրդը Ցեղասպանութեան ամենդաժան ճանապարհը անցնելուց յետոյ էլ, մի բուռ մնալով, այն էլ ցիր ու ցան, առանց երկրի ու առաջնորդի, երբեք աշխարհի ուշադրութիւնը իր վիճակի վրայ կենտրոնացնելու համար անմեղ անձի չսպանեց: Նոյնիսկ ցեղասպանութեանը գործակցած ազգերից ոչ մէկի վրայ գնդակ արձակեց: Իր ցասման ու վրէժի լուծման մէջ անգամ մնաց մեծ ու վեհանձն, մնաց նպատակասլաց: Նա միայն վրէժ լուծեց իր ժողովրդին բնաջնջած, իր երկիրը յօշոտած մարդասպան առաջնորդներից եւ նրանց արարքը քօղարկող գործիչներից:
Մինչդեռ ցաւալիօրէն, աշխարհը, մեր ազգի վրէժը լուծած հերոսներին էլ, նոյն թերորիստ դասակարգումի տակ դնելով, միտումնաւոր վարկաբեկեց նրանց սխրանքը: Մենք էլ ազգովին, ի սկզբանէ օտարամոլ լինելով, աշխարհի կարծիքից սարսափած, լռութեան մատնեցինք նրանց ազգանուէր անգնահատելի գործը, այն դէպքում, երբ պէտք էր այդ անունները պաշտամունք դառնային մեր ազգի համար: Չէ՞ որ նրանք վերականգնեցին մեր ազգային պատկանելութեան այն ջիղը, որով ազգերը յաղթում ու հաստատում են իրենց գոյութիւնը՝ իրենց ազգային դիմագիծը: Պէտք էր նրանց անունները ոսկէ տառերով, արդէն փորագրուած լինէր առանձին յուշաքարի վրայ, Եղեռնի Յուշարձանի ելքին, որ իւրաքանչիւր այցելու միլիոնաւոր հայութեան կորուստը յաւերժացնող յուշարձանից դուրս գալուց յետոյ, կարդար այն հերոս հայորդիների՝ Սողոմոն Թեհլիրեանի, Միսաք Թորլաքեանի, կրկնակի հերոսներ՝ Արամ Երկանեանի եւ Արշաւիր
Շիրակեանի, Պետրոս Տէր Պօղոսեանի, Արտաշէս Գէորգեանի, նոյնպէս այդ ծրագիրը պատրաստողներից Շահան Նաթալիի անունները, որոնք արդար դատ էին տեսել, այդ յուշարձանի գոյութեան համար պատասխանատու թուրք մարդակեր պարագլուխներից, որոնց արիւնոտ ծրագրի հետեւանքն է այդ յուշարձանի գոյութիւնը՝ աշխարհի առաջին ամենազարհուրելի Ցեղասպանութեան համար կերտուած:
Այսօր այդ նոյն յուշարձան է այցելում մեծ ոճրագործ Ճեմալի թոռը, բայց չի կարմրում իր ցեղասպան պապի չարագործութիւնից, չի լսում հարիւր հազարաւոր որբերի աղերսանքը, քանզի ոչ մի տեղ չի կարդում իր ազգասպան մեծ հօր սեւ տառերով անունը եւ նրա կողքին՝ ոսկէ տառերով, նրա դատը տեսնողների՝ Պետրոս Տէր Պօղոսեանի եւ Արտաշէս Գէորգեանի անունները:
Վաղը միգուցէ Էնվերի, Թալաթի, Պեհաէտտինի, Ճեմալ Ազմինի, Սայիտ Հալիմի եւ նրանց արիւնակից միւս հայակերների թոռ ու ծոռները, կամ հայակեր այլ թուրքերի շառաւիղներ այցելեն մեր այդ յուշակոթողը: Նրանք պէտք է որ կարդան աշխարհի մեծագոյն չարագործների սեւ անունների կողքին մասնաւորապէս նրանց վերացնողների անունները, որ հասկանան իրենց արիւնակիցների ոճրի անանցանելիութեան եւ այդ ոճիրների հատուցման արդար վերջաբանը: Հասկանան, որ ով ձեռք բարձրացնի հայի դէմ, նոյն արդար պատժին կ՛արժանանայ: Չէ՞ որ դեռ ազգովին ժխտում են իրենց գործած ոճիրները: Իրենց համար այդ ոճրագործները հերոսներ են, որոնց արձանները կանգնեցնում են ոչ միայն ուրիշներից գրաւած, իրենցը հռչակած հողերում, այլ նաեւ օտար հողերի վրայ, ուր փորձում են խարիսխ նետել:
Բանաւոր հնչած խօսքերը կարող են հերքուել, իսկ քարէ արձանագրութիւնները յաւերժ են, դիտողի հայեացքում տպուող, տեսանելի: Ինչո՞ւ իրենք ոճրագործ լինելով, չեն վախենում աշխարհի կարծիքից, հերոսացնում են ժողովրդասպաններին, իսկ մենք զոհ լինելով, վախենում ենք ոճրագործ աշխարհից, մեր իրական հերոսներին, մեր հողերում մեծարելուց, որոնք մեր դատի առաջատար մարտիկները դարձան:
ՀՅԴ երիտասարդութիւնից դուրս, գինովախառն երգից դուրս, փորձէք հարցնել հայ երիտասարդի, Հայաստանում եւ Հայաստանից դուրս, տեսէք թէ քանի՞ հոգի գիտեն այդ հերոսների անունները:
Ամէն տարի խուռներամ բազմութեամբ, այդ երիտասարդութիւնը եւ նրանց հետ միասին հազարաւոր մարդիկ, մտնում են այդ յուշարձանը, իրենց տուրքը մատուցելու մեր զոհերին: Իսկ մեր հերոսներին ե՞րբ ենք մեր տուրքը մատուցելու: Չէ՞ որ նրանց վրէժը ազգային էր, ոչ անձնական: Չէ՞ որ 102 տարի անց էլ դեռ մենք քայլ չենք արել մեր պահանջատիրութեանը հասնելու:
Պատկերացնո՞ւմ էք ինչ մեծ կորուստ պիտի լինէր մեր ժողովրդի համար, եթէ Դաշնակցութիւնն էլ, այսօրուայ մեր կառավարութեան պէս, ձեռնածալ նստէր ու սպասէր «մեծահոգի» աշխարհի դատին: Որքան մեծ պիտ լինէր մեր կորուստը եթէ այդ կուսակցութիւնը չփայփայէր եւ մեզ չփոխանցէր նրանց անունները: Չպահպանէր ու ամէն տարի չմեծարէր Լիզպոնի մեր հրաշալի հնգեակի՝ Վաչէի, Սիմոնի, Սեդոյի, Արայի, Սարգիսի պաշտելի անունները, որոնք հայրենի հողում իսկ չծնուած, օտար հողերի վրայ հասակ առած, բայց ազգի դատը իրենց երակներում ներառած, իրենց երիտասարդ ծաղկուն կեանքը անվարան զոհաբերեցին հատուցման մեր դատին: Մենք շնորհակալ ենք ՀՅԴից, ոչ միայն մեր ազգի վրէժի հատուցման, այլ մեր հերոսների յիշատակը փառաւորելու, նրանց ոգին նոր սերունդներին փոխանցելու համար:
Բոլոր ժամանակներում, սերունդները կրթւում ու հասունանում են իրենց ժողովրդին իրենց կեանքը նուիրաբերած, նրան ծառայած զաւակների գործերով: Դրա փայլուն օրինակը Արցախեան մեր նորօրեայ հերոսների հսկայ փաղանգն է, որոնք առանց վարանման զոհաբերեցին իրենց կեանքը մեր հայրենի փոքրիկ տարածքը ազատագրելու եւ մինչեւ օրս անձեռնմխելի պահելու համար:
Ազգի հաւաքական յիշողութիւնը մեծ դեր է խաղում, իր երկրի ամրապնդման, նրա պահպանման, անձեռնմխելիութեան գործում:
Ցաւով պիտի արձանագրենք, որ հայերիս մօտ որքան ուժեղ է անհատական յիշողութիւնը, այդքան եւ աւելիով տկար է մեր հաւաքական յիշողութիւնը: Մեր ժողովուրդը յիշաչար է իրար հանդէպ գործած ամենաաննշան սխալի համար, բայց փոխարէնը՝ յիշողազուրկ, ես կ՛ասէի, նոյնիսկ ալզայմրով (Alzheimer) տառապող, երբ հարցը վերաբերւում է հաւաքական յիշողութեանը: Դրա փայլուն օրինակները ե՛ւ մեր պատմութեան ընթացքն է հաստատում, ե՛ւ մեր մօտակայ անցեալը, ե՛ւ մեր նորօրեայ պատմութիւնը:
Իւրաքանչիւր անգամ, երբ կարդում, մտածում եմ թէ ինչ նուաստացումներով է ապրել իմ ժողովուրդը թուրքի բռնապետութեան տակ, մեր հողային պահանջներից առաջ ուզում եմ հատուցում պահանջել մեզ այդքան երկար նուաստացած պահելու, մեր հաւաքական յիշողութիւնը ոչնչացնելու համար: Ուզում եմ պահանջել մեր ժողովրդի հաւաքական յիշողութեան կորուստի գինը: Պահանջել նրանցից ամենակարեւորը՝ մեր ժողովրդի դիմագծի աղաւաղման հատուցման գինը, նրան ստորացած պահելու, որպէս պատանդ օգտագործելու գինը: Մինչեւ օրս մեր հայ համայնքները ահ ու սարսափի մէջ պահելու, մահմետականացած հայութեան խտրականութեան մէջ պահելու գինը:
Երբ մտածում եմ, թէ ինչպէս կոտորածից անմիջապէս յետոյ, կենդանի մնացած մեր մտաւորականութիւնը ետ վերադարձաւ Պոլիս, ականատես լինելով հանդերձ, ոչ միայն իրենց հայրենակիցների անմարդկային կոտորածին, այլ մտերիմ մտաւորական ընկերների չարաչար յօշոտմանը, մէկ անգամ եւս համոզւում եմ, որ մեր միլիոնաւոր զոհերի հետ յօշոտուել է նաեւ մեր հաւաքական յիշողութիւնը:
Եթէ յօշոտուած չլինէր, նրանք չէին վերադառնայ եւ ծառայի նոյն ազգակեր արիւնարբուներին, անապատից փրկուածները ետ չէին վերադառնայ իրենց հողերը՝ Մարաշ, Ատանա, Մուսա լեռ եւ այլուր, չէին հաւատայ կրկին ո՛չ թուրքին, եւ ո՛չ այլեւս որեւէ օտար խոստումի, քանի որ բոլորից էլ չարաչար խաբուել էին, այն էլ իրենց կեանքերի ու իրենց ինչքերի գնով: Եթէ մեր հաւաքական յիշողութիւնը կորցրած չլինէինք, այսօր մեր ժողովրդի թիւը աւելի մեծ կը լինէր եւ մենք կորցրած չէինք լինի մեր ազգային դիմագծը:
Մենք, միշտ զբաղուած լինելով փրկել մեր կեանքը, երբեք չենք ուսումնասիրել ու ճանաչել մեզ նուաստացումի ու սարսափի մէջ պահող տիրակալին՝ թուրքին: Երբեք չենք վերլուծել մեր վիճակը, նոյնիսկ այսօր չենք վերլուծում:
Փոխարէնը մեզ ամբողջովին ուսումնասիրած բռնակալը, հազարաւոր անգամներ փորձելով մեզ՝ համոզուելով, որ որքան կոտորել ու նուաստացրել է, այնքան աւելի ենք խոնհարուել ու ենթարկուել իրենց, հետեւաբար մեզ բնաջնջելու ծրագիրը իրագործել են մտածուած, հեռանկարային ծրագրով՝ մեր ժողովրդին կոտորելով հատուած առ հատուած: Նախ վերացնելով ազգի պարագլուխներին, յետոյ տղամարդկանց եւ բնակչութեան անպաշտպան հատուածին, ապա ոչնչացնելով նրանց ստեղծած արժէքները՝ մատենագրութիւնները, յուշարձանները, պաշտամունքի վայրերը, որ տուեալ ազգը այլեւս իրեն վերածնելու սնունդ չունենայ:
Այսօր մենք ականատես ենք, թէ ինչպէս են այդ նոյն սկզբմունքով մեր աչքի առաջ ոչնչանում ազգերն ու երկրները:
Թուրքը երբեք չկորցրեց իր հաւաքական յիշողութիւնը, նա ազգովին գործում է նոյն անապատային գիշատիչ, ուրիշ ազգերին ոչնչացնելով, նրանց սեփականութեանը տիրանալով ծաւալուելու եւ այդ ամէնը հանգիստ հերքելու սկզբմունքով:
Իսկ մե՞նք… իսկ մենք որպէս հաւաքական յիշողութիւնը կորցրած ազգ, միայն Ապրիլից-Ապրիլ ենք յիշում մեր դէմ կատարուած անպարագրելի, ոչ մէկ չափանիշի ենթարկուող Ցեղասպանութիւնը, եւ դեռ յոխորտալով մեղադրում ենք այն երկրներին, որոնք մերժում են մեր Ցեղասպանութիւնը ընդունել, կամ դրա դէմ պատժելի օրէնքներ չսահմանել: Մենք դեռ օտարների վրայ մեր յոյսը դրած՝ սպասում ենք, թէ ե՞րբ է մեր Ցեղասպանութեան հարցը լուծուելու:
Նոյնիսկ 102 տարի անց դեռ շարունակում ենք կատարուած Ցեղասպանութիւնը փաստել, մեծ յուզումով ու երախտապարտութեան զգացումով ենք ընդունում որեւէ պետութեան կողմից մեր Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչում-ընդունումը:
Ե՞րբ ենք ինքներս Ցեղասպանութեան փաստի հաստատումից ազատագրուելու եւ բոլոր պատնէշները քանդելով՝ վերջապէս հատուցման հարցը բարձրացնելու: Ե՞րբ ենք պետական օրինագիծ դարձնելու մեր պահանջատիրութեան հրամայականը:
Միթէ՞ մեր հաւաքական յիշողութեան բացակայութեան ապացոյց չէ մեր պահանջատիրութեան այս ծոյլ անտարբերութիւնը:
1965թ. հողային պահանջի ազգային զարթօնիքից 52 տարի անց, մենք բաւարարւում ենք քայլարշաւներով, ամիսներով հրատարակում այդ քայլարշաւների գունեղ պատկերները, գոհանում հրապարակային ընդունուած միտինգներով, անպայման օտար ներկայացուցիչների սրտառուչ ստայօդ ճառերով, օտար քաղաքական մի քանի գործիչների խոստումներով եւ գոհանում նրանց օգտագործած Ցեղասպանութիւն բառով, որն այսօրուայ վայրագ աշխարհում կորցրել է այլեւս երբեմնի իր ազդեցիկ իմաստը:
Բաւարարւում ենք Եղեռնի Յուշարձանի մէկ օրեայ համաժողովրդական երթով եւ այս ամէնով սահմանափակում մեր պարտականութիւնը Ցեղասպանութեան հանդէպ: Այսինքն միայն մեր զոհերին մատուցած յարգանքով:
Բայց չէ՞ որ մենք միայն միլիոններով չենք յօշոտուել, մեր հսկայական տարածքներն ու ունեցուածքներն են բռնագրաւուել: Մեր սերունդներին պատկանող ունեցուածքներն ենք կորցրել, որով մինչեւ այսօր ապրում ու հարստանում են մեր թշնամու սերունդները:
Ստիպուած եմ կրկին շեշտելու՝ ինչո՞ւ հրեաները տարածք չկորցնելով, երկիր ստացան իրենց մի քանի միլիոն ոչնչացման դէմ, իսկ մենք վախենում ենք նոյնքան միլիոնաւոր մեր զոհերի հետ միատեղ, դեռ գոյութիւն ունեցող, դեռ մեր հարազատների հետքերը պահող տարածքների եւ մեր հաստատութիւնների իրաւունքները պահանջելու: Թէ՞ մեր կորուստը միայն Սիսի կաթողիկոսութիւնն էր, որի համար յայտ է ներկայացրել հպարտօրէն յայտարարում ենք Արամ կաթողիկոսը եւ սպասում անպատասխան լուծումի եւ որի անպատասխան սպասումի լուրերն ենք հպարտօրէն լսում ու բաւարարւում:
Գուցէ մեր յոյսը դրել ենք «արթնացող» մի քանի թուրք մտաւորականութեա՞ն վրայ, որ նրանց միջոցով հասնենք մեր խնդրահարոյց հարցերին, որի մէջ անշուշտ, իսպառ, բացակայում է ՊԱՀԱՆæԱՏԻՐՈՒԹԻՒՆԸ։
Յիշեցնեմ, որ 70 միլիոն հաշուըւող թուրք ժողովրդի միայն մի տասնեակ մտաւորականներ, որոնց մի մասն էլ հայկական ծագում ունեն, փորձում են արծարծել Ցեղասպանութեան հարցը միայն:
Աշխարհը նոր ընթացքի մէջ է, իսկ մենք ընդհանրապէս կորցրել ենք մեր ընթացքը: Պետութիւն ունենք, առանց պետական մտածողութեան, որը ծառայում է միայն իր շահերին: Ժողովուրդ ունենք առանց հողի անհրաժեշտութեան գիտակցութեամբ, որը փախչում է իր հայրենի հողից: Հաւանաբար այդ է մեր պահանջատիրութեան չգոյութեան հիմնական պատճառը: Եթէ ժողովուրդը կապուած չէ իր ներկայ երկրին, ապա ինչո՞ւ իզուր աշխատել երկրորդը ձեռք բերելու համար:
Ցաւալիօրէն իրարյաջորդ մեր երեք նախագահների համար երբեք հարց չդարձաւ մեր պահանջատիրութիւնը:
Որքան հնարաւոր է նրանք սրեցին իրենց անհատական յիշողութիւնը, նմանատիպ ազգակործան գործակիցներ ընտրելով, պետական ողջ կազմը ծառայեցրին իրենց անձնական շահերին, կողոպտելով երկրի ժողովրդին պատկանող բոլոր հարստութիւնները, երբեք չմտածելով վերականգնել ժողովրդի հաւաքական յիշողութիւնը: Չէ՞ որ նախագահների առաջնահերթ պարտականութեան մէջ է մտնում՝ ծառայել ժողովրդին, այսինքն վերականգնել նրանից խլուած ամէն ինչ՝ նրա տարածքները, պահպանել դրանք, վերականգնել կորցրած դիմագիծը, աղաւաղուած անցեալը, նրանից խլուած ե՛ւ անցեալ, ե՛ւ ներկայ իրաւունքները:
Սակայն, ինչպէս տեսնում էք, մեր նախագահներից ոչ մէկը չծառայեց ժողովրդին, այլ ընդհակառակը՝ ժողովրդին իրենց ծառան դարձրեցին:
Դարաւոր մեր ստրկութիւնը բռնակալների լծի տակ կարծես քիչ էր մեր դիմագիծը խախտելու, մեր հաւաքական յիշողութիւնը ոչնչացնելու, հիմա էլ անկախացած մեր կառավարութիւնն է իր հերթին ոչնչացնում այն: Սակայն ինչպէս տեսնում ենք, նրանց ձեռնտու է մեր հաւաքական յիշողութեան կորուստը: Քանի որ եթէ դա ունենայինք, մենք հաշիւ էինք պահանջելու մեր առաջին նախագահից՝ ԼՏՊից, իր գլխաւոր խորհրդական՝ Ժ. Լիպարիտեանից, եւ իր միւս ազգակործան, յանցագործ գործակալներից՝ սովի, ցրտի, մութի, նուաստացման տարիների պարտադրանքի, երկրի ազգային ողջ հարստութիւնը օտարների եւ իրենց անձնական շահերի վաճառքի համար, ազատագրուած Արցախը Ադրբեջանի կամքին ծառայեցնելով նրան բանակցութիւնների քաշքշուկների մէջ մխրճելու, Արցախը հայրենի երկրին չմիացնելու, մեր Ցեղասպանութիւնը ժխտելու, հայակեր Աթաթուրքի գերեզմանին խոնհարուելու, Հոկ. 17ի նախճիրը կազմակերպելու, ժողովրդի մեծագոյն, իր երկիր վերադարձած կուսակցութեանը՝ ՀՅԴ, իր հողից վտարելու, որպէս օտարերկրեայ գործակալ երկիրը պառակտելու, ժողովրդի մասսայական արտագաղթի համար, մեր անկախացած երկիրը այնպիսի սխալ հիմքերի վրայ դնելու համար, որ մինչեւ օրս չեն կարողանում ուղղել:
Եթէ հաւաքական յիշողութիւն ունենայինք՝ հաշիւ էինք պահանջելու մեր երկրորդ նախագահ Ռ. Քոչարեանից եւ Օսկանեանից, յաղթանակած Արցախի տարածքների զիջման համար բանակցութիւններ վարելու եւ այն կախման մէջ պահելու, ժողովրդի ունեցուածքը ագահօրէն իւրացնելու, նրանց կարիքները արհամարելու համար:
Հաշիւ էինք պահանջելու նաեւ երկրի երրորդ նախագահից, Ս. Սարգսեանից, արտգործ նախարարից, նրա ողջ կազմից, մեր տկար քաղաքականութեան մէջ, տանուլ տուող ֆուտբոլային մտածողութիւն ներմուծելու, թուրքերի հետ անպահանջ համաձայնագիր կնքելու ձգտումի եւ մինչեւ օրըս հայկական կողմի ստորագրութիւնը այդ համաձայնագրից ետ չվերցնելու, Արցախեան մեր տարածքների զիջման համաձայնուելու, Ապրիլեան վերջին պատերազմում մեր կորցրած 800 հեկտար սահմանամերձ հողատարածքը ոչինչ համարելու, այդ պատերազմում մեր կորուստների հիմնական մեղաւորներին չպատժելու, ժողովրդի ունեցուածքը կողոպտելու եւ բռնատիրութեամբ իրենց պաշտօններին կառչելու համար:
Ես ամօթով էի լսում մեր նախագահի ելոյթը ՄԱԿի համաժողովում, երբ Արդբեջանի ներկայացուցիչը մեղադրում էր հայկական կողմին Արցախի հողերը իւրացնելու, նաեւ Թուրքիայից եւ Վրաստանից հողեր պահանջելու համար: Մեր նախագահը, իր վանկարկուող հայերէնով, հանգիստ հերքեց՝ յայտարարելով, որ ինքը երբեք թուրքիային հողային պահանջներ չի ներկայացրել, որն անշուշտ անհերքելի իրականութիւն է, եւ որ Արցախի տարածքները դեռ բանակցութիւնների գործընթացի մէջ են: Իմ երկրի նախագահը, փոխանակ Մարդկային իրաւունքի այդ ամբիոնը օգտագործելով՝ յայտարարեր, որ ինքը մեղաւոր չէ, որ իր երկրի ճակատագիրը այդպէս է դասաւորուել, տարածքները բոլորին յայտնի Ցեղասպանութեան պատճառով բաժան-բաժան են եղել, մի մասը իւրացուել է թուրքերի կողմից: Արցախը Ստալինի կողմից է յանձնուել Ադրբեջանին, Վրաստանի մեր հողերը նոյնպէս: Իր ժողովուրդը 70 տարի
Սովետական լծի տակ հնարաւորութիւն չի ունեցել պահանջելու դրանք: Թէեւ ինքը չի յարուցել այդ հարցը, բայց վստահ է, որ անպայման եկող սերունդներն են այդ հարցը բարձրացնելու: Այսպիսով, եթէ վախենում էր իր կեանքից, գոնէ «մեղքը» կը նետէր ապագայ սերունդների վրայ եւ իր կեանքը կը փրկէր:
Ինչպէ՞ս է լինում, որ գերմանացի մի Օզդեմիր, գերմանական թրքամոլ խորհրդարանում, չվախենալով իր կեանքից, մեր Ցեղասպանութիւնն է ընդունում, իսկ մեր նախագահը արդարանում է, աշխարհի առջեւ հերքելով մեր պահանջատիրութեան իրաւունքը (եզրակացութիւնը թողնում եմ ձեզ)։
Ես դեռ ոչ մի կերպ չեմ կարողանում ըմբռնել, թէ՞ ինչպէս մեր իրարհաջորդ երեք նախագահները բոլորը մէկը միւսից առաւել ազգայնութիւնից զուրկ դուրս եկան. ինչպէ՞ս բացատրել նրանց ապազգային յատկութիւնը, այն էլ այն դէպքում, երբ վերջին երկու նախագահները Արցախեան ծնունդ են: Ինչպէ՞ս է, որ իր հողում չծնուած երիտասարդները Լիզբոնի հերոսներ են դառնում, իսկ սրա՞նք…
Մեր խորհրդարանական վերջին ընտրութիւնները էլ աւելի շեշտեցին մեր ժողովրդի հաւաքական յիշողութեան բացակայութիւնը:
Այսօր ժողովուրդը ոչ միայն չի յիշում նրանց յանցագործ անցեալը, այլ նաեւ քուէարկում է յանուն նրանց: Քուէարկում է, քաջ գիտենալով, որը վաղը բողոքելու է նրանց դէմ: Այո, մեր ժողովուրդը կորցրել է իր դիմագիծը եւ մենք վախենում ենք այդ հարցը շօշափելու:
Մեր ժողովուրդը թշնամութեամբ է լեցւում ռուսի դէմ, Արդբեջանին զէնք վաճառելու համար, բայց երբեք թշնամութեամբ չի լեցւում Ֆրանսացու դէմ, որից գնուած զէնքերի մի զգալի մասով նահատակուեցին Արցախի մեր զինուորները անցեալ Ապրիլին: Մեր ժողովուրդը չթշնամացաւ նրանց դէմ նոյնիսկ, երբ արեւմտահայութեան մի մասը նրանց խոստումներով վստահեցուած, ետ վերադարձան եւ նրանց աչքերի առջեւ երկրորդ անգամ կոտորածի ենթարկուեցին:
Աւելի անկեղծանալով նշեմ, մենք նոյնիսկ թշնամի չենք նկատում մեզ ոչնչացրած, աննկարագրելի ստորութեան ենթարկած թուրքերին: Այո, մենք վախենում ենք ընդունելու, որ մենք սիրում ենք ծառայել մեզ կոտորողներին: Եթէ ոչ ինչո՞վ բացատրել մեր ժողովրդի խելակորոյս երթը Թուրքիա, նրանց տներում ծառայելը, երիտասարդուհիների մարմնավաճառքը մի քանի գռոշի համար, չյիշելով իրենց նախնիների լլկումն ու խողողուելը նոյն այրերի պապերի կողմից, որոնց վաւաշոտ հաճոյքներին գոհացում են տալիս առանց վիրաւորուելու: Կամ էժան գնով նրանցից ապրանք բերելն ու մեր ժողովրդին առանց քաշուելու թանկ գներով վաճառելը: Միթէ՞ այս ամէնը չի խօսում մեր աղաւաղուած դիմագծի մասին: Մենք վախենում ենք այդ մասին բարձրաձայն արտայայտուելու:
Վախենում ենք ընդունել, որ թուրքերի, սովետների ամենավատ ազդեցութիւններն ենք կրում մեր մէջ, որ գործում ենք իրար դէմ, չենք հանդուրժում իրար, վկան անցեալ եւ ներկայ ներգաղթողների հանդէպ ցուցաբերած տեղի բնակչութեան վերաբերմունքը: Սիրիայի պատերազմից փախչող մեր հայրենակիցների հանդէպ տրամադրուածութիւնը: Այսօր արդեօք վատ չի զգում ժողովուրդը, որ իր հայրենակիցները դեռ սուրիական պատերազմի ռմբակոծումների տակ են, գազախեղդ վտանգի տակ: Հայրենիք ունենալով հանդերձ, ինչո՞ւ մեր հայրենակիցները դեռ վտանգի տակ պիտի լինէին: Մտածո՞ւմ ենք, որ մի ամբողջ սերունդ ենք աճեցնում այդ սոսկալի ռումբերի տակ: Միթէ՞ չէր կարող մեր երկիրը պահպանել նրանց, ապահովութեան տեղ տալով իրենց երազած հայրենիքում:
Մի կողմից քննադատում ենք կառավարութեան, բողոքում օրէնքի բացակայութեան դէմ, միւս կողմից շրջանցում ենք ամէն օրէնք, երբ հարցը անձնական շահերին է վերաբերւում: Վախենում ենք քննադատել մեր կուսակցութիւններին, մեր եկեղեցուն, մամուլին, մեր լեզուն արհամարողներին, վախենում ենք ընդունել մեր բացերը: Վախենում ենք քարացած պատնէշներն ու սահմանները աւերելու, սրտաբացօրէն կրօնափոխուած հայութեանը մեր մէջ ընդունելու: Ամենակարեւորը՝ վախենում ենք ընդունել, որ երկրում դեռ չենք ազատագրուել սովետական հոգեբանութեան վարակից, որը մերժում է ազգայինը եւ որը մեր չարիքի գլխաւոր պատճառն է:
Չենք վախենում միայն հողատարածք յանձնելուց, ազգային գիտակցութիւն ու լեզուն կորցնելուց, իրար չհանդուրժելուց, երկրից փախչելուց, պահանջատիրութիւնը արհամարհելուց:
Որքան անտեսում ենք մեր թերութիւնները, այնքան կորցնում ենք մեր ազգային եւ հաւաքական գիտակցութիւնը, որը եւ մեր պահանջատիրութեան ամենամեծ հարուած հասցնողն է:
Մենք ունենք աճող երիտասարդութեան նախանձելի ուժ, որին անուշադրութեան ենք մատնել: Երկրից դուրս ՀՅԴ է այդ միսիան իր վրայ վերցրել, իսկ երկրում նոյն կուսակցութիւնը դարձել է միւս կուսակցութիւնների կրկնօրինակը: Հողի վարա՞կն է, որ փոխում է բոլորին, թէ բոլորը կարծում են, հողի վրայ ապրելը բաւական է ազգային մնալու համար: Ազգային շտեմարանը անվերջ թարմացուելու, լեցուելու եւ առաջնորդուելու հոգատարութիւն է պահանջում:
Ինչպէս վերը նշեցի, ազգային ինքնութիւնը ոչնչացնող այս արագընթաց դարում, այն պահպանելու, ժողովրդի հաւաքական յիշողութիւնը արթնացնելու, գործող ուժ դարձնելու միակ պայմանը, անհատի եւ ժողովրդի ազգային գիտակցութեան զարգացումն է: Դրա իմացութեան խորութիւնն է ամրացնում երկիրը, պահպանում լեզուն ու ազգային հարստութիւնները, յղկում ժողովրդին, պահպանում տարածքները, ձգտում վերադարձնել սերունդներին իրենցից խլուած իրաւունքները:
Ազգին եւ սերունդներին պատկանող իրաւունքները առ ու ծախի ապրանք չեն կառավարութեան կամ մեծ տէրութիւնների շահերին ծառայող: Ազգայինը դարերի աշխատանք է, դարերից մեզ փոխանցուած եւ իւրաքանչիւր սերունդ պարտաւոր է այն պահպանելով, աւելի յղկելով, հարստացնելով, իր իրաւունքները չզիջելով յանձնել յաջորդող սերունդներին: Մէկ սերունդի զիջումը, յաջորդ սերունդների իրաւունքների անվերադարձ կորուստն է:
102 տարիների թերացումի մեղադրանք կայ մեր անցած եւ եկող սերունդների կողմից մեր վրայ ծանրացած: Աշխարհին մեծ անուններ տուած մեր ազգը չկարողացաւ այս տարիներում պահանջատիրութեան լուրջ ծրագիր մշակել եւ այդ ծրագրով գործել: Չկարողացաւ «հացի խնդրից» ազատագրուել եւ իր ճանապարհը որպէս պահանջատէր երկիր ամրացնել: Նոյնիսկ անցնող 25 տարիներում չկարողացաւ Արցախի անձեռնմխելիութիւնը ապահովել:
Մեր դէմ գործուած ամենամեծ Ցեղասպանութեան 102րդ տարելիցին, կրկին ազգովին գլխիկոր ենք, թերացած մեր իրաւունքների պահանջման մէջ, թերացած մեր ազգային պարտականութեան մէջ:
Այս ամէնը մեզ ստիպում է աւելի լուրջ մտածել մեր հաւաքական յիշողութեան վերականգման, մեր ստրուկի հոգեբանութիւնից, քաղաքական անզիջում հոգեբանութեան ձեռք բերման, այօրուայ եւ ապագայ ազգային ծրագրերի մասին, մեր գալիք սերունդների անզիջում իրաւունքների մասին:
Ստիպում է լաւատեսօրէն հաւատալ թմբիրից ու ստրկամտութիւնից երբեմն արթնացող մեր ոգուն:
Ստիպում է նաեւ հաւատալ Շահան Նաթալու պատգամի իրագործումին. «Անսասան կը հաւատամ, թէ հայ հրաշագործ ոգին պիտի գտնէ Վահագնի նիզակն ու խրէ կոկորդը արնախում գազանի: Սիրեցէ՛ք ձեր զէնքի աստծուն, եւ նա առատօրէն վարձահատոյց կը լինի ձեզ»:
5 Ապրի, 2017թ
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Տոքթ. Վահագն Արսլանեան եւ ընտանիք
Ի Յիշատակ մեր ծնողներուն՝ Արամ եւ Տիրուհի Աւետեաններուն Հրայր եւ Սոնա Աւետեաններ
Դոկտ. Օննիկ եւ Քրիսթին Քէշիշեաններ եւ Զաւակը՝ Նարեկ
ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ – ՀՈԼԻՎՈՒՏ
Հոլիվուտի Ս. Կարապետ Մայր Եկեղեցի
Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգ. Վարժարան
ՀՕՄի «Մարի Փոսթոյեան» Մանկամսուր
ՀՄԸՄի Լոս Անճելըսի Մասնաճիւղ
ՀՕՄի Հոլիվուտի «Մայր» Մասնաճիւղ
ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» Կոմիտէ
ՀԵԴ «Մուսա Լեռ» Ուխտ
ՀՅԴ «Թեհլիրեան» Պատանեկան Միութիւն
Հոլիվուտի Հայ Դատի Յանձնախումբ
Արդարութիւնը պիտի վերականգնի.
Մենք պիտի տիրանանք մեր հողերուն.
Ուրիշ տարբերակ չկայ.