ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ
Պատմական գիտութիւնների թեկնածու, Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան Պետական մանկավարժական համալսարանի նախկին դասախօս, դոցենտ, յարգարժան Իլյիչ Սնխչեանի յուշապատումը, որն ամփոփուել է «Դեսից Դենից» խորագրով գրքում ոչ թէ լոկ վերյուշեր են, այլ մեր անցած տարիների սեղմ, բայց շատ բովանդակալից, նուրբ հումորով համեմուած պատմութիւններ, որոնք կարդալով ակամայ վերադառնում ես քո անցած տարիներին եւ համաձայնւում ու համոզւում, որ դու էլ հաւանաբար նոյն ձեւով կը մեկնաբանէիր այդ իրադարձութիւնները: Այդ պատմութիւններում հեղինակը նորութիւններ չի ասում, նա ուղղակի շարադրում է այդ տարիների կարեւորագոյն դէպքերը, որոնք տուեալ ժամանակահատուածում իրօք ամենանշանակալիցն էին:
Գրքի սկզբում պարոն Սնխչեանը ներկայացնում է ՀՀ տարբեր շրջանների եւ բնակավայրերի վերաբերեալ ժողովրդական, ճիշդ եւ դիպուկ ասուած խօսքեր, որակումներ, անեկդոտներ եւ ընթերցողին տրամադրում ազատ, անկաշկանդ, ինչ որ տեղ «հաւեսով» ընթերցման: Նա իր մէջբերուած հումորային պատմութիւններով ոչ թէ ցանկանում է սպանիչ սատիրայով ծաղրել ՀՀ տարբեր շրջանների բնակիչներին, այլ մարդկանց տրամադրում է հաճելի ընթերցման: Ընդ որում, հեղինակն առաջին հերթին նկարագրում է իր ապրած շրջանի, գիւղի այն հումորային, բացասական երեւոյթները, դիպուածները, որոնցով նրանք «ճանաչուած» են եղել հայրենիքում:
Վերլուծել, կարծիքներ յայտնել բոլորն էլ կարող են, բայց այն պէտք է ներկայացուի այնպիսի պատշաճ ձեւով, որ ոչ ոք չվիրաւորուի, ոչ ոք թշնամութիւն, հակակրանք չդրսեւորի գրողի հանդէպ: Այդ պատմութիւնները ոչ ոք գրի չի առել, դրանք կատարուած դէպքեր են, որոնք բերնէ-բերան ասելով տարածել են այդ պատմութիւնների առանցքում յայտնուած մարդիկ, ովքեր կամայ թէ ակամայ բնորոշել են իրենց շրջանի, իրենց գիւղի կենցաղը, մարդկանց միամտութիւնը, չհաշուարկուած ու չհիմնաւորուած գործողութիւնները:
Պարոն Սնխչեանի յիշողութիւնները հիմնականում խորհրդային տարիների մասին է, որոնց մասին յիշում է մի քիչ հաճոյքով, մի քիչ ափսոսանքով, մի քիչ քննադատաբար, մի քիչ զարմացած… Բայց դրանք նաեւ բանահիւսութեան ժանրից են եւ շատ արժէքաւոր՝ կարծում եմ: Հետաքրքիր է, դրանք ինչ որ տեղ հրապարակուած ե՞ն, թէ ինքն անգիր է յիշում… Եթէ դրանք չեն հրատարակուել, ուրեմն արժանի են աւելի բազմակողմանի ուսումնասիրման: Դրանք կարելի է դասել ազգային բանահիւսութեան «գոհարների» շարքին:
Առանձին ուշադրութեան են արժանի պարոն Սնխչեանի հանդիպումները հայ անուանիների հետ: Նրանց միջեւ կատարուած պատմութիւնները, խօսակցութիւնները առանձնակի են նրանով, որ մենք՝ ընթերցողներս աւելի լաւ ենք սկսում ճանաչել մեր քաղաքական գործիչներին, գիտնականներին, երաժիշտներին, դերասաններին… Այդ յիշողութիւնները կարդալով սկսում ես նախանձել, սկսում ես յարգել, սկսում ես երանի տալ նրան, որ հանդիպել, խօսել է այնպիսի մարդկանց, այնպիսի հեղինակութիւնների հետ, ովքեր փնտռուած էին այն ժամանակներում: Այդ անուանիներին իրենց ապրած տարիներում շատերն են տեսել, ակնածանքով հայեացքներ գցել, բայց ոչ բոլորին է յաջողուել նրանց հետ շփուել, նրանց հետ զրուցել եւ նոյնիսկ պատմութիւնների մէջ «ընկնել»:
Շատ պատմութիւններ, յիշողութիւններ նկարագրւում են իր մասնագիտութեան՝ պատմութեան տեսանկիւնից՝ ինչ որ տեղ քննադատաբար, ինչ որ տեղ ափսոսանքով, ինչ որ տեղ մեղադրելով, ինչ որ տեղ բացատրելով:
Որոշ պատմութիւններ՝ յատկապէս ընկերների հետ կատարուածները իւրայատուկ ջերմութեամբ են նկարագրւում, զգացւում է հեղինակի կարօտը դէպի իր ընկերները, հարազատները, բարեկամները…
Պարոն Սնխչեանին ճանաչողները ընթերցելով այս գիրքը, կարծում եմ, կը հաստատեն, որ իրենք էլ հէնց այդպէս են ընդունել Իլյիչին, հէնց այդպէս էլ պատկերացրել են նրա պատմութիւնները: Ինքն իր պատմութիւններով, յիշողութիւններով ոչ թէ ցանկանում է իրեն ներկայացնել, իրեն մեծարել, թէ տեսէք ում հետ եմ ընկերութիւն արել, ում հետ եմ հանդիպել, այլ այդ յիշողութիւնները ներկայացւում են սովորական զրոյցների, առօրեայ խօսակցութիւնների տեսքով: Նա չի ցանկանում իր յիշողութիւններով բարձրանալ մարդկանց աչքում, նրա նպատակը դրանց հաղորդակից դարձնելն է, դրանց ճիշդ գնահատականը տասնեակների հեռաւորութիւնից: Իրադարձութիւնները նա ոչ միայն ներկայացնում է, այլ բացատրում, թէ ինչու է այդպէս կատարուել, ինչ նպատակներ են դրանք հետապնդել, ինչ հետեւութիւններ են կատարուել: Որոշ դէպքերում էլ՝ զայրոյթով եւ դժգոհութեամբ է ներկայացնում այն դէպքերը, որոնք առնչուել են հայութեանը՝ հայրենադարձներին, հայկական հարցերին, հայութեան ապագային: Հիացմունքով է խօսում այն քաղաքական գործիչների մասին, ովքեր դրական, գնահատելի գործեր են կատարել Խորհրդային Հայաստանի եւ հայութեան համար: Հիացմունքով է ներկայացնում այն դէպքերը, որոնք իր եւ պետութեան համար նշանակալից են եղել դրական առումով, դրանց միջոցով պետութիւնը, ազգը որոշակի առաջընթաց է ապրել, կամ իր կեանքի մէջ որոշակի որակական ազդեցութիւն են թողել:
Պետութեան, ազգի ճակատագրով մտահոգ մտաւորականն իր անհանգստութիւններն է արտայայտում կատարուած դէպքերի առնչութեամբ: Կարծես իր անզօրութիւնից՝ որ չի կարող անմիջական մասնակիցը լինել ՀՀում կատաւող իրադարձութիւններին, նա իր մտահոգութիւններն ու ցանկութիւններն է արտայայտում բացասական երեւոյթների նկատմամբ, որոնք մեծ արձագանգ են գտնում թէ՛ ՀՀում, թէ՛ Հայկական Սփիւռքի գաղթօջախներում:
Միանշանակ դժգոհ է ՀՀ այսօրուայ իշխանութիւններից եւ իշխանաւորներից, որոնց համեմատում է անցեալի այն գործիչների հետ, որոնց անունները ժողովրդի շուրթերից չէր իջնում, որոնց անունով էին երդւում ժամանակակիցները: Նա յաճախ գրում է, որ իրեն բախտ է վիճակուել հանդիպել կամ զրուցել այսինչ մարդու հետ եւ դա գրում է ոչ թէ համեստութեամբ, այլ իրօք, որպէս անակնկալ, որպէս բաղձանք: Նա դրանով չի հպարտանում, նա այդ մասին ցանկանում է տեղեկացնել ընթերցողին, թէ ինչպիսի մարդիկ են նրանք եղել, ինչպէս կարելի է նրանց բնութագրել, ինչպիսին կարելի է եւ պէտք է նրանց ճանաչել:
Ընթերցողը կարող է երբեմն չհամաձայնուել հեղինակի մեկնաբանութիւններին, տարբեր դէպքերի, մարդկանց բնութագրելու առնչութեամբ: Բայց կարդալով գիրքը, անպայման կը թարմացնի իր յիշողութիւնը մեր ոչ հեռաւոր անցեալի մասին, կը վերաիմաստաւորի անցած իրադարձութիւնները, նորովի կը գնահատի քաղաքական գործիչներին, անուանի մարդկանց: Այդ մարդկանց, իրադարձութիւնների յիշատակումը այս յօդուածի էջերում, կարծում եմ, կրկնութիւն կը լինէր, որն այս յօդուածի հրապարակման նպատակը չէ: Յօդուածի նպատակը հեղինակին ներկայացնելն է այն յատկանիշներով, ինչպիսին ինքը կայ, ինչպիսին յօդուածագիրն է տեսնում՝ ներկայացնել նրա յուշերը, ժամանակագրութիւնը այնպէս, ինչպէս յօդուածագիրն է ընկալում: Շատ հետաքրքիր՝ նոյնիսկ քրքջալու աստիճանի պատմութիւններ կան, բայց դրանք պէտք է կարդալ, այլ ոչ թէ լսել վերապատմողից, ով կարող է ներկայացնել ոչ այնպէս, ինչպէս բնագրում է, ինչպէս պատմում է ականատեսը, մասնակիցն այդ պատմութեան:
Տողերիս հեղինակը, յարգելի ընթերցող, չնշեց ոչ մի անուն, չյիշեց Իլյիչ Սնխչեանի ոչ մի հարազատի, ոչ մի ընկերոջ, ոչ մի նշանաւոր մարդու, քաղաքական գործչի: Դա կատարուել է բնականօրէն, առանց որեւէ չբացատրելի միտումի: Նիւթը շարադրուեց այսպէս, որպէսզի ընթերցողն ինքը հետաքրքրուած լինի գրքում արժանիօրէն եւ ուղղակի ժամանակագրութեան առումով տեղ գտած հերոսներով՝ ճանաչի Իլյիչ Սնխչեանի ընկերներին, հարազատներին, քաղաքական գործիչներին, անուանի մարդկանց, ում մասին նա յիշատակում է: Այո, նրանք իրօք հետաքրքրական անձնաւորութիւններ են, մեր ժամանակակիցները, որոնց մի քանիսի հետ ինքս էլ եմ հանդիպել եւ խօսել, ովքեր հետք են թողել, իրենց արժանի տեղն են գտել ոչ միայն Խորհրդային Հայաստանի, հայերի, այլեւ աշխարհի պատմութեան վրայ: Ընթերցողը դրանում կը համոզուի, շատ մեկնաբանութիւնների հետ անպայման կը համայաձայնուի պատմաբան Սնխչեանի հետ, հասկանալով եւ գնահատելով նրան, որպէս մեր ժամանակակից, ում բախտ է վիճակուել հանդիպել մեր ժամանակների հայ երեւելիների հետ, զրուցել նրանց հետ: Իսկ մեզ՝ ընթերցողներիս էլ այժմ բախտը ժպտացել է այն առումով, որ մենք Իլյիչի ժամանակակիցն ենք, նրա հումորով համեմուած խօսքի, պատմութիւնների, կատակների ու անեկդոտների ունկնդիրը: Շատ մարդկանց հետ ենք հանդիպում մեր կեանքում, բայց ոչ բոլորի հետ է յաջողւում զրուցել, բաւականութիւն ստանալ եւ արձանագրել, որ այդ օրդ բովանդակալից անցաւ, այդ օրը դրական լիցքեր ստացար վաղուայ օրուայ սպասումով: