ԼԵՒՈՆ ՄՈՒԹԱՖԵԱՆ
Աւիկ Դերէնց-Տէյիրմենճեանի անունը գրական շրջանակներին յայտնի դարձաւ նրա առաջին գրքի լոյս ընծայումից յետոյ: Գիրք, որը խոստումնալից էր, յոյս էր ներշնչում, որ գրականութիւն է գալիս ազգային բանաստեղծական աւանդոյթներին հաւատարիմ բանաստեղծ, ում համար ներշնչանք են դասական գրականութիւնը, նրանում գոյաւորուած գեղարուեստական արժէքները:
Բանաստեղծի ստեղծագործութիւնների մասին իրենց գնահատականներն են հնչեցրել «Մարմարա»ի նշանաւոր խմբագրապետ, ականաւոր գրող Ռոպէր Հատտեճեանը, բէյրութահայ բանաստեղծ Սարգիս Կիրակոսեանը, բան. գիտ. թեկնածու Անահիտ Յակոբեանը: Նրանք տեսել ու արժեւորել են այն առանձնայատուկն ու ինքնատիպը, որոնք բնորոշ են բանաստեղծին, արտացոլում են դէպի Լոյսն ու Հաւատն ունեցած նրա ընթացքը, մղումը: Բանաստեղծական նոր գրքի առաջաբանը հեղինակել է մեր ժամանակների տաղանդաւոր բանաստեղծներից մէկը՝ Գարուշ Հարեանցը:
Բանաստեղծական պաճուճանքներից, երկարաշունչ նկարագրութիւններից ու խոհերից հեռու է Աւիկ Դերէնցի քնարերգութիւնը՝ պարզ ու շիտակ, հիմնականում՝ աւանդական ձեւերի ու չափերի մէջ, հոգեհարազատ թումանեանական աւանդոյթին: Ուրեմն, բնաւ ուշադրութիւն չդարձնելով արդի քնարերգութեան մէջ տեղի ունեցող կերպարանափոխութիւններին, ձեւային նոր դրսեւորումներին, Աւիկ Դերէնցը ոչ միայն հաւատարիմ է մնում դասական բանաստեղծութեանը, այլեւ, սկիզբ առնելով նրանից՝ ձեւաւորում է սեփական ընկալումների եւ դիտումների, հոգեբանական թափանցումների ճառագայթները, մղւում դէպի սեփական յուզաշխարհը՝ իր ես-ից ծնունդ առնող զգացողութիւնները միախառնելով վաղուց ի վեր հաստատուած, ձեւաւորուած համամարդկային ընկալումներին:
Բանաստեղծի նոր՝ «Խաչարձան» ժողովածուի խորագիրն ինքնին նրա յայտն է, աշխարհին պարզուած իւրատեսակ ողջոյնը, որովհետեւ նա ուզում է խօսել Հաւատի ու Խաչի, այդ Խաչն իր վրայ առած արձանի անունից՝ նիւթականից զատուելով եւ մղուելով դէպի հոգեկանն ու Ոգեղէնը: Այս նոր գրքում զետեղուած են բանաստեղծի քառեակներն ու քառատողերը, խոկումները, որոնք մատուցուած են իւրովի՝ այբբենական կարգով՝ այս ձեւը դարձնելով բովանդակային իրողութիւն եւ մղում: Այս ձեւը նաեւ միջոց է՝ ինքնատիպ կապ ձեւաւորելու քառեակների եւ քառատողերի միջեւ, երբեմն դրանք ընկալելու իրենց իւրատիպ յաջորդականութեամբ, թեմատիկ միասնականութեամբ եւ կամ ընդհանրութեամբ: Քառեակը, որն իր ակունքներն առնում է միջին դարերից եւ մեր գրականութեան մէջ արեւելեան բանաստեղծութեան այս ժանրը կապակցում Նահապետ Քուչակի եւ Գրիգորիս Աղթամարցու անուններին, բարդագոյն չափածոյ ստեղծագործութիւն է, ուր միտքը պէտք է հասնի ինքնատիպ խտացման՝ աւարտական տողը վերածելով մտքի ու գաղափարի միաւորումն ու աւարտակէտը: Պատահական չէ, որ մեր գրականութեան մէջ հէնց Յովհաննէս Թումանեանը նոր շրջանում դիմեց քառեակին՝ այն հասցնելով կատարելութեան եւ ամբողջութեան: Ա. Դերէնցը եւս դիմել է քառեակներին՝ այս գրքում համադրելով քառեակներն ու քառատողերը, ձգտելով հասնել մտքի ու յոյզի ինքնատիպ-զարմանալի խտացումների: «Լուռ Աղօթք» է կոչել քառեակների եւ քառատողերի բաժինը՝ իրապէս իր աղօթքը յղելով ու արտածելով, իր ներքնակուտակ տրամադրութիւններն արտայայտելով, իր զրոյցը վարելով իր երկու ես-ի միջեւ: Նաեւ լուռ աղօթք, որովհետեւ բանաստեղծը չի ճչում եւ չի գոռում, հրապարակային չի դարձնում իր մտորումները, այլ խօսում է ինքն իր ու տիեզերքի հետ, քանզի բոլոր ճշմարտութիւնները տիեզերք են հասնում եւ չափւում տիեզերքով: Հէնց առաջին քառեակը նա ազգին է ձօնել՝ մէկ անգամ եւս հաստատելով սփիւռքահայի տագնապն ու անհանգստութիւնը: Միայն սփիւռքահայը կարող է նման խորութեամբ ու նաեւ ցաւի պրկումներով խօսել ազգի ու հայրենիքի մասին, քանզի ամէն մի սփիւռքահայ իր հոգում երկտակուած երկու աշխարհ է կրում, կրում է ազգի ու հայրենիքի երկու կերպար…
Ազգիս յոյսով տառապեմ՝
Երջանկութիւն կը կոչեմ,
Հողիս համար թէ զոհուեմ՝
Անմահութիւն կը կոչեմ…
Կարծես վաղուց ասուած բառեր են, մեր գրականութեան մէջ հանդիպող տրամադրութիւն եւ մտորում, սակայն Աւիկ Դերէնցի մօտ այս խոստովանութիւնը բոլորովին այլ հնչեղութիւն է ձեռք բերում, մէկ անգամ եւս հաստատում իմացեալ մահուան ու անմահութեան սերտակցութեան գաղափարը: Սփիւռքում ապրող բանաստեղծի համար ցաւ է պանդխտութեան եւ տարագրութեան թեման, ուծացումը, հայահեռացումը… Պանդխտութեան թեման յաւերժական է մեր գրականութեան համար, այն ազգային ճակատագրի ինքնայատուկ դրոշմն է, պատմութեան տխուր-սրտակեղեք «նուէրն» է: Ու բանաստեղծը բողոքում է, յուզւում, տրտնջում.
Վտարանդի ենք մեր բախտով անճար,
Ուր հանգրուանում, դառնում ենք օտար,
Ալեբախւում ենք այս պաղ ջրերում,
Տուն տանող ճամբան փնտռում, չենք գտնում:
Պարզ ու շիտակ են Աւիկ Դերէնցի բանաստեղծական տողերն ու տրամադրութիւնները, ամենախոր փիլիսոփայական մտածումն ու ընդհանրացումն անգամ մատուցւում են զարմանալի պարզութեան մէջ՝ այս դէպքում բացայայտելով-յայտածելով բանաստեղծի հոգու անմիջականութիւնը, ինչ-որ տեղ՝ մանկան հաւատն ու զարմանալու անպարագիծ կարողութիւնը… Պարզ ու մէկին, շիտակ ու յստակ տողերի տակ, սակայն, մտքի ու յոյզի մեծ կուտակումներ կան, կան մեծ ընդհանրացումներ, որոնց բանաստեղծը հասնում է անաղմուկ, իր լուռ աղօթքի նման…
Աւիկ Դերէնցն անհետացող գրականութեան ներկայացուցիչներից է: Անհետացող, որովհետեւ օրաւուր սփիւռքահայ գրականութիւնը դառնում է ճապաղ, սակաւ են նոր անունները, սակաւ են յայտնութիւնները: Միայն քչերն են հաւատաւորի ջերմեռանդութեամբ պահում-պահպանում մայրենի գրականութիւնը, ձգտում իրենց ստեղծագործութիւններով տակաւին կենսունակ պահել սփիւռքեան գրականութիւնը, որը, բարեբախտաբար, դեռեւս ունի նշանաւոր անուններ, մասնաւորաբար թատերգութեան մէջ ունի նորարարներ: Աւիկ Դերէնցն իր ստեղծագործութիւններով նորարար չէ, աւանդապաշտ է, գուցէեւ՝ պահպանողական:
Սակայն աւանդականութիւնն ու պահպանողականութիւնն այս դէպքում տեղաւորւում են գեղագիտականի եւ գեղարուեստականի սահմաններում, դառնում բանաստեղծի ստեղծագործական ինքնատիպութեան դրսեւորումը, առհաւատչեան, գրական հաւատամքը: