«ՆԻՈՒԶ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ «ԱԿՕՍ»Ի ՀԱՅԵՐԷՆ ԲԱԺԻՆԻ ԽՄԲԱԳԻՐ ԲԱԳՐԱՏ ԷՍՏՈՒԿԵԱՆԻ ՀԵՏ
Սահմանադրական փոփոխութիւնների հանրաքուէի արդիւնքները մտահոգիչ են: Այս մասին «Նիուզ»ին տուած հարցազրոյցում ասել է Ստամբուլում լոյս տեսնող «Ակօս» հայկական շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկեանը՝ անդրադառնալով Թուրքիայում նախօրէին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխութիւնների հանրաքուէին, որի արդիւնքներով «Այո»ն ստացել է 50 տոկոսից աւելի ձայն:
«ՆԻՈՒԶ».- Պարոն Էստուկեան, ինչպէ՞ս էք գնահատում Թուրքիայում Կիրակի տեղի ունեցած հանրաքուէն: Ձեր կարծիքով՝ ի՞նչ փոփոխութիւններ են սպասւում երկրի ներքաղաքական կեանքում:
ԲԱԳՐԱՏ ԷՍՏՈՒԿԵԱՆ.- Այս հանրաքուէով Թուրքիան աւելի մենատիրական համակարգ է դառնալու, խորհրդարանական համակարգից անցում կատարելով նախագահականին՝ Էրդողանն աւելի մեծ իրաւասութիւն է ստանալու: Ժողովրդավարութեան առումով սա նահանջ է նշանակում, գիտենք, թէ Էրդողանն ինչ տեսակ քաղաքական գործիչ է, այդ իսկ պատճառով այս հանրաքուէի արդիւնքները մտահոգութիւն են պատճառում մեզ: Ուրախ չենք այս արդիւնքով:
«ՆԻՈՒԶ».- Հիմա ի՞նչ վիճակ է Թուրքիայում, արդեօք բողոքի ցոյցեր են անցկացւո՞ւմ:
ԲԱԳՐԱՏ ԷՍՏՈՒԿԵԱՆ.- Վերջին հաշուով բոլորս էլ ստիպուած ենք ընդունել այս արդիւնքները, քանի որ հասարակութեան 51 տոկոսից աւելին կողմ է քուէարկել այս փոփոխութիւններին: Ստիպուած ենք համակերպուել:
«ՆԻՈՒԶ».- Այսօր արդէն Էրդողանը խօսել է մահապատժի մասին: Ի՞նչ է սա նշանակում. Թուրքիան յետընթա՞ց է ապրելու սահմանադրական փոփոխութիւններից յետոյ:
ԲԱԳՐԱՏ ԷՍՏՈՒԿԵԱՆ.- Այո, այդպէս ասել կարելի է: Առաջին հերթին, Թուրքիայի ժողովրդավարութիւնը կապուած էր Եւրամիութեան անդամակցման գործընթացի հետ, բայց այս գաղափարից յստակօրէն կարելի է ասել՝ հեռանում ենք ոչ թէ հէնց այսօր, այլ այս ընթացքում որդեգրուած քաղաքականութեան միջոցով, իսկ այս հանրաքուէով էլ վերջակէտը դրուեց: Արդէն որոշուած էր, որ Եւրամիութեան անդամակցութեան գաղափարից յետ կանգնեն, հետեւաբար, ժողովրդավարական սկզբունքների նահանջ ենք ապրելու, իսկ մահապատժի գաղափարն էլ սրա ամենաորոշակի փաստերից մէկն է: Մահապատիժը տարիներ առաջ վերացուել էր, սակայն Էրդողանը դարձեալ մտածում է այն վերականգնելու մասին: Չգիտեմ՝ մահապատիժը կը վերականգնուի, թէ ոչ, սակայն սա կոնկրետ նահանջ է նշանակում:
«ՆԻՈՒԶ».- Հայ-թուրքական յարաբերութիւններում որեւէ առաջընթաց կարո՞ղ ենք ակնկալել:
ԲԱԳՐԱՏ ԷՍՏՈՒԿԵԱՆ.- Դրական բան ակնկալել պէտք չէ. նախագահ Էրդողանը բաւականին արկածախնդրութիւններ սիրող անձնաւորութիւն է իր քաղաքական գործունէութեան մէջ, հետեւաբար, Թուրքիա-Հայաստան յարաբերութիւնների մէջ էլ նա կարող է ցանկացած պահի լարել իրավիճակը, ինքն այդ յանդգնութիւնն ունի:
Նշենք, որ Թուրքիայի սահմանադրութեան փոփոխութիւններով խորհրդարանական կառավարման ձեւից անցում է կատարւում նախագահականի: Նախագահի լիազօրութիւնները զգալիօրէն ընդլայնւում են, վարչապետի պաշտօնը՝ վերացւում, իսկ նախագահն իրաւունք է ստանում նշանակել փոխնախագահին, նախարարների, դատաւորների եւ դատախազների կոլեգիայի անդամներին:
Խորհրդարանականների թիւը 550ից 600 կը դառնայ, իսկ թեկնածութիւն կարող են առաջադրել 18 տարին լրացած քաղաքացիները՝ նախկինում սահմանուած 25ի փոխարէն: Խորհրդարանի եւ նախագահի լիազօրութիւնների ժամկէտ է սահմանւում 5 տարին, բայց պետութեան ղեկավարը պաշտօնը կարող է ստանձնել ոչ աւելի, քան 2 անգամ անընդմէջ: Սահմանադրական փոփոխութիւնների ընդունման դէպքում նախագահի եւ պատգամաւորների ընտրութիւնները կ՛անցկացուեն 2019 թուականի Նոյեմբերի 3ին: