Ծրագրի նպատակն է՝ աշխարհասփիւռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մէջ սերմանել ազգային ինքնութեան գիտակցութիւն, ծանօթացնել իր ժողովրդի աւանդոյթներին ու սովորոյթներին, հայ ընտանիքին:
Ծրագիրը 2017թ. մեկնարկում է Յունիսի 18ին եւ շարունակուելու է մինչեւ Օգոստոսի 26ը՝ 8 փուլերով (իւրաքանչիւր փուլը՝ 14 օր, որից 9 օրը՝ հիւրընկալող ընտանիքում, 4 օրը՝ ճամբարում): Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան երիտասարդները, ովքեր նախկինում չեն մասնակցել «Արի տուն» ծրագրին:
Ծրագրի ընթացքում երիտասարդները կարող են հիւրընկալուել բարեկամների տանը, իսկ նրանց բացակայութեան դէպքում՝ Երեւան քաղաքի վարչական շրջանների, ՀՀ մարզպետարանների եւ ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից ընտրուած ընտանիքներում: Երիտասարդներն ընտանիքներում հիւրընկալւում են անհատոյց: Ծրագրին մասնակցութեան համար խմբերի եւ անհատների հաւաքագրումը եւ Հայաստան այցելութեան գործընթացն իրականացւում է Սփիւռքի համայնքային կառոյցների, կրթօջախների, հայկական կազմակերպութիւնների կողմից՝ տուեալ երկրում ՀՀ դիւանագիտական ներկայացուցչութիւնների աջակցութեամբ: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել նաեւ անհատապէս՝ տեղեկացնելով համապատասխան համայնքային կառոյցին:
Հայաստան այցելող երիտասարդներն իրենց ճանապարհածախսը հոգում են սեփական կամ հովանաւորների միջոցներով:
«Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփիւռքի նախարարութիւնն ապահովում է երիտասարդների դիմաւորումը եւ ճանապարհումը, կազմակերպում է հայոց լեզուի դասընթացներ, այցելութիւններ թանգարաններ, շրջայցեր՝ Հայաստանի տեսարժան վայրերով: Ծրագրի ճամբարային փուլում կը կազմակերպուեն նաեւ ուսուցողական ծրագրեր. հայոց լեզուի, հայրենագիտութեան, ազգային երգի ու պարի դասընթացներ: Կը կազմակերպուեն հանդիպումներ Հայաստանի պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ եւ այլն:»
Մանրամասները՝ http://www.mindiaspora.am/am/eventscalendar/299: