ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայ Դատի Գլենդելի յանձնախմբի կողմից զօրակցութիւն ստացած բոլոր թեկնածուները յաղթեցին Գլենդելի քաղխորհրդի, Համայնքային քոլեջի խնամակալ մարմնի եւ Միացեալ կրթաշրջանի խորհրդի համար Ապրիլի 4ին կայացած ընտրութիւններում։
Առաջին անգամ ըլլալով, Միացեալ Նահանգների քաղաքներից մէկի կառավարող մարմնում հիմնական մեծամասնութիւն կը կազմեն հայերը՝ քաղխորհրդի հինգ տեղից զբաղեցնելով 4ը: Քուէաթերթիկների նախնական հաշուարկով, թեկնածուներ Արա Նաջարեանը (8305 ձայն) եւ Զարեհ Սինանեանը (7892), որ ունեն Հայ Դատի զօրակցութիւնը, ու Վրէժ Աղաջանեանը (7885) առաջ անցան քաղխորհրդի երեք թափուր տեղերի համար պայքարող միւս եօթ մրցակիցներից (Քաղխորհրդի անդամ է նաեւ Վարդան Կարապետեանը):
Միաժամանակ, Գլենդելի քաղաքապետարանի քարտուղար վերընտրուեց Արտի Քասախեանը (12,630), իսկ գանձապահ՝ Րաֆֆի Մանուկեանը (12,123):
Գլենդելի Համայնքային քոլեջի խնամակալ մարմնի ընտրութիւններում եւս, հայ անդամներից կազմուած մեծամասնութիւն կը լինի: Արդարեւ, վեց անդամից կազմուած խնամակալ մարմնի համար յաղթողներն են՝ Արմինէ Յակոբեանը (3075), Իվետ Վարդանեան-Դեւիսը (1685) եւ Էն Ռենսֆորդը (3539): Ներկայի հայազգի անդամներն են Վահէ Փիրումեանը եւ Էմին Ազարեանը: Նաեւ, առաջին անգամ հայկական մեծամասնութիւն կը լինի Գլենդելի Միացեալ կրթաշրջանի ղեկավար խորհրդում եւս. մրցակիցների նկատմամբ ձայների մեծ առաւելութեամբ խորհրդի անդամ վերընտրուեցին Գրեգ Գրիգորեանը (3030 ձայն), Արմինա Կարպետեանը (3165) ու առաջին անգամ այս պաշտօնում ընտրուեց Շանթ Սահակեանը (1891): Նայիրի Նահապետեանը խորհրդի ներկայի փոխնախագահն է:
Նշենք, որ ընտրութիւնների պաշտօնական արդիւնքները կը յայտարարուեն Ապրիլի 21ին: Հաշուի առնելով, որ հայ թեկնածուները, բոլոր պաշտօնների համար, առաջ անցան իրենց մրցակիցներից գերակշռող ձայներով, վերջնահաշուարկը էական նշանակութիւն չի ունենայ:
Ապրիլի 4ի երեկոյեան, քուէարկութեան աւարտից յետոյ, թեկնածուներն արդիւնքների հաշուարկին հետեւում էին իրենց համակիրների ու համայնքի ներկայացուցիչների հետ միասին: «Վերթիգօ» սրահում հաւաքուած Զարեհ Սինանեանի հիւրերի թւում էին քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ ու ընտրուած պաշտօնեաներ: Մեծ էր նրանց ուրախութիւնը, երբ պարզ դարձաւ իրենց թեկնածուի յաղթանակը: Ներկաները համոզում յայտնեցին, որ առաջիկայ տարիներին ականատես են լինելու նշանակալի բարեփոխումների, ինչպէս տեղի ունեցաւ Սինանեանի՝ քաղխորհրդի անդամ եւ քաղաքապետ լինելու տարիներին։
Համայնքի ներկայացուցիչները նաեւ յոյս յայտնեցին, որ Գլենդելի քաղխորհրդում հայկական մեծամասնութիւնը հնարաւորութիւն կ՛ընձեռի առաւել լսելի դարձնել հայ համայնքի ձայնը քաղաքում: «Չորս տարուայ ընթացքում պէտք է աշխատենք լաւագոյն ձեւով, յօգուտ Գլենդելի բնակիչներին, եւ ես նաեւ ուշադրութեամբ հետեւելու եմ, թէ ինչպէ՛ս են իրենց նախընտրական խոստումներն իրականացնելու յաղթած հայ թեկնածուները», նշեց Զարեհ Սինանեանը: (Սինանեանի ծրագրերի մասին կարող էք կարդալ «Ասպարէզ»ին տրուած բացառիկ հարցազրոյցում)
Գլենդելի ներկայի քաղաքապետ Փօլա Դիւայնը, ով զօրակցութիւնն էր յայտնել Զարեհ Սինանեանին, յոյս յայտնեց, որ իր թեկնածուն կը յաղթի եւ միասին կը շարունակեն աշխատանքը՝ Գլենդելի քաղխորհրդում: «Ո՛վ էլ յաղթի այս ընտրութիւններում, կարեւորն այն է, որ մենք միասին աշխատենք՝ ի բարօրութիւն քաղաքի բնակիչների ու Գլենդելի զարգացմա՛ն», նշեց Դիւայնը:
Շնորհաւորում ենք յաղթած թեկնածուներին, եւ մաղթում բեղմնաւոր գործունէութիւն:
Յայտնենք, թէ 13.671 ձայն ստացաւ, եւ այսուհետ կը կիրառուի քուէարկութեան դրուած Բանաձեւ Լ-ն (measure L), որը նախատեսում է քաղխորհրդի անդամների պաշտօնավարման ժամկէտի սահմանափակում: Ըստ այդմ, քաղխորհրդի անդամը չի կարող ծառայել աւելի քան երեք անգամ (չորս տարի ժամկէտով): Այս բանաձեւը կը սկսի կիրառուել ընդունման օրուանից: